կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-12 12:24
Առանց Կատեգորիա

Գանձասարի վիճելի պարիսպները

Գանձասարի վիճելի պարիսպները

Օրերս հերթական աղմուկը բարձրացավ` այս անգամ Արցախի  Գանձասար վանքի պարսպի սալիկապատման աշխատանքների հետ կապված: Տարբեր կարծիքներ հնչեցին, մեկը շինարարությունը §վանդալիզմ¦ անվանեց, մյուսը` գործարար Լեւոն Հայրապետյանի հերթական բարեգործությունը` ի նպաստ եկեղեցու պահպանման:

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս կրքեր չբորբոքել եւ հարցերին համակողմանիորեն մոտենալ:  «Երբեմն ստիպված ենք լինում արդի կյանքի հետ ոտք մեկնելու, ճիշտ է` քարացած օրենքին գուցե հակառակ ենք գնում, բայց կյանքի պահանջին ստիպված ենք գնալ»,- անդրադառնալով բարձրացված աղմուկին, ասաց նա:

Սալիկապատման գաղափարը եղել է գործարար Լեւոն Հայրապետյանինը, ում առաջարկությանը համաձայնվելով, Պարգեւ Սրբազանը դիմել է Արցախի հուշարձանների վարչությանը, սակայն բացասական պատասխան է ստացել:

Մինչ այդ արդեն մեկնարկած աշխատանքները, բացասական որոշումից հետո դադարեցվել են, սակայն օրեր առաջ վերսկսվել են` մինչեւ Արցախի անկախության 20-ամյակը` սեպտեմբերի 2-ը ավարտելու նպատակով:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը տեղի ունեցող շինարարությունն անընդունելի է համարում: «Սա  նախնիների հիշատակի հանդեպ անհարգալից վերաբերմունքի հերթական նշանն է, իսկ նման բաներ մեր գործող եկեղեցիներում շատ են տեղի ունենում»,- ասաց նա, որպես օրինակ նշելով, թե ինչ տեղի ունեցավ Տաթեւի գործող եկեղեցում` «1000 տարեկան եկեղեցու հատակը մետլախ է»: Հուշարձանագետը մեղադրում է հոգեւորականներին, ովքեր փորձում են  իրենց «աշխատավայրն» ավելի հարմարավետ դարձնել:

Պարգեւ Սրբազանն այստեղ հիշում է Քրիստոսի խոսքերը`  «Հարկ լուծանել զօրենս», այսինքին` պահանջը օրենքից ավելի գերադասելի է:

Վիճելի է համարվում նաեւ եկեղեցու պարսպի «տարիքը»: Ոմանք որպես կառուցման ժամանակաշրջան նշում են 13-րդ դարը, իսկ Լեւոն Հայրապետյանի «թիմակիցները¦ ասում են, թե պարիսպը քանդվել եւ նորից կառուցվել  է ընդամենը 1980-ականներին:

Պարգեւ Սրբազանը համոզված է` պարիսպ եղել է նաեւ  7-10-րդ դարերում, որովհետեւ Գանձասարը մեծ վանք է եղել եւ չէր կարող պարիսպ չունենալ, բայց նաեւ հիշեցնում է, որ այն բազմաթիվ անգամներ քանդվել ու վերակառուվել է, հենց այդ պատճառով էլ ներկայից պարսպի 90-95 տոկոսը ցեմենտից է: Նրա խոսքերով անզեն աչքով էլ երեւում է, որ ներկայիս պարիսպը 1,5 մետր ծռություն ունի, խոտեր են աճում պարսպին եւ  վերանորոգման կարիք կա: «Որպեսզի պարիսպը կարողանա նորմալ մի քանի տասնյակ տարիներ պահպանել, պետք է երեսապատել: Իսկ 90 տոկոսով  ցեխ ու ցեմենտից կազմված պարիսպը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետաքրքրել չի կարող, նրան կհետաքրքրի միայն 13-րդ դարում կառուցված տաճարը»- համոզված է Սրբազանը:

Սամվել Կարապետյանը համոզված է` պարիսպը նույնությամբ վերականգնել հնարավոր էր, եւ շատ էլ թանկ չէր արժենա: Իսկ, որ  նախկինում նորոգություն է տեղի ունեցել ցեմենտով, սա արդեն մի սխալ է եւ  չի կարելի այն վկայակոչելով նոր սխալ անել:

Գանձասարի հոգեւոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը գոհ է տեղի ունեցող շինարարությունից: «Երբ բարերարը գավիթն ամբողջությամբ վերանորոգում էր, ո՞ւր էին ճարտարապետները, երբ եկեղեցում սալահատակ էին անում,երբ խորանն էր թարմացվում, ո՞ւր էին նրանք: Մենք ներսից բոլորը նույնն ենք թողնում, դրսից է սալապատվում, այդ դեպքում եկեք ասֆալտն էլ քանդենք, ասենք 13-րդ դարում ասֆալտ չկար: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ ամբողջ պատը ցեմենտ-բետոն է, ուզում եմ հարցնել էդ հուշարձանների վարչությանը, տուրիզմի վարչությանը, 13-րդ դարում Հասան Ջալալյան իշխանը  Արարատի՞ց է առել ցեմենտը, թե՞ Հրազդանից»,- հարցնում է քահանան:

Նույնն է պնդում նաեւ բարերարի եղբայրը` Վլադիմիր Հայրապետյանը, ով բարձրացված աղմուկի տակ այլ ենթատեքստ գտնել է փորձում, եւ կարծում է, որ դա ոչ թե վանքի պարսպի սալապատման դեմ է, այլ անձամբ իրենց է ուղղված:

Պարգեւ Սրբազանը  հիշեցրեց, որ Վազգեն Ա. կաթողիկոսն էլ վերանորոգել է Էջմիածնի` ցեխից պարիսպը, փոխարենը քարե պարիսպ կառուցելով: Նույնն արվել է  Հռիփսիմե վանքում, Գեղարդավանքում, Խոր Վիրապում, Գայանե վանքում եւ այլ տեղերում:

Իսկ Սամվել Կարապետյանը նկատում է` հայկական գրեթե  բոլոր եկեղեցիների պատերը խամ քարից են եղել, միայն եկեղեցին է սրբատաշ քարով կառուցվում` ուշադրությունը հենց կառույցի վրա սեւեռելու նպատակով:

Տեր Գրիգորը Գանձասարի արժեքը համարում է ոչ թե  պարիսպը, այլ խորանի տակ պահվող սուրբ մասունքները` Հովհաննես  Մկրտիչ, Գրիգոր Լուսավորիչ, Զաքարիա, Գրիգորիս...

 

Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ