կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-19 11:39
Քաղաքական

Ժամանակն է, որ Ադրբեջանը վերջ տա միջնորդների աշխատանքի խոչընդոտմանը

Ժամանակն է, որ Ադրբեջանը վերջ տա միջնորդների աշխատանքի խոչընդոտմանը

Հուլիսի 18-ին ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված` ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրելով հունիս ամսվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական ԶՈՒ շփման գծում ադրբեջանական ռազմական ուժերի կողմից զինադադարի ռեժիմի շարունակական խախտմանը` Հայաստանի դեսպանը, մասնավորապես, նշում է, որ նման սադրիչ գործողությունները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, համանախագահ երկրների ղեկավարների բոլոր նախորդ հայտարարություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտին:

Նամակում Կարեն Նազարյանը մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի ղեկավարությունը հակահայկական քարոզչություն է իրականացնում, ինչը դառնում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մաս: Դրա վկայությունն են այդ երկրի նախագահի ելույթները 2011թ. հունիսի 26-ին կայացած ռազմական շքերթի և հուլիսի 5-ին` ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի կապակցությամբ:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների նման գործողություններն ակնհայտորեն խախտում են այդ երկրի միջազգային, ներառյալ` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերով ստանձնած` պատերազմի քարոզչությունը և ագրեսիան մերժող պարտավորությունները:

Նշվում է նաեւ, որ Հայաստանը հավատարիմ է շարունակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որն արդյունավետ և միջազգայնորեն միակ լիազորված ձևաչափն է միջնորդությունն իրականացնելու համար: Եվ ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը գիտակցի, որ պետք է վերջ տա միջնորդների աշխատանքի խոչընդոտմանը եւ անհիմն ու վիրավորական տեղեկատվություն տարածելու փոխարեն կենտրոնանա ընթացող բանակցային գործընթացի վրա: