Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամեն տարի հերթական պարգևատրումներից հետո մեծ աժիոտաժ է սկսվում` ո՞վ էր արժանի, ո՞ւմ չպետք է տային, ո՞վ մնաց ստվերում: Վաղուց արդեն ժամանակն է տարատեսակ կոչումներից այն կողմ անցնել և արվեստագետին հիշել ոչ թե տարին մեկ անգամ` տոնական օրերին, այլ համապատասխան պայմաններ ստեղծել` գոնե չխանգարելով նրա ստեղծագործելուն:
Ի՞նչ է ստացվում. Հայաստանի Հանրապետության անունից կոչումներ են շնորհում մարդկանց, ովքեր տարբեր «աշխատանք» են կատարում` ոմանք նպաստում են արվեստի զարգացմանը /ի դեպ, այսպիսիք սովորաբար աչքի չեն էլ ընկնում, նրանք իրենց գործն են անում/, մյուսներն ուղղակի անում են այն, ինչ իրենց է դուր գալիս:
Նախագահի հրամանով, ՀՀ Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արմենչիկին շնորհել են ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Շնորհավորում ենք Արմենչիկին, և պետք է փաստել, որ նա իր ժանրում հիրավի աշխատում է և լավ էլ վաստակում: Հավանաբար, հենց այս վաստակն էլ նկատի են ունեցել` շեշտելով, թե պարգևը տրվում է երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար:
Խնդիրն այն է, որ վերևներից, կարծես, հրահանգ է իջնում` ինչն է խրախուսվում և ինչը նպաստում արվեստի զարգացմանը: Կներեք, բայց ո՞ր արվեստի մասին է խոսքը… Խնդիրն ամենևին էլ Արմենչիկը չէ, այլ այն, որ նման երաժշտությունը ձեր պարգևներով հանում եք ռեստորաններից, նպաստում դրա` արվեստ կոչվելուն:
Համահարթեցում արվեստի ու այն երաժշտության ոլորտում, որը ներկայացվում է ռեստորաններում` սա է ձեր կոչումների հետևում թաքնված: Ստացվում է` ձեր կոչումներով նաև համեմատում եք մարդկանց:
Աննա Մայիլյան, Արամ Թալալյան, Դավիթ Ամալյան, Ֆորշ, Ներսես Իսպիրյան, Գայանե Հովհաննիսյան, Սերգեյ Խաչատրյան, Հայկ Մելիքյան, Արման Հովհաննիսյան, Ալլա Լևոնյան, Արմենչիկ... Մենք` չէ, դուք եք նրանց, նույն կոչումը տալով, նույն հարթակի վրա ներկայացնում:
Տիգրան Համասյան, Ռուբեն Հախվերդյան, Լիլիթ Պիպոյան, Վահան Արծրունի... Մարդիկ, ովքեր չունեն կոչումներ ու, փառք Աստծո, որ չունեն:
Արձակագիր Լևոն Խեչոյանը, ով նաև Արցախյան պատերազմին է մասնակցել, 2013-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվեց: Ինչպես պարգևատրվեց, այնպես էլ հրաժարվեց` պատճառաբանելով, թե երկրում արտագաղթ է, և իր ազատամարտիկ ընկերներն ապրում են անապահով պայմաններում: Խեչոյանը հրաժարվեց պարգևից, հրաժարվեց` չուզենալով իրեն բարձր դասել մյուսներից և չհասկանալով` պարգևի իմաստը ո՞րն է…
Արմենչիկն ի՞նչ մեղավոր է, որ իրեն կոչում են տվել: Նույնն է, թե առաջիկայում նրան հրավիրեն Հայաստան` հյուրախաղերի` «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունենալու, ու մենք Արմենչիկին մեղադրենք դրանում: Մի խոսքով` կոչումները վաղուց արդեն նավթալինի բույր են տարածում, և ժամանակն է ազատվել այդ բույրից:
Հ. Գ. Կոչումները, սակայն, մեկ դրական կողմ ունեն` հանկարծ պարզվում է, որ հանրության մեծ մասը դասական երաժշտության սիրահար է, ուղղակի այդ մասին ոչ ոք չգիտի:
Կարինե Հարությունյան