կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-28 14:29
Քաղաքական

Ադրբեջանը վարկաբեկում է միջնորդների ինստիտուտը, ինչը լավ հետևանքների չի հանգեցնի. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը վարկաբեկում է միջնորդների ինստիտուտը, ինչը լավ հետևանքների չի հանգեցնի. Տիգրան Աբրահամյան

ԵԱՀԿ համանախագահները Հայաստանում Սուրբ Զատիկի և Ադրբեջանում Նովրուզի տոների կապակցությամբ հատուկ կոչ են հղել հակամարտող կողմերին, որ տոներից առաջ խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմը, չիրականացնեն լարվածությանը նպաստող գործողություններ: Սակայն Ադրբեջանը տոներից անմիջապես առաջ դիմեց սադրանքների:

Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ միջազգային կառույցների կոչերը այլևս դեր չեն խաղում, և ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի արհամարհանքը ոչ միայն հակառակորդի կրոնական տոների, այլ նաև սեփական կրոնական տոների նկատմամբ, պատասխանեց. «Սա առաջին դեպքը չէ, երբ համանախագահ երկրները տոնական օրերի վերաբերյալ հանդես են գալիս նմանատիպ կոչ-հայտարարություններով: Ուղղակի այս տարին նշանավորվեց նրանով, որ եթե նախորդ տարիներին Ադրբեջանը ձևականորեն ցույց էր տալիս, որ ընդունել է խաղի կանոնները, ապա այս տարի առանց ձևականությունների, առաջին դեմքի մակարդակով հայտարարեց՝ չի պատրաստվում ընդունել իր երկրին ուղղված կոչը: Այս տարին առանձնահատուկ է նաև նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Իլհամ Ալիևը հատուկ արհամարհանքով է խոսում, իսկ առավել փոքր կալիբրի պաշտոնյաներն առավել հաճախ են սկսել խոսել համանախագահների գործունեության անարդյունավետության ու «հայամետ» դիրքերից հանդես գալու մասին: Ադրբեջանը ամեն գնով ցանկանում է վարկաբեկել միջնորդների ինստիտուտը, ինչը լավ հետևանքների չի հանգեցնի: Համենայն դեպս, դեռևս չի նշմարվում մեկ այլ ֆորմատ, որի շրջանակներում հնարավոր կլիներ գործընթացն առավել արդյունավետ դարձնել:

Իսկ կրոնական տոների գործոնը որևէ կերպ չի խոչընդոտում Ադրբեջանի իշխանություններին, որովհետև սադրանքների իրականացումն ու դրա արդյունքներն առաջնային պլանում են, այնպես որ` նույնիսկ կրոնական գործոնը սթափեցնող դեր չի խաղում»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրեր առաջ արդեն բացահայտ հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանանախագահներից խիստ հիասթափված է, որ նրանք սադրում են, անարդար են, երկակի ստանդարտներով են գործում,  նրանց մեղքով է, որ ԼՂ հարցը չի կարգավորվում: Ի դեպ, նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկակի ստանդարտներ են կիրառում Ադրբեջանի նկատմամբ այն պատճառով, որ Ադրբեջանը իսլամական երկիր է, «հատկապես հիմա, երբ Եվրոպայում իսլամաֆոբիան հասել է իր գագաթնակետին»:

Հարցին, թե ի՞նչ են նշանակում Ալիևի այս հայտարարությունները, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Եթե մեկ նախադասությամբ մեկնաբանեմ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ապա դա առաջին հերթին իրականության զգացումը կորցրած գործչի հայտարարություն է՝ անկախ նրանից, թե դա ինչ նպատակով է արվել: Սա բարդ գործընթաց է, և պետք չէ ակնկալել, որ արագ լուծում կստանա: Ի վերջո, Ադրբեջանը հիմնախնդրի կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր չի ձեռնարկում, իսկ այդ պարագայում դժվար է պրոցեսի արագ լուծում ակնկալել: Այս պարագայում միջնորդները չեն կարող կողմերի փոխարեն խնդիրը կարգավորել, մանավանդ, որ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, հակված չէ դրան: Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ուղղված են իմիտացիա ստեղծելուն առ այն, որ Ադրբեջանը մեծ ցանկություն ունի հիմնախնդիրը կարգավորելու, սակայն իրականում դրանով Իլհամ Ալիևը փորձում է քարոզչական մակարդակով քողարկել իր անգործությունը»: