Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մառ-Օրբելի, 1-7 աշտարակները։
Այլ անվանումներով՝ Հին քաղաքի պարսպներ:
Պատմությունը և նկարագրությունը․
961 թ․ հայոց Բագրատունի թագավորներից Աշոտ Երրորդը Հայաստանի մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Անի։ Մոտ 964 թ․ նա Անիի նեղ հատվածում կառուցել տվեց իր նոր քաղաքի պարիսպները՝ միջնաբերդից ներքև, մի փոքր դեպի հյուսիս։ Հավանաբար այս հատվածում եղել է մինչ այդ գոյություն ունեցած պաշտպանական գիծ։ Այն, հնարավոր է, հողային պատվար է եղել, քանի որ Աշոտյան պարիսպները, ըստ երևույթին, կառուցվել են հողային պատվարի դիմաց։
Անին այնքան արագ է աճել, որ հետագայում դեպի հյուսիս ձգվող պաշտպանական կառույցների մի երկար շարքի՝ Սմբատյան պարիսպների կառուցումն ավարտին հասցնելու համար մեկ սերնդից էլ ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ եղել։ Ենթադրվում է, որ Աշոտյան պարիսպներն, ի վերջո, դուրս են եկել գործածությունից և ավերակների վերածվել։
Աշոտյան պարիսպներն ունեցել են վեց կամ յոթ կիսաշրջանաձև աշտարակներ1։ Ենթադրվում է, որ ամեն աշտարակի ներսում մատուռ է եղել։ Երկու աշտարակները՝ պարսպի արևելյան ծայրամասում՝ Մանուչեհր մզկիթի դիմաց, ավելի լայն են եղել և ձգվել են պարսպից էլ ավելի դուրս, քան մնացածը, իսկ նրանց միջև մի դարպաս է եղել։
Նիկողայոս Մառը Աշոտյան պարիսպներն ուսումնասիրել է 1893 թ․։ Մինչ այդ պարիսպները տեսանելի են եղել գետնի վրայից ցածր թմբերի տեսքով։ Պեղումները բացահայտել են, որ ավելի ուշ շրջանում տները կառուցվել էին աշտարակների կողքին։ Մառը ենթադրում է, որ այդ տների մեջ ապրել են Անիի ամենաաղքատ բնակիչները, քանի որ այդ ավերակներում չէր գտնվել արվեստի գործի որևէ հետք, վաճառականության կամ առևտրային գործունեություն որևէ նշան։
1910 թ․ Մառը մտադիր էր պեղել Աշոտյան պարիսպների աշտարակները դրանց հիմքերից ներքև՝ դարպասի մոտ, բայց նա հայտնաբերեց, որ ջրատար խողովակները անցում են հողաթմբերի միջով, որոնք ծածկում էին պարիսպների ներքևի հատվածները։ Նա որոշեց խողովակներին ձեռք չտալ և ավելի խորը չփորել։ Պեղումները երևան հանեցին, որ դարպասի մոտ ժամանակին եղել է մի ընդարձակ բաց հրապարակ, որը հետագայում ծածկվել է շինություններով։
Մառը Աշոտյան պարիսպների ներսում ընկած հատվածը անվանում է «ներքին քաղաք» կամ «հին քաղաք», իսկ Աշոտյան պարիսպների ու Սմբատյան նոր պարիսպների միջև ընկած հատվածը՝ «նոր քաղաք»․ այդ եզրույթները օգտագործվում են տարբերակման նպատակով։ Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ Անին «նոր քաղաքի» տարածքում տարածվել է Աշոտյան պարիսպների կառուցումից շատ առաջ։
Ծանոթագրություններ․
1. Նիկողայոս Մառի՝ 1934 թ․ հրատարակված «Անի» գրքում Անիի նախագծում Աշոտյան պարիսպների վրա կան յոթ աշտարակներ։ Այդ աշտարակները նա դասակարգում է 1-ից 7-րդ համարներով; 1 և 2-ը այն աշտարակներն են, որոնք շրջապատում են դարպասը։ 7-րդ աշտարակի ձևը՝ արևմտյան աշտարակը, Մառի նախագծում հստակ չէ․ հնարավոր է այնտեղ պեղումներ չեն իրականացվել։ Այնուամենայնիվ, նույն գրքի երկրորդ մասում՝՝ գլուխ 6-րդում, նա գրում է, որ պարիսպներն ունեցել են 6 աշտարակներ։
http://virtualani.org/wallofashot/index.htm
Անգլերենից թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net