Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը եռամյա ընդմիջումից հետո սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց: Մեր ընտրանին, նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, 3:2 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին այն դեպքում, երբ առաջին խաղակեսից հետո զիջում էր 0:2 հաշվով:
Հավաքականի վերջին անարդյունավետ խաղերից հետո կորել էր շատերի վստահությունը, ինչի վառ ապացույցն էին երեկ «Հանրապետական»-ի կիսադատարկ տրիբունաները: Խաղից առաջ չէր երևում այն աժիոտաժն ու ոգևորվածությունը, որ սովորաբար լինում էր հավաքականի խաղի օրերին, նույնիսկ` եթե դրանք ընկերական էին: Ընդմիջման ընթացքում, երբ հաշիվը 0:2 էր, բոլորի դեմքերը մռայլ էին: Սոցցանցերում արդեն ծավալել էին ակտիվ քննարկումներ, քննադատություններ:
Երկրորդ խաղակեսում, երբ Արտակ Գրիգորյանը կրճատեց հաշվի տարբերությունը, պարզ դարձավ, որ այս խաղում կարելի է պայքարել ոչ-ոքիի համար: Վարազդատ Հարոյանի խփած գոլից հետո սպասումները փոխվեցին. նպատակն արդեն 3 միավորն էր: Մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին Գևորգ Ղազարյանը հեռահար հարվածով դարձավ հաղթական գոլի հեղինակ, որից հետո «Հանրապետական»-ը պարզապես պայթեց:
Ծանոթ-անծանոթ ողջագուրվում էին, շնորհավորում միմյանց: Բոլորի դեմքին ժպիտ էր: Հուզված էին բոլորը` երկրպագուները, ֆուտբոլիստները, լրագրողները, մարզիչները, նույնիսկ` մարզադաշտում աշխատող ոստիկանները:
Հայաստան - Չեռնոգորիա. Ղազարյանի կրակոցը от Armsport.am на Rutube.
Արթուր Պետրոսյանն ասուլիսին ներկայացավ բուռն ծափահարությունների ներքո: Լրագրողները սկսեցին վանկարկել մարզչի անուն- ազգանունը: Ասուլիսի ընթացքում հուզմունքն այնքան մեծ էր, որ թե' լրագրողները, թե' մարզիչը դժվարանում էին խոսել: Մի պահ Պետրոսյանը հուզմունքից նույնիսկ չկարողացավ ավարտել իր միտքը, դրան կրկին հաջորդեցին բուռն ծափահարություններ:
Հավաքականի հաղթանակը միանգամից փոխեց ամեն ինչ: Մեր հավաքականի ֆուտբոլիստները, ովքեր խաղերից հետո խուսափում էին լրագրողների հետ շփումից, երեկ համբերատար պատասխանեցին բոլոր հարցերին: Երբ մեր ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը փորձում էր դուրս գալ մարզադաշտի տարածքից, երկրպագուները շրջափակեցին այն և սկսեցին վանկարկել` Հա-յաս-տան: Արթուր Պետրոսյանը դուրս եկավ ավտոբուսից, իսկ երկրպագուները գրկեցին մարզչին և սկսեցին օդ թռցնել:
Երևանի փողոցներում մինչև ուշ գիշեր տոնում էին հավաքականի փառահեղ հաղթանակը:
Այո, այսպես է լինում, երբ հաղթում է Հայաստանի հավաքականը: Հուսանք, որ սա մեծ հաղթանակների սկիզբն է, և այսուհետ «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն տրիբունաներով կողջունի մեր հավաքականին:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ