կարևոր
14812 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-17 12:51
Հասարակություն

«Ես իմ երկրի հավերժ զինվորն եմ». այսօր Արցախյան պատերազմների հերոս Մհեր Հարությունյանի ծննդյան օրն է. նա կդառնար 49 տարեկան

«Ես իմ երկրի հավերժ զինվորն եմ». այսօր Արցախյան պատերազմների հերոս Մհեր Հարությունյանի ծննդյան օրն է. նա կդառնար 49 տարեկան

Այսօր Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից, հերոս, ազատամարտիկ, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Մհեր Հարությունյանի ծննդյան օրն է: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իր երիտասարդ տարիքի պատճառով մարտական ընկերների կողմից Ճուտ մականունը ստացած Հարությունյանը հանուն հայրենիքի ընկավ 2020 թ. հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը` իր զինակից ընկերների հետ կյանքի գնով պաշտպանելով և պահելով Արցախի հյուսիսարևելյան ռազմավարական կարևորագույն Վարնկաթաղի բարձունքը:

Մհեր Հարությունյանը ծնվել է 1973թ. նոյեմբերի 17-ին Հրազդան քաղաքում: Արցախյան շարժման առաջին օրերից եղել է իրադարձությունների կիզակետում:

Մարտական մկրտությունը ստացել է 1990թ-ի հունվարին Երասխավանի մարտերում: Նույն թվականի փետրվարին՝ մասնակցել է Վարդենիսի, Նոյեմբերյանի, Բերդի(Շամշադին) պաշտպանական մարտերին: ՀԱԲ-ի լուծարումից հետո՝ 1990թ-ի  նոյեմբերին 17  տարեկան հասակում անցել է ՀՅԴ շարքերը, 1991թ-ի ապրիլի առաջին օրերին մեկնել է Գետաշեն, որտեղ էլ ծանոթացել է Թաթուլ Կրպեյանի, Պետրոս Ղևոնդյանի, Կարոտ Մկրտչյանի հետ, Թաթուլ Կրպեյանի զոհվելուց և Գետաշենի անկումից հետո կարողացել է Գետաշենից դուրս բերել և զոհված ընկերների մարմինները և ողջ մնացած մարտիկներին, փրկելով նրանց անխուսափելի գերությունից: Այնուհետև եղել է Շահումյանում, որտեղ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը Շահեն Մեղրյանն էր: 1992թ-ի փետրվարին՝ Մալիբեյլի գյուղի ազատագրման ժամանակ երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել շարք և դարձել Շուշիի առանձնակի դաշնակցական գումարտակի մարտիկ: Սրխավենդի պաշտպանություն, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Վարանդայի(Ֆիզուլի), Սանասարի (Կուբաթլի), Կովսականի(Զանգելան), Ակնայի (Աղդամ)ազատագրական մարտեր՝ Մհեր Հարությունյանը մասնակցել է այս բոլոր ռազմական գործողությունների, անցել ամբողջ արցախյան պատերազմով:

1994թ-ին  Կարախանբեյլիում Ալբերտ Ալավերդյանի ծանր վիրավորվելուց հետո, նրան դուրս է բերել մրտադաշտից և շարունակել մարտը՝ պահելով դիրքերը մինչև օգնություն ստանալը: Մհեր Հարությունյանը ծառայել է հայոց բանակում մինչև 1998թ-ը ապա զորացրվել, սակայն չի դադարել ծառայել հայրենիքին, նա առաջին գծում էր նաև 2016թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ և  42 օրից ավելի մարտական ծառայություն էր իրականացնում առաջնագծում:

Հավատարիմ դաշնակցականի իր երդմանը՝  Մհեր Հարությունյանը հայրենիքի պաշտպանությունից անմասն մնալ չէր կարող նաև 2020թ-ի՝ այսպես կոչված 44 օրյա պատերազմի ժամանակ: Կամավորագրվելով ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ին՝ և ստանձնելով երկրորդ վաշտի հրամանատարի պարտականությունները՝ հոկտեմբերի 4-ին մեկնեց մարտադաշտ:

Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Դաշնակցության երկրորդ կամավորական վաշտը ազատագրեց Մարտակերտի և «Եղնիկներ»-ի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Վարնկաթաղի բարձունքը, անհավասար ու ծանր մարտերում իր երկու տասնյակից ավելի զինակիցների՝ Արշակի, Տավրոսի, Վիգենի, Աբրահամի, Քրիստափորի, Գևորգի ու շատ այլ նվիրյալների հետ հերոսաբար ընկավ նաև Մհեր Հարությունյանը՝ Շուշիի առանձնակի գումարտակի լեգենդար Ճուտը, ով իր մարտական ուղու մասին խոսելիս՝ համեստաբար ասում էր. «Իմ երկրի հավերժ զինվորն եմ»: