Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բազմաթիվ հայերի հետ, այս պահին, ադրբեջանական գերության մեջ են նաև Արցախի նախկին նախագահները, նախկին պետնախարարն ու արտգործնախարարը, ՊԲ բանակի նախկին հրամանատարն ու տեղակալը, Արցախի ԱԺ նախագահը։ Բազմաթիվ արցախցիների վկայությամբ՝ նախկին նախագահները, ԱԺ նախագահը, ՊԲ նախկին հրամանատարը բազմաթիվ հնարավորություններ են ունեցել սեպտեմբերի 19-ին հաջորդող օրերին անմիջապես դուրս գալու Արցախից, սակայն նրանք հայտարարել են, որ ամենավերջինն են դուրս գալու՝ ժողովրդից հետո, արդյունքում գերեվարվել են։ Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին ինքնակամ էր ներկայացել իրավապահ մարմիններին Ադրբեջանի օկուպացրած Շուշի քաղաքում:
Նախկին պետնախարարին և ԲՊ հրամանատարի նախկին տեղակալին ադրբեջանական կողմն առևանգել էր Հակարիի կամրջի անցակետից։
Արցախի նախկին բոլոր պաշտոնյաներին Բաքվում առաջադրվել է շինծու մեղադրանք, նրանք մի քանի ամսով կալանավորված են։
168.am-ի հետ զրույցումԱրցախի ԱԺ «ՀՅ Դաշնակություն» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը խոսելով նշված մարդկանց ճակատագրից ու հայրենիք վերադարձնելու ճանապարհներից, ասաց, որ ամեն ինչ պետք է արվի՝ նրանց գերությունից ազատելու համար։
«Բնականաբար, պետք է և՛ Ադրբեջանի հետ բանակցվի, և՛ միջնորդների, որպեսզի այդ հարցին լուծում տրվի։ Իհարկե, որոշակի բաներ արվում են, արդյունքը, տեսնենք՝ ինչ է լինելու։
Սփյուռքում ևս աշխատանք արվում է, սակայն ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանը չի իրականացնում միջազգային կառույցների կայացրած որոշումներն ու չի ենթարկվում ճնշումներին։
Իհարկե, սա ծանր աշխատանք է և դժվարին, բայց պետք է այդ աշխատանքն արվի»,- նշեց Վահրամ Բալայանը։
Նա հիշեցրեց, որ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո հարյուրավոր գերիներ այդպես էլ հայրենիք չվերադարձվեցին, որքան էլ միջազգային այս կամ այն կառույցը որոշում կայացրեց գերիներին վերադարձնելու համար, միևնույն է՝ Ադրբեջանը չենթարկվեց։
«Ցավոք, դժվար է ասել՝ ինչ կլինի, բայց կրկնում եմ՝ հսկայական ու դժվարին աշխատանք պետք է տարվի»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։