Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ իս` Հայաստանի փոքրությունը հնարավորություն է տալիս խնդիրներն ու ուրախությունները դիտել մի լույսի ներքո, որտեղ ամեն ինչ թելադրում է էթիկան: Ի՞նչ է ֆուտբոլը` խաղ, որում հաղթողները բարոյական ոչ մի խնդիր չեն լուծում: Ընդհանրապես ցանկացած հաղթանակ թուլացնում է հաղթողների էթիկայի զգացումը: Որոշ իմաստով, այդ հաղթանակները տրվում են ի հեճուկս էթիկայի:
Կարելի է հասկանալ Սլովակիայի հավաքականի դարպասը գրաված մեր տղաների ոգեւորությունը 57-րդ, 70-րդ, 80-րդ, 90-րդ րոպեներին: Բայց նրանք ֆուտբոլ են խաղում, նրանք երկրի ներքին խնդիրների մեջ չկան, մեկուսացված են այդ խնդիրներից, որպեսզի ոչինչ նրանց չխանգարի հաղթել: Նրանք հաղթում են նույնիսկ այն դեպքում, երբ բոլորիս հայտնի է, թե մարդկանց հանդեպ ինչ վերաբերմունք ունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Այո, մենք հնարավորություն ենք ստանում մասնակցելու Եվրո-2012-ի եզրափակիչ մրցամարտին:
Բայց երբ մեր ոգեւորությունը հասնում է աշխարհի չեմպիոն դարձող բրազիլացիների ոգեւորությանը, պետք է հիշել, որ մեր ֆուտբոլիստները ներկայացնում են մի երկիր, որտեղ զինվորը բանակում խելագարվում է, նորածին երեխան մահանում է բժիշկների վերաբերմունքի բացակայությունից, որտեղ սպանությունները ձեւակերպվում են ինքնասպանություններ, իսկ չինովնիկների կոռումպացվածության մակարդակն արդեն երկրի այցետոմս է: Եվ պետք չէ մոռանալ, որ մեր ոգեւորությունը գործող իշխանությունների ինդուլգենցիան է:
Ոչ ոք մեր հավաքականի տղաներին կոչ չի անում չհաղթել, առավելեւս չոգեւորվել այդ հաղթանակից: Բայց նրանք բոլոր նյարդերով են կենտրոնացած դեպի այդ հաղթանակը, նրանք չգիտեն եւ, հավանաբար, չեն իմանա խելագարված զինվորի մասին, նրանք չգիտեն եւ գուցե չիմանան բժիշկների անտարբերության արդյունքում մահացած նորածնի մասին: Նրանք ազատված են բանակից, նրանց կանայք լավագույն սպասարկումն են ստանում, նրանց հաղթանակները երաշխավորում են մի կյանք, որտեղ կոռուպցիան խաղի կանոններ չի թելադրում, նրանք կարող են դառնալ լեգեոներներ եւ, ի վերջո, ընդհանրապես հեռանալ Հայաստանից: Նրանք ջանում են ոչ միայն հաղթանակի համար, այլեւ ավելի լավ կյանքի:
Բայց երբ նրանց հաղթանակից հետո մենք դեռ չունենք բազում հարցերի պատասխաններ, երբ մեզ սպառնում են նոր ողբերգություններ` անկախ նրանից` կհաղթեն տղաները, թե չեն հաղթի, զգուշանալ է պետք: Պարզ է` այլեւս չենք պարտվում նախկին թեթեւությամբ, տղաներն իրենց առջեւ դրված խնդիրներն ինչ-որ չափով լուծել են: Իսկ մենք տեղյա՞կ ենք երկրում կատարվող խայտառակ ապօրինությունների նրանց արձագանքից: Պարտավոր չեն, չէ՞, արձագանքել: Այդ դեպքում մեզ ի՞նչն է ուրախացնում: Նրանք իրենց գործն են անում, չէ՞, պատվով, եւ, թող ներվի ասել, թասիբով: Հետո՞: Եթե չանեն, իրենց համար վատ կլինի, չէ՞: Կհրավիրեն ուրիշ ֆուտբոլիստների, որոնք կունենան հաղթելու վճռականություն:
Ընդհանրապես, ի՞նչ է հաղթելու վճռականությունը: Մեր շախմատիստները հաղթեցին Չինաստանի Նինբո քաղաքում: Հիմա նրանք աշխարհի չեմպիոն են: Նրանց դիմավորեցին, երկիրն ապրեց այդ հաղթանակը: Եվ դրան հաջորդեցին թվարկված բոլոր դեպքերը, իսկ նախորդել էին վստահաբար նույնքան սարսափելի այլ դեպքեր: Որովհետեւ նրանք, այո, պիտի հաղթեն, բայց դուք էլ հաղթեք: Ավելի ճիշտ, հաղթանակն օրգանական իրողություն է շախմատում, ֆուտբոլում, բռնցքամարտում եւ այլ մարզաձեւերում: Մարդը հաղթում է, չէ՞, երեխա ունենալով: Որովհետեւ հաղթանակը պիտի բնաշխարհ լրացնի, որովհետեւ հաղթանակը պիտի մեր կյանք վերաբերի Աստծուն: Թող այս երկրի օրգանական իրողությունը լինի ապրող նորածինը, իր ընտանիքի շարունակությունը համարվող բանակը, սրտանց ձեւավորված իշխանությունը, որպեսզի երկրի մարմինը պաշտպանված լինի, որպեսզի «Վիկիլիքսը» մեզ հարվածելու տեղ չունենա:
Սեյրան Հանոյան