Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվ ձգվում էր մեր ընկերների անվերջանալի չուն:
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Արցախյան շարժումը երբ փոխվեց Արցախյան պատերազմի, Ծիծեռնակաբերդի բարձունքի դիմաց հառնեց Եռաբլուրը: Այն մինչ այդ էլ կար որպես բլուրների մի շարք, որը, սակայն, Արցախյան հերոսամարտով է, որ բլրաշարից հավաքական մի բարձունքի վերածվեց և դարձավ վերջին նվաճված բարձունքը այնտեղ բերվողների:
Եռաբլուրն իր մեջ ժամանակային ու տեղանքային տարբեր շերտեր ունի, որոնք իրենցում ընդգրկում են 1990-1994 թվականները և ՀՀ ու ԼՂՀ սահմանների ողջ երկայնքի պաշտպանական գիծը: Եռաբլուրի տարածաժամանակային տարբեր այս շերտերում իրար կողք կողքի են գտնվում նրանք, ովքեր կողք կողքի առաջ գնացին իրենց կյանքի վերջին մարտական գործողության ժամանակ և կամ էլ վերջին անգամ պահեցին իրենց վստահված դիրքերը, չթողնելով ու խփվելով այդ դիրքերում և հիմա դարձյալ միասին, հանգչում են կողք կողքի:
Տապանաքարերից նայող հայացքները եթե իրենց հարազատների համար կենդանանում են իրենց ապրած ընտանեկան կյանքով, ապա նրանց մարտական ընկերների համար՝ ռազմաճակատային տարբեր դրվագներով, և նայող հայացքը վերածվում է այս կամ այն լեռնալանջին դիրքավորված կեցվածքի, ջոկատային ցրիվ քայլերի կամ զրահատեխնիկայի առաջ շարժվող ընթացքի: Հայաստանում և Արցախում գրեթե ամեն բնակավայր ունեցավ իր Եռաբլուրը, որոնք, հիմնականում, որպես կանոն, ձևավորվեցին Հայրենական մեծ պաերազմի հուշարձանների շուրջ:
Նույն կերպ, Արցախի Եռաբլուրը դարձավ Ստեփանակերտի Հաղթանակի հուշահամալիրը, ուր նախ դրվելու էր Արցախի Այայի (Մեծ մայր) սգացող հուշարձանը՝ նվիրված 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժի զոհերի հիշատակին, ապա և Արցախի դիրքերի վերածվող սահմաններից այստեղ էին բերելու զոհվածներին: Այստեղ էին ամփոփվում նաև այն զինվորները, ովքեր ծնվել էին Մարտակերտի շրջանի գրավյալ բնակավայրերում: Նրանց համար ասում էին, որ նրանք ժամանակավոր են այստեղ ամփոփված, մինչև կազատագրվեն այդ բնակավայրերը:
Դժվարին այդ օրերին Ստեփանակերտում ապաստանած որդեկորույս մի մայր անհուն կսկիծով ասաց. «Թոռանս հետ ժամանակավոր մի տան ենք մնում, իսկ տղաս էլ ժամանակավոր մի գերեզմանում է թաղված»: Զոհվածներին արդեն ազատագրված բնակավայրերում ամփոփելը այդ ժամանակ դարձել էր նրանց ապրած կյանքի վերիմաստավորումը:
Մեր զոհված ընկերներից մեկի հայրը, ով Հաթերքից էր, որդու զոհվելուց հետո մտել էր Մարտակերտի գունդը, և Հաթերքի ազատագրումից հետո հանդիպեցինք իր հայրենի գյուղում: Լուռ նայեցինք իրար, և նա սկսեց կենտրոնացած ծխել այնպիսի մի մտատանջությամբ, որով ծուխը ներս են քաշում վճռորոշ մի որոշումից առաջ: Մի հերթական անգամ ծուխը ներս քաշելով՝ նետեց ծխախոտը, կանգնեց ու հայացքը ուղղելով ազատագրված լեռներին, ասաց. «Տղայիս բերելու եմ Հաթերք»: Կանխելով այն հարցս, թե երբ այս բնակավայրը ճակատի առաջին գիծ է դեռ, և մարտերն ընթանում են փոփոխական հաջողություններով, ի՞նչ երաշխիք ունի, որ Հաթերքը պահվելու է, և իր տղայի շիրիմը հակառակորդի ձեռքում չի մնալու, մանավանդ որ մի շարք բնակավայրերի ազատագրումից հետո պարզվել էր՝ հակառակորդն առանձնակի ծաղրուծանակի էր ենթարկել մինչև գրավվելը այնտեղ ամփոփված ազատամարտիկներին: Նա, սակայն, նույնքան անթարթ հայացքով և վճռականությամբ ասաց, որ քանի ինքը ողջ է, Հաթերքը մերն է լինելու: Իր միտքն այսպես բացատրեց, թե հակառակորդի Հաթերք մտնելիք ճանապարհին ինքը դիրքավորվելու է տղայի շիրմի դիմաց և միայն իրեն խփելուց և իր վրայով անցնելուց հետո հակառակորդը կարող է գյուղ մտնել, որով և իր կենդանության օրոք Հաթերքը կմնա ազատ և հայկական:
Դժբախտաբար, նա ևս չհասցրեց տեսնել հաղթանակը, ու թեև հիմա հանգչում է որդու կողքին, սակայն ոչ թե խփվեց որդու շիրիմի դիմաց, այլ շատ ավելի հեռվում, ռազմաճակատի գծի առաջ շարժվելու ճանապարհին և ապա նոր բերվեց որդու մոտ: Տարեցտարի ավելի ու ավելի դժվար է լինում մտովի զրուցել բոլոր նրանց հետ, ովքեր չհասցրեցին տեսնել հաղթանակը: Բոլոր նրանք, ովքեր չտեսան հաղթանակը, դարձան մի-մի շիրմաթումբ, մի-մի հուշարձան ու աղբյուր-հուշարձան, իրենց ընտանեկան հարկերի ներքո դարձան պատերից նայող լուսանկար, դարձան իրենց ծննդավայրերի դպրոցների ու փողոցների անվանումներ, դարձան զինվորականների հավաքույթներին բարձրացվող երրորդ բաժակի կենաց, դարձան գրական ու վավերագրական ստեղծագործություններ ու ֆիլմեր և հիշատակի էլի ուրիշ շատ արտահայտություններ, սակայն նրանց կենդանի ու հավաքական միակ հուշարձանը, որով իմաստավորվելու է նրանց ընդհատված ընթացքը, եղել է, կա ու մնալու է Ազատ ու Անկախ Արցախը՝ Մայր Հայաստանի հետ իր ցամաքային կապով:
Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ