Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի կարծիքով` տնտեսական ոլորտում դեռ շատ բացահայտումներ կան անելու, որոնք պետք է արվեն միայն այլ ոլորտներում առկա ռիսկերը գնահատելուց հետո:
«ԱԱԾ-ի կողմից խոշոր առևտրային օբյեկտներից մեկում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվեց այս ոլորտում առկա իրական պատկերը, սակայն մտահոգիչ է այն, որ ԱԱԾ-ի գործողությունները համակարգված չեն տնտեսական բլոկի հետ»,- «Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ նշեց նա:
Ըստ Սուրեն Պարսյանի` ներկայումս գերիշխող դիրք ունեցող առևտրային օբյեկտների ազդեցությունը տնտեսության վրա շատ մեծ է: «Նրանք պետության մեջ պետություն են դարձել, երբ նրանց հարվածում ես, ամբողջ տնտեսությունը դրանից ցնցվում է: Դրա վառ օրինակը վերջին շաբաթում տեղի ունեցած իրադարձություններն էին` գների աճ, խուճապային տրամադրություն և այլն»,-ասաց նա` նշելով, որ ԱԱԾ-ի հետագա գործողությունները պետք է լինեն համակարգված` առկա իրողություններին համահունչ, հակառակ դեպքում կլինեն խնդիրներ և բացասական սպասումներ:
Տնտեսագետի խոսքով` մաքսային և հարկային վարչարարությունը բարելավելուց զատ, պետք է հավասար մրցակցային դաշտ ստեղծել: Ըստ նրա` տնտեսագիտական այն տրամաբանությունը, թե բարձր գինը տնտեսությանն օգուտ է, Հայաստանի պարագայում չի աշխատում, քանի որ խոշոր առևտրային օբյեկտների նպատակը շուկայում իրենց մասնաբաժինն ավելացնելն է, այսինքն` առևտրային ցանցերն ընդլայնելը: «Առևտրային խոշոր օբյեկտները Երևանում ավելանում են` քաղաքի կենտրոնում չունենալով համապատասխան ենթակառուցվածքներ, այդ թվում` պատշաճ ավտոկայանատեղի և այլն: Արդյունքում` խնդիրներ են ստեղծվում հանրության և երթևեկության համար»,- ասաց նա` նշելով լրացուցիչ հարկի անհրաժեշտության մասին: Ըստ Պարսյանի` նախատեսվածից ավելի առևտրային օբյեկտներ ունենալու դեպքում պետք է լրացուցիչ հարկ գանձվի:
Տնտեսագետի գնահատմամբ` Հայաստանի տնտեսության` ներկայացվող ցուցանիշները ևս իրականում չեն համապատասխանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին: «2017թ.-ին մենք գրանցեցինք 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչը, վերջին տարիների համեմատ, աննախադեպ էր, սակայն այդ աճը ներառական չէր, չտարածվեց հասարակության լայն շերտերի վրա»,- ասաց նա:
Պարսյանը նշեց, որ այս ուղղությամբ լուրջ խնդիրներ կան լուծելու և հարկավոր է այնպես անել, որ հանրությունը զգա տնտեսական աճի արդյունավետությունը և հետևանքները: