Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Կան մարդիկ, ովքեր անընդհատ փնտրում են 3-րդ…5-րդ ուժեր, և չեն գտնում։ Փնտրում են նրանց, ովքեր դուրս կբերեն, այսինքն, պայմանական ասած՝ կվերակենդանացնեն ու «կբուժեն» երկիրն ու ժողովրդին։
Միգուցե անկեղծ(մի մասն իրոք անկեղծ) ձգտում են, բայց տեսանելի է մեկ այլ մղում։ Ներքուստ ցանկանում են, որ «բուժեն» ոչ թե նրանք, ովքեր կարող են(իրենք էլ են համոզված, որ կարող են), այլ նրանք, ովքեր ակնհայտ անփորձ են, բայց ըստ «փնտրողների»՝ հայրենասեր ու խելացի են։ Ովքեր տեսաբան մասնագետ են, բայց հմտություններ չունեն, երբեմն համոզիչ ու հուզիչ խոսք են ասում, բայց իրագործելու գործուն եղանակներ չեն նշում։ Ովքեր երիտասարդ են, ճանաչված չեն, բայց շատ ազնիվ են, և այլն։ Հատկանշական է, որ բառացիորեն անտեսում են այն, որ նրանք երբեք նման ծավալի ոչինչ չեն «բուժել», և ակնհայտ է, որ մինչև վերջ չգիտեն, թե դա ինչպես է արվում։ Հնարավոր է ներկա են եղել, կամ մասնակցել են, բայց երբեք չեն գլխավորել և առաջնորդել։
Ի վերջո ասում են՝ «… դե ոչինչ, կսովորեն»։
Նշված չափանիշներով առաջնորդվելիս երբեմն սկսում են «հավանել» նույնիսկ նրանց, ովքեր առավել հմտորեն են ստում, բայց սա լիովին այլ թեմա է։
Հիմնականում մոռացության են տալիս, կամ չեն նկատում գլխավորն ու ամենակարևորը՝ ում որ իրենք «հավանել են»՝ երբեք դա չեն արել, և առայժմ չեն կարող անել, մի մասն էլ՝ հասկանում են, և չեն ուզում։ Կարո՞ղ են խոսել, գրել, մտքեր հայտնել, օգնել, լսածից ու կարդացածից սերտած ծրագրեր ու մեթոդներ առաջարկել՝ այո’, բայց գլխավորել, կամ առաջնորդել՝ միարժեք ո’չ, որովհետև դրա համար լրիվ այլ որակներ են պահանջվում։
Հարց է ծագում՝ այս նույն մարդիկ իրենց, կամ իրենց հարազատին բուժող բժիշկ փնտրելիս ո՞ր չափանիշներով են առաջնորդվում։ Ընտրում են երիտասարդ ու գրավիչ արտաքինով գթության քույրերից, կամ մեկ այլ մասնագետ ու պերճախոս տղամարդկանցի՞ց, թե՞ իրենց և բոլորին քաջածանոթ փորձված ու հմուտ բժիշկներից։
Ռացիոնալ, լրջախոհ, սառնասիրտ, սթափ և տրամաբանված մոտեցումը ո՞րն է։
Միգուցե երիտասարդ ու հախուռն նախաձեռնողականության և հաջողված փորձառության համադրությու՞նը…»։