կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-20 10:24
Առանց Կատեգորիա

Մի օր էլ մենք տուրիզմով կզբաղվենք

Մի օր էլ մենք տուրիզմով կզբաղվենք

Հայաստանում զարգացած տուրիզմի մասին խոսել առայժմ կոռեկտ չէ: Պատճառն ամենևին էլ այլ երկրներից Հայաստան ժամանող տուրիստների թիվը չէ: Զարգացած երկրների համար տուրիզմի զարգացածության կարևոր ցուցանիշներից է ներքին տուրիզմը: Գոյություն չունի զարգացած տուրիզմ ունեցող երկիր, որտեղ ներքին տուրիզմը զարգացած չլինի: Ասել է թե` տվյալ երկրի քաղաքացիները չկարողանան կամ չցանկանան սեփական երկրում «ֆռֆռալ»:

Մեր երկրում ներքին տուրիզմի մասին խոսք լինել չի կարող: Այն ոչ միայն դժվար է ենթակառուցվածքների թերի զարգացածության պատճառով, այլև շատ թանկ հաճույք է: «Հայաստանի ներսում նորմալ տուրիստական ուղեւորություն կատարելը, կոնկրետ ինձ համար, ցանկալի չէ: Նախ մեզ հրամցվում են ցածրորակ ծառայություններ` միջազգային գներով: Հետո` Հայաստանում տուրիզմով զբաղվելը նույնքան է արժենում, որքան արտասահմանյան այլ երկրում, այնպես որ ավելի ցանկալի է նույն գնով մեկնել արտասահման ու մեկ երկիր ավելի տեսնել»,- մեզ հետ զրույցում նշեց ամեն տարի տուրիստական շրջագայության մեկնող Աննա Հակոբյանը:

Գներն այն կարեւոր հանգամանքն են, որ գայթակղում կամ վանում են զբոսաշրջիկին առաջին հայացքից: Իսկ գնային քաղաքականությունը մեր երկրում այնքան էլ չի համապատասխանում տուրիստական բիզնեսի` աշխարհում ընդունված սկզբունքներին: «Հիմնականում մարզերում այնքան էլ չեն տիրապետում հյուրանոցային բիզնեսի կանոններին: Որովհետեւ այնտեղ, գնային քաղաքականության առումով, այլ յուրահատկություն կա. Հյուրանոցային ծառայություններ մատուցողները պետք է հաշվի առնեն, որ գոյություն ունի գնային քաղաքականության Սիմի սանդղակ, որտեղ ամենաթանկ գինը պետք է լինի վերջնական սպառողին ուղղակիորեն առաջարկվող գինը: Այսինքն` եթե ուղիղ սպառող ես, այսինքն՝ ճամպրուկը ձեռքիդ ուղիղ գնում և հյուրանոցի դուռը թակում ես, այդ դեպքում չի գործում «առաջին ձեռք` ավելի էժան» սկզբունքը:

Ընդհակառակը` դա լինում է ամենաթանկը: Եթե հյուրանոցը մեկ գիշերվա համար հայտարարել է ինչ-որ գին, ապա դա ամենաբարձր գինն է: Դրանից ավելի էժան պետք են լինի կորպորատիվ և հիմնական հաճախորդներին առաջարկվող գները, և ամենաէժանը պետք է լինի զբոսաշրջային օպերատորներին առաջարկվող գինը: Այսինքն՝ նրանց, ովքեր հիմնականում զբաղված են զբոսաշրջային փաթեթներ կազմելով ու վաճառելով, ինչը նշանակում է, որ զբաղված են այդ հյուրանոցային համարները վաճառելով»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Եթե մեր առջեւ տուրիստական երկիր դառնալու խնդիր ենք դրել, պետք է սկսենք ազգաբնակչության հետ աշխատանքը: Հայաստանի պոպուլյար հանգստի գոտիներում տուրիզմով, սպասարկումով զբաղվողները պետք է հասկանան, որ որքան էժան լինեն ծառայությունները եւ շատ մարդու սպասարկեն, այնքան ավելի շատ գումար կարող են վաստակել: Բացի այդ` մարդիկ հանգստի գոտիներում պետք է վճարեն ոչ թե տարածքի, այլ ծառայության դիմաց: Իսկ մեզ մոտ ընդհանուրի հողը տալիս են անհատի, նա էլ այդ նույն տարածք մուտք գործելու համար սակագներ է սահմանում:

Ներքին տուրիզմի զարգացման կարեւոր պայման են նաեւ ենթակառուցվածքների զարգացած համակարգը, որակյալ կադրերը, մասնագիտական ճիշտ մոտեցումը: «Մենք պետք է տուրիզմի ոլորտում խելացի, զարգացած, կրթված մարդիկ ունենանք եւ մտածենք, թե ինչպես օգտագործենք, թեկուզ՝ մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների ռեսուրսները եւ համագործակցենք այդ երկրների տուրիզմի ոլորտի հետ: Այսօր մեր երկու հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ: Բայց երկուսն էլ կցանկանան աշխատել մեզ հետ տուրիզմի ոլորտում, եթե մենք ոչ թղթի վրա, այլ իրականում խելացի ձեւով մտածենք եւ զարգացնենք ռեգիոնալ տուրիզմը: Լուրջ մասնագետներ պետք է պատրաստենք, լուրջ պետք է ուսումնասիրենք մեր հարևան երկրների պատմությունը, մշակույթը, ժառանգությունը: Եթե մարդը ուզում է մեկնել Թուրքիա, ապա նա կարող է գալ Հայաստան եւ այստեղից անցնել Թուրքիա, եւ այդ դեպքում մենք կդառնանք նաեւ տարանցիկ երկիր ու էլի մարդ կսպասարկենք: Այսպես մենք կարող ենք ռեգիոնալ տուրիզմ զարգացնել»,- ասաց տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը:

Բայց ռեգիոնալ տուրիզմը կարող է զարգանալ միայն Հայաստանում տուրիստական համալիր տնտեսության կայացման պայմաններում, որպեսզի մեկ անգամ ռեգիոնալ տուրիզմի շրջանակներում Հայաստան ժամանող մարդը չհիասթափվի մեր երկրում ստացած ծառայություններից: Առավել եւս, երբ ամեն ինչ համեմատության մեջ է: «Շատ կարևոր խնդիր է մատուցվող ծառայությունների որակն ու դրանցով պայմանավորված` մեր զբոսաշրջային արդյունքի մրցունակության ապահովումը: Իսկ դա իր մեջ ներառում է լավ ենթակառուցվածքներ, լավ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, լավ սննդի օբյեկտներ, այսինքն՝ լավ՝ մրցունակ նյութատեխնիկական բազա: Իսկ ով պետք է այդ ամենն աշխատացնի, իհարկե՝ որակյալ կադրերը: Առանց կադրեի՝ մենք չենք կարող խոսել որակյալ ծառայությունների մասին: Որակյալ կադրերը ևս մեր պետական քաղաքականության կարևորագույն խնդիրներից են: Այստեղ մենք էլի ունենք խնդիր, բայց այս ոլորտում եւս առաջընթաց կա»,- ասում է Մեխակ Ապրեսյանը:

Տուրօպերատորների միության նախագահի խոսքերով էլ` ոչ միայն պատմամշակութային տուրիզմը պետք է զարգացնենք, այլեւ արկածային եւ առողջական-բուժական տուրիզմը, որոնց համար կան լայն հնարավորություններ: Ռոբերտ Մինասյանը հույս հայտնեց, որ մինչեւ 2030 թվականը, ինչպես նշված է տուրիզմի զարգացման հայեցակարգում, այնուամենայնիվ, Հայաստանը կդառնա տուրիզմի տարածաշրջանային եւ միջազգային կենտրոն:

Միքայել ԽՈւԴՈւՆՑ