Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
WikiLeaks-ը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի նամակը, որում ներկայացված է դեսպանի զրույցը ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Ապրիլի 22-ին Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ դեսպան Մարի Յովանովիչը 2 հիմնական միտք է հայտնել նախկին նախագահին.
ա) ԼՏՊ-ն պետք է գործի որպես հայրենասեր և չպետք է խափանի հայ-թուրքական հարաբերություններում առկա առաջընթացը կարճաժամկետ քաղաքական նպատակների համար,
բ) պարտադրել ԼՏՊ-ին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, անել ամեն ինչ խուսափելու համար 2008-ի մարտի 1-ի դեպքերի կրկնությունից:
Համաձայն նամակի` ապրիլի 22-ին Տեր-Պետրոսյանի հետ զրույցում Յովանովիչն ընդգծել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ կարևորությունը և հիմնավորել է, թե ինչու ԼՏՊ-ն պետք է խուսափի զանազան սադրիչ գործողություններից և ներքաղաքական իրավիճակի ապակայունացումից, քանի որ օրակարգում Հայաստանի Հանրապետության ազգային շահերն են:
Ի պատասխան` ԼՏՊ-ն նշել է, որ միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ իր կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար պետք է մի կողմ դնել Ցեղասպանության ճանաչման խնդիրը: «Դա սփյուռքի գործն է և ոչ թե` մեր»,- ասել է ԼՏՊ-ն ու նշել, որ սխալ է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ մտցնելը:
Լ. Տեր-Պետրոսյանն ասել է, թե ինքն իշխանությունների հետ բանակցելու երկու խողովակ ունի` մեկն իշխանության ներկայացուցիչների հետ անմիջական շփումը, մյուսը` Եվրոպայի միջնորդների օժանդակությամբ:
ԼՏՊ-ի հետ հանդիպման ժամանակ դեսպան Յովանովիչը երկու հիմնական «մեսիջ» է հաղորդել վերջինիս.
1. ԼՏՊ-ն պետք է հրաժարվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սաբոտաժից, քանի որ դա չի համապատասխանում Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերին:
2. Յովանովիչը նշել է, որ մարտի 1-2 կատարվածը երկու կողմերի (իշխանություն-ընդդիմություն) սխալների արդյունքն էր, և որ ԼՏՊ-ն պետք է անի ամեն ինչ նմանատիպ սադրիչ քայլերից խուսափելու համար: Դեսպանը նկատել է, որ ցանկացած երկրում նմանատիպ իրավիճակի շտկման հիմնական ծանրությունն ընկնում է իշխանության ուսերին, սակայն ընդդիմությունը նույնպես մեծ աշխատանք ունի կատարելու:
Նամակում նշվում է, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ խոսակցության ժամանակ դեսպանատան ներկայացուցիչն ասել է վերջինիս, որ ՀԱԿ-ը չպետք է ներքին քաղաքական խոչընդոտներ ստեղծի Շվեյցարիայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ճանապարհային քարտեզի ստորագրման համար: Անդրադառնալով 2008-ի նախագահական ընտրություններին` Յովանովիչը նշում է, որ հասարակության լայն զանգվածները երբեք էլ չեն սատարել ԼՏՊ-ին, պարզապես նա բավականին շատ «ճակատամարտեր» տեսած «պառավ աղվես» է, որն ի տարբերություն այլ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների կարող է դիմակայել Քոչարյան-Սարգսյան քաղաքական ուժին:
Ամփոփելով նամակը` դեսպան Յովանովիչը հույս է հայտնել, որ իրենք կկարողանան համոզել ՀԱԿ-ին ավելի զուսպ լինել իրենց գործողություններում: