կարևոր
7342 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-27 14:13
Հասարակություն

Անմահացած անձնվեր վարորդը. 44-օրյա պատերազմի հերոս Սևակ Արթուրի Ալեքսանյանն այսօր կդառնար 22 տարեկան

Անմահացած անձնվեր վարորդը. 44-օրյա պատերազմի հերոս Սևակ Արթուրի Ալեքսանյանն այսօր կդառնար 22 տարեկան

Սևակ Ալեքսանյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում: Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 1 դպրոցը ավարտելուց հետո Ապարանի ավտոակումբում յուրացնում է վարորդի մասնագիտությունն ու արդեն 2019-ի հունվարի 31-ին  զորակոչվում բանակ` ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Իվանյանի զորամասում:

Փոքր տարիքում տարած վիրահատության պատճառով կարող էր և չծառայել, օրենքը դա նրան թույլ էր տալիս, բայց բժշկական  հետազոտությունների ժամանակ Սևակը ինքն է հրաժարվում այդ արտոնություններից և իր կամավոր ստորագրությամբ մեկնում է ծառայության:

Հայրը` Արթուրը, Սևակի մասին հիշում է.

-Աներևկայելի ընկերասեր տղա էր, հենց ազատ ժամանակ էր ունենում, միանգամից վազում էր ընկերների մոտ և շատ երկար ժամանակ էր անցակացնում նրանց հետ: Անգամ եղել է այնպես, որ ուշ գիշերին ես եմ գնացել իր ետևից, երբ հասել եմ տեղ տեսել եմ, որ ընկերոջ ընտանիքին օգնում է տան վերանորոգման աշխատանքներում: Այդպիսին էր ամբողջ հոգով անմնացորդ ընկերասեր:

Փոքր տարիքում, երբ հարազատները Սևակին հարցնում են, որ մեծանա ի՞նչ է դառնալու, վերջինս երեխային բնորոշ պարզությամբ և միամտությամբ պատասխանում է «ՀԵՐՈՍ»:

-Ծառայության զորակոչվելուց հետո, երբ տեսել էր Արցախը ասում էր այն փոքրիկ Հայաստանն է,- հիշում է հերոսի մայրը Թեհմինե Կիրակոսյանը:

Ի դեպ Սևակը Հադրութի պաշտպանության համար մղված մարտերում հերոսացած գնդապետ Հայկ Կիրակոսյանի (Ապարանցի Հայկո) քրոջ որդին էր: Ծառայության ընթացքում  մորեղբոր հետ անմիջական շփումներից հետո հստակ որոշել էր, որ  դրա ավարտից հետո մնալու է Արցախում և դառնալու է զինվորական:

44-օրյա պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ` սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգահարում է հորեղբոր դստերը` Արփիին, որի հետ շատ երկար զրուցում է, իսկ հաջորդ օրը իր ծննդյան օրն էր, և հարզատները ոչ մի կերպ չեն կարողանում կապ հաստատել  Սևակի հետ, կեսօրին միայն ինքն է զանգահարում խոսում շատ կարճ ասելով, որ ինքը շատ լավ է և ամեն ինչ լավ է լինելու: Այդպես մինչև հոկտեմբերի 7-ը, երբ հարազատներին այլևս չի հաջողվում կապ հաստատել Սևակի հետ:

Ծառայության ժամանակ Սևակը եղել էր վարորդ և պատերազմի օրերին անձնվիրաբար կատարել է իր վրա դրված պարտականությունները` ճիշտ ժամանակին ռազմաճակատի աաջին գիծ հասցնելով ռազմամթերք և այլ անհրաժեշտ իրեր, միաժամանակ իր վարորդական հմտությունների շնորհիվ հաջողությամբ մարտադաշտից դուրս էր բերում վիրավոր զինվորներին: Այդ ընթացքում Սևակը մի անգամ էլ վիրավորվում է, բայց հրաժարվում է  ստացիոնար բուժօգնությունից և անձնվիրաբար շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները: 

Իր նահատակվելու օրը Սևակին երկու անգամ  հաջողվում է անձնվիրության շնորհիվ վիրավոր զինվորերի դուրս բերել մարտադաշտից, որից հետո ստանում է զանգ, նրան հայտնում են վիրավորների նոր խմբին մարտադաշտից դուրս բերելու անհրաժեշտության մասին, հերոսը առանց երկմտելու գնում է առաջնագիծ, բայց  այս անգամ նրա մեքենան դառնում է թշնամու անօդաչու թռչող սարքերի թիրախ:

Անմահանալով Սևակն իր օրինակով ցույց տվեց հայրենի ամեն մի թիզ հողի համար անձնվեր պայքարելու կարևորությունը:

ՄՀԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ