Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Մինչ իշխանությունը ողջ զինանոցն ուղղել է Երեւանի ավագանու ընտրություններին եւ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, ընդդիմության դաշտում լիակատար անորոշություն է, խորհրդարանական ընդդիմությունը չի կողմնորոշվում` մասնակցե՞լ քաղաքապետի ընտրություններին, թե՞ շարունակել իշխանությունների դեմ պայքարել վիրտուալ տարածքում։
Չնայած խոսվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի որդին կառաջադրի թեկնածությունը, սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ Լեւոն Քոչարյանի հարցը փակված է։ Չի բացառվում, սակայն, որ Քոչարյանի գլխավորած դաշինքի մաս կազմող Դաշնակցությունն առանձին թեկնածուով հանդես գա՝ այս հարցով այժմ քննարկումներ են ընթանում։ Սակայն ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանը վստահեցնում է, որ որոշում դեռ չունեն։ Մի հարցում վստահ է, որ ընդդիմությունն անպայման պետք է մասնակցի Երեւանի ընտրություններին, թե ինչ ֆորմատով՝ միայնակ կամ առանձին, դա քննարկումների հարց է։ «Պետք է հասկանալ, որ սա սոսկ քաղաքապետի ընտրություն չէ, չի ընտրվում քաղաքապետ, այլ ընտրում են քաղաքական ուժերին, որից հետո միայն համայնքի ղեկավար է ընտրվում։ Այսինքն՝ այս ընտրությունները քաղաքական կոնտեքստ ունեն»,- ասում է դաշնակցականը։
Կյուրեղյանի կարծիքով, քանի դեռ իշխանությունները չեն հայտարարել՝ գնում են արտահերթ, թե հերթական ընտրությունների, ընդդիմությունը չպետք է փակագծեր բացի․ «Խելքից դուրս բան կլինի ենթադրել, որ ընդդիմությունը չի մասնակցի այս ընտրություններին, բայց թե ինչպես, ինչ ֆորմատով, դա քննարկելու հարց է, պետք է սպասել, առայժմ չհայտարարված ընտրություններին «Հայաստան» դաշինքի կամ կոնկրետ ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափի մասին խոսելու լիազորություն ես չունեմ, կգա ժամանակը, կիմանաք այդ մասին»։ Նկատեցինք, որ գերիշխող տեսակետ կա, որ առանձին մասնակցությունը լինելու է զուտ խորհրդանշական, հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է միավորվի, իրենք պատկերացնո՞ւմ են այդպիսի միավորում։ «Այդ տեսակետները կյանքի կոչվելու իրավունք ունեն, եւ դրանք անպայման պետք է քննարկվեն, դեռ պետք է քննարկվի՝ ընդդիմադիր ուժերն ովքեր են, ինչ ներդրումով են հանդես գալու, ինչ ռեսուրսներով, բայց այս հարցերի մասին կարելի կլինի խոսել միայն քննարկումներից հետո»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ մեր բոլոր հարցերին նույն պատասխանն էր տալիս, թե ՀՀԿ-ում Երեւանի ընտրությունների հարցը չեն քննարկել։
Փորձեցինք անձնական տեսակետ լսել՝ կարո՞ղ է արդյոք խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ընդդիմադիր ուժը պասիվ դիտորդի դեր ստանձնել քաղաքապետի ընտրություններին՝ ո՛չ թեկնածու առաջադրել, ո՛չ աջակցել ընդդիմադիր ընդգծված թեկնածուի։ «Այդ հարցը, կրկնում եմ, կուսակցությունում չի քննարկվել, իսկ ես անձնական կարծիքներ քաղաքական գործընթացների վերաբերյալ չեմ հայտնում, որովհետեւ շատ ավելի էական է քաղաքական ուժի կարծիքը, այլ ոչ թե իմ՝ որպես Հայկ Մամիջանյանի տեսակետը»։
Ինչո՞ւ չի քննարկվել Երեւանի ավագանու ընտրությունների հարցը, երբ իշխանությունն ամիսներ առաջ հայտարարել է իր թեկնածուի մասին, անգամ քարոզարշավ են արդեն իրականացնում, իսկ քաղաքապետարանում վերջին իրադարձությունները հուշում են հնարավոր արտահերթ ընտրությունների մասին։ «Որովհետեւ մենք մի քիչ ուրիշ՝ ավելի կարեւոր գործերով ենք զբաղված»։ Օրինակ։ «Դրա մասին այսօր կես ժամ խոսում էի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ նկատի ունենալով, որ մեր զրույցից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում խոսում էր Արցախի ճակատագրի, իշխանությունների արտաքին քաղաքականության բացթողումների եւ նման այլ հարցերի մասին։ Հիշեցրինք նախկին հայտարարությունները, որ ընդդիմությունը խորհրդարան էր գալիս ոչ թե հարցազրույցներ տալու, այլ Արցախը փրկելու, իշխանափոխություն իրականացնելու խոստումով, հիմա, երբ այդ խոստումը չեք կատարել, եւ հանրային մեծ դժգոհություն կա, չե՞ք կարծում, որ համապետական ընտրություններից ոչ պակաս կարեւոր՝ ավագանու ընտրությունները իշխանափոխության հնարավորություն են տալիս։ «Ասեմ ավելին՝ անգամ մեզ մոտ դժգոհություն կա, անձամբ ինձ մոտ դժգոհություն կա, որ մինչեւ էսօր դա չի ստացվում»։ Իսկ բացի դժգոհելուց, ստատուսներ գրելուց, խորհրդարան գալուց, ի՞նչ եք անում, որ այդ օրակարգը հաջողվի։
«Մեր հարցազրույցներով հանրությանը բացատրում ենք, թե այս իշխանություններն ուր են գնում, անում ենք ամեն ինչ, որ մոլորյալ մարդիկ դուրս գան թմբիրից, նաեւ՝ շատ ու շատ գործառույթներ, որոնց մասին հիմա որ ես խոսեմ, կարծում եմ՝ դրանք չեն իրականանա։ ՀՀԿ-ն, կարծում եմ՝ բոլորին, այդ թվում՝ քո պես քմահաճ ու խստապահանջ մարդկանց, ապացուցել է, որ ցանկացած քաղաքական պրոցեսում առաջին շարքերում է կանգնած՝ բռնվելուց էլ, կռիվ անելուց էլ, ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացներում՝ եւս։ Մի կարեւոր արձանագրում՝ մենք իշխանություն չենք ուզում, մենք իշխանափոխություն ենք ուզում»։ Կարծում եք՝ միայն խոսելով մոլորյալներին դարձի՞ կբերեք։ «Այլ տարբերակ չկա»։ Իսկ չե՞ք կարծում՝ որ մինչեւ այս տեմպերով դարձի բերեք, ո՛չ Արցախ կլինի, ո՛չ Հայաստան։ «Դրա համար պետք է դա վայրկյան շուտ անենք։ Քանի Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, ընդդիմությունը վատ է աշխատում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։