կարևոր
1234 դիտում, 7 ժամ առաջ - 2026-10-27 13:12
Քաղաքական

Պետք է վերջ տալ կալանքների այս շղթային․ ժամանակն է, որ յուրաքանչյուր քննիչ, դատախազ և դատավոր գիտակցի իր ստորագրության ու որոշման իրական գինը․ Վարդանյան

Պետք է վերջ տալ կալանքների այս շղթային․ ժամանակն է, որ յուրաքանչյուր քննիչ, դատախազ և դատավոր գիտակցի իր ստորագրության ու որոշման իրական գինը․ Վարդանյան

Մամիկոն Ասլանյանի արդարացման դատավճիռը կայացվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակահատվածում։ Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Որովհետև Ասլանյանի դեմ քրեական հետապնդման իրական շարժառիթը Վանաձորի ՏԻՄ ընտրություններում նրա հաղթանակն էր։ Արդարացրին հենց այն օրը, երբ կրկին ՏԻՄ ընտրություններ էին անցկացվում։

Տարիներ տևած դատական քաշքշուկից հետո, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նրան արդարացրեց այն մեղադրանքով, որի շրջանակում նա երկու տարի յոթ ամիս զրկված էր ազատությունից։

Քաղաքական գործընթացում հաղթած մարդը տարիներ շարունակ ստիպված էր պայքարել ոչ թե իր քաղաքական մրցակիցների, այլ իր դեմ գործարկված ԱՆարդարադատության մեքենայի դեմ։ Երկու տարի յոթ ամիսը պարզապես ժամանակահատված չէ։ Դրանք  ամիսներ ու տարիներ են, որոնք մարդն անցկացրել է կալանքի տակ՝ ընտանիքից, բնականոն կյանքից, աշխատանքից և ազատությունից զրկված։ Իսկ այդ ամբողջ ընթացքում քննիչը, դատախազը միջնորդություններ են ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ երկարաձգելու համար և դատարանն էլ որոշումներ է կայացրել դրանք բավարարելու մասին։ Սա նշանակում է, որ պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս։ Եվ հիմա, երբ արդարացման դատավճիռ կա, ո՞վ է պատասխանելու այդ որոշումների հետևանքների համար։

Այսօր էլ քաղաքական և հանրային բազմաթիվ գործիչներ գտնվում են կալանքի տակ՝ քաղաքական հետապնդումների մասին լուրջ մտահոգությունների պայմաններում։ Կալանքը, որը պետք է լինի բացառիկ միջոց և կիրառվի միայն օրենքով նախատեսված անհրաժեշտության դեպքում, վերածվել է նրանց հանդեպքաղաքական խնդիրներ լուծելու գործիքի։ Կալանքի այս շղթան պետք է մի պահից կտրվի։ Եվ քանի որ առաջիկայում հանրության ուշադրության կենտրոնում է գտնվող գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանի գործով նիստն է, դատարանը պետք է վեր կանգնի քաղաքական նպատակահարմարությամբ որոշումներ կայացնելու պրակտիկայից, մարդու ազատությունը քաղաքական հաշվեհարդարի գործիքի վերածելու պրակտիկայից։ Եվ նույն տրամաբանությունը պետք է գործի մնացած քաղաքական դրդապատճառներիով քրեական գործերով։

Ժամանակն է, որ յուրաքանչյուր քննիչ, դատախազ և դատավոր գիտակցի իր ստորագրության ու որոշման իրական գինը։ Կալանքի միջնորդությունը պարզապես թղթի վրա գրված պահանջ չէ, իսկ այն բավարարող դատական ակտը՝ հերթական ընթացակարգային որոշում։ Դրանց հետևում կենդանի մարդ է՝ իր ընտանիքով, իրավունքներով, արժանապատվությամբ ու ճակատագրով։ Եվ երբ այդ որոշումների հետևանքով մարդը տարիներով զրկվում է ազատությունից, պատասխանատվությունը չի կարող անհետանալ դատական գործի էջերի արանքում։

Պետք է վերջ տալ կալանքների այս շղթային։ Պետք է վերջ տալ այն պրակտիկային, երբ մարդու ազատությունը սահմանափակվում է հեշտությամբ, իսկ ազատությունից զրկելու հետևանքների համար պատասխանատվությունը դառնում է անհասանելի։ Ի վերջո մենք հասել ենք այն սահմանագծին, որից հետո այլևս հնարավոր չպետք է լինի անտեսել կալանքի անհիմն կամ անհամաչափ կիրառման հետևանքները։ Եվ սա պետք է գիտակցի կալանքի միջնորդություն ներկայացնող յուրաքանչյուր դատախազ։ Իսկ առաջիկա դատավարությունները, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի գործը, իրական լակմուս պետք է լինեն դատական համակարգի և դատավորների համար։

Արդարադատությունը չի սկսվում այն օրը, երբ մարդուն արդարացնում են։ Այն պետք է գործի հենց այն պահին, երբ քննիչը միջնորդություն է ներկայացնում, դատախազը պահանջում է կալանք, իսկ դատավորը որոշում է՝ մարդը պետք է մնա՞ ազատության մեջ, թե՞ զրկվի դրանից։ Որովհետև ուշացած արդարադատությունը հաճախ արդեն չի կարող վերականգնել այն, ինչ ոչնչացվել է անարդարության տարիներին։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ