|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Ես ասել եմ եւ հիմա էլ եմ ասում` այս ամենի մեջ անձնական հաշիվների մաքրման բաղադրիչ կա»,- անդրադառնալով հանրության եւ Ճարտարապետների միության` իր նախագծերի նկատմամբ խիստ ընդգծված բացասական վերաբերմունքին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
«Ես ժամանակին առաջարկեցի Հյուսիսային պողոտայի նախագիծը, Ճարտարապետների միությունն առ այսօր դեմ է, առաջարկեցի ԱԺ ցանկապատը ապամոնտաժել, եւ այդ այգին դարձնել հանրային այգի, նույնկերպ միության կողմից խոչընդոտվեց, եւ այդպես շարունակ: Ստացվում է, որ երբ ես ինչ-որ բան եմ ասում, միության պազիցիան հակադիր պազիցիա է: Հետաքրքիր կլիներ մի օր լսել`իսկ ի՞նչ են իրենք ասում»,- հավելեց նա` կրկին նշելով, որ դա համարում է անձնավորված մոտեցում, եւ որ պատճառները խորքային են ու տարիների պատմություն ունեն:
Ճարտարապետների միությանը Ն. Սարգսյանը մեղադրեց անսկզբունքայնության մեջ` նշելով, որ ինքը մտածում է այլ կերպ, միությունը` այլ, եւ որ չի հավատում Հրապարակը փրկելու վերաբերյալ այդ մարդկանց մտահոգություններին. «Ումի՞ց են փրկելու` Թամանյանի՞ց...»:
Ինչ վերաբերում է լրագրողների այն դիտարկմանը, որ գլխավոր ճարտարապետի նախագծերին բացասաբար են վերաբերվում ոչ միայն շատ ճարտարապետներ, այլեւ հանրությունը, Ն. Սարգսյանը նկատեց. «Դուք դեռ չեք ապացուցել, որ հասարակությունը բացասական վերաբերմունք ունի, եւ ուրեմն` այն հարցը, թե որտեղից է գալիս այդ բացասական վերաբերմունքը, անհիմն է»:
Ապա նշեց, որ չի ուզում պատասխանել այդ հարցին. «Եթե այդպես եք մտածում, մտածեք»:
«Բազմաթիվ մտավորականներ իմ ընկերներն են եւ իմ կողքին են, այդ ամեն ինչի մեջ կա չարության, նախանձի բաղադրիչ: Ինչ վերաբերում է «Ֆեյսբուքի» խմբին, դա կեղծիք է. 2000 հոգի դեմ չկա: Ուղղակի կա ակտիվ մարդկանց մի խումբ, օրինակ, կա մի երիտասարդ, որը շատ ակտիվ նախաձեռնում է այդ ամենը. հանրային խորհրդի նախագահի փեսայի կարգավիճակը թույլ է տալիս կեղծիքներով ապրել, եւ ինքն է խոստովանում, որ սուտ է գրում»,- ասաց նա:
Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչն է պատճառը, որ այդ երիտասարդն իր դեմ արշավներ է կազմակերպում, Ն. Սարգսյանը նշեց. «Ես գիտեմ, իհարկե, թե ինչու է նա այդքան դեմ, բայց դա չեմ կարող ձեզ ասել»: