Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նյու Յորքի մարդու իրավունքների հանձնակատար Պատրիսիա Գեթլինգը գլխավորում է մի հանձնաժողով, որը զբաղվում է քաղաքի 8 մլն բնակչության իրավունքների պաշտպանությամբ:
Պ. Գեթլինգը 20 տարի աշխատել է քաղաքի դատախազությունում, զբաղեցրել է նաեւ դատախազի պաշտոնը: Ւսկ հանձնաժողովը ղեկավարում է արդեն 9 տարի:
Նրան հանդիպեինք ԱՄՆ պետդեպարտամենտի կազմակերպած «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում: Պ. Գեթլինգը զարմացած էր ԶԼՄ-ների դեմ հայաստանյան պաշտոնյաների «գրոհներից»: Ամերիկացի պաշտոնյան ինչ-որ առումով նաեւ «նախանձեց» մեր օլիգարխներին, որ ինքը զրկված է լրագրողներին դատի տալու իրավունքից:
Պատրիսիա Գեթլինգը ամեն օր մամուլի ուշադրության կենտրոնում է: Նրա մասին քննադատական հոդվածներ են գրում, ասելով` նույնիսկ զրպարտում են, բայց երբեւէ նրա մտքով չի անցել լրագրողին դատի տալ ու ֆինանսական պահանջով սնանկացնել լրատվամիջոցին:
«ԶԼՄ-ները կարող են այսօր քեզ սիրել, իսկ վաղը` ատել: Ինչի մասին ուզում են` թող գրեն, դա իրենց իրավունքն է: Ես հասարակական գործիչ եմ, ուշադրության կենտրոնում եմ, բնական է, որ իմ մասին պիտի լավ կամ վատ գրեն: Լրագրողներն իրավունք ունեն գրել այն ամենը, ինչ ուզում են, դա իրենց մասնագիտական աշխատանքն է: Եվ ես, լինելով հասարակական գործիչ, իրավունք չունեմ նրանց դատի տալ կամ պարտադրել, որ իմ մասին միայն լավ բաներ գրեն»,- ասում է Պատրիսիա Գեթլինգը:
Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ օրենսդրությամբ հասարակական, քաղաքական գործիչներին արգելվում է դատի տալ լրագրողին կամ լրատվամիջոցի` ինչ է թե գրված հոդվածն իր սրտով չէ:
Պ. Գեթլինգը լրատվամիջոցների հրապարակած հոդվածներին արձագանքում է միայն պարզաբանումներով:
Երբ տեղեկացավ, որ Հայաստանում պաշտոնյաները դատական հայցեր են ներկայացնում լրատվամիջոցների դեմ, նա կատակով ասաց. «Բա մենք էլ նման հնարավորություն չունենայինք»: