կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-19 17:30
Հասարակություն

Որ էս հրապարակի լույսերը տեսնում եմ, նախանձում եմ. գորիսեցի տատիկի բողոքը

Որ էս հրապարակի լույսերը տեսնում եմ, նախանձում եմ. գորիսեցի տատիկի բողոքը

«Ամեն օր մի քանի ջահել եմ տանում քաղաք` աերոպորտ, որ գնան Ռուսաստան, էսօր լավ օր ա` մարդ չեմ տանում»,- yerkir.am-ի հետ զրույցում պատմեց 50-ամյա գորիսեցի, տաքսու վարորդ Լևոնը, ով Գորիսից Երևան է տեղափոխում ուղևորներին:

 

Խոսելով արտագաղթի, սոցիալական ծանր վիճակի, երկրի ու ղեկավարության մասին` վարորդն անդրադարձավ իր համար առաջնային խնդիրներից մեկին` ցանքին: Նրա խոսքով` իրենց արդեն որերորդ անգամ է` խաբում են սիսիանցի սերմացու վաճառողները, ովքեր էլիտար սերմի անվան տակ անորակ սերմացու են բերում, որից բերք չի ստացվում, ծախսերն ավելանում են, բանկերի վարկերն էլ` հետը:

 

Գորիսում, ինչպես և հանրապետության մյուս քաղաքներում, բանկերի առջև մշտապես հերթեր են, հիմնական այցելուներն էլ քաղաքի հարակից գյուղերից եկած բնակիչներն են: Երբ բանկ այցելած քաղաքացիներից մեկից հետաքրքրվեցինք, թե գո՞հ է քաղաքի մաքրությունից, նշեց, որ տեղացի չէ, իսկ Գորիսում էլ մի փողոց գիտի` իրեն ծանոթ բանկի փողոցը, որի մաքրությանը երբևէ ուշադրություն չի դարձրել:

 

Նշենք, որ Գորիսում տիրող անտարբերության մթնոլորտը համատարած էր: Շատերը խուսափում էին տեսախցիկի առջև բարձրաձայնել իրենց խնդիրները: «Մեկ է, դրանից ի՞նչ օգուտ, համ էլ, որ քիչ ենք բողոքում, գլուխներս հանգիստ ա լինում»,-  ասաց անցորդ մի կին, ով շտապում էր բանկ` վարկը մուծելու:

 

Քաղաքում տիրող բազմաթիվ սոցիալական խնդիրներին վերջերս գումարվել է մեկը` հանրությանն այդքան հետաքրքրող Որոտանի ՀԷԿ-երի համալիրի գույքի առուվաճառքի պայմանագիրը: Բանն այն է, որ այնտեղ ներկայումս աշխատում է 230 մարդ, ովքեր հիմնականում Գորիսից են, և խոսակցություններ են շրջանառվում, թե համալիրի  կենտրոնական գրասենյակում ապագայում աշխատակիցների կրճատումներ են սպասվում:

 

Գորիսում, ի տարբերություն մյուս քաղաքների, ջրամատակարարման և գազիֆիկացման խնդիրն առաջնային չէ, քանի որ այնտեղ ստեղծված են համեմատաբար լավ պայմաններ: Քաղաքի կենտրոնը բարեկարգ է, սակայն ծայրամասերում վիճակն այլ է` փողոցները քարուքանդ են, առանց լուսավորության:

 

Գորիսի Գուսան Աշոտի անունը կրող փողոցի բնակիչներից` 80-ամյա տիկին Ռոզան պատմեց, որ իրենց փողոցում ընդհանրապես լուսավորություն չկա: «Որ էս հրապարակի լույսերը տեսնում եմ, նախանձում եմ»,- ասաց նա: Տիկին Ռոզան դժգոհեց նաև քաղաքի մաքրությունից, մի բան, որ գորիսեցիների հպարտության առիթն է եղել. կարմիր կտուրների քաղաքը բազմաթիվ այցելուներին մշտապես գրավել է իր կոկիկությամբ և մաքրությամբ:

 

«Գորիսի շուկան աղբանոց ա, լավ կլինի, որ մաքրեն, կարգին շուկա դարձնեն»,- ասաց տատիկը:

 

Իսկապես, իր մաքրությամբ հայտնի քաղաքը մեր այցելության ժամանակ աղբանոց էր հիշեցնում: Գուցե պատճառներից մեկն այն է, որ դեռ նոր է ձյունը հալվել,  և մաքրման աշխատանքներ չեն սկսվել, սակայն հատկապես Գորիսում գարունը ժամանակին է գալիս, և մաքրության մասին մտածել պետք է ժամանակին: Ինչևէ, հույս ունենանք, որ մեր հաջորդ այցելության ժամանակ քաղաքը կգա իր նախկին տեսքին` գոնե մաքրության առումով:

 

Ցավոք, մեր այցելությունը Գորիս այս անգամ կարճ տևեց, չհասցրեցինք շատերի հետ զրուցել և բնակիչներին հուզող խնդիրներին մանրակրկիտ անդրադառնալ: Խոստանում ենք այդ բացը լրացնել հաջորդ անգամ, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել yerkir.am-ի տեսանյութը, որում բնակիչները բարձրաձայնում են քաղաքի խնդիրների մասին:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ