կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-14 16:42
Արցախ

«Հրաշափառի» արարողություն` Գանձասարի վանքում

«Հրաշափառի» արարողություն` Գանձասարի վանքում

Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետություն ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելեցին Գանձասարի վանք։
     Վանքի մուտքին Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ողջունեցին պատմական այս առիթով հավաքված բազում հայորդիներ՝ զինվորականներ, պատանիներ և տարեցներ։ Թեմի եկեղեցականներից և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հոգևոր սպասավորներից կազմված թափորը Ամենայն Հայոց Հայրապետին և Կիլիկիո Կաթողիկոսին, վանքի զանգերի հաղթական ղողանջների ուղեկցությամբ, «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո առաջնորդեց Ս․ Հովհաննես Մկրտիչ պատմական տաճար, ուր կատարվեց միասնական աղոթք Արցախ աշխարհի խաղաղության համար։
     Սաղմոսերգությունից և «Առ դռանն սրբոյ եկեղեցւոյ» աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի այցն Արցախ ողջունեց թեմակալ առաջնորդ Պարգև Սրբազանը։ 
     «Այսօր Գանձասարի վանքը, Արցախ աշխարհը ցնծության մեջ է․ Հայոց Հայրապետներն օրհասական պահի եկել են Արցախ, այս պատմական վանքը՝ գոտեպնդելու ժողովրդին, Արցախի իշխանություններին, հայ զինվորներին ու հայ հոգևորականներին, որպեսզի մենք ամենքս գոտեպնդված կարողանանք մեր առաքելությունը շարունակել։ Հենց օրհասական պահին մենք վկա ենք պատմական մի իրողության, երբ մեր Հայրապետները մեր կողքին են, մեզ հետ են՝ զորացնելու մեզ Աստծով», - նշեց Սրբազան Հայրն իր խոսքում։ 
     Այնուհետև ներկաներին և ողջ արցախահայությանը իր զորակցության պատգամն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ասելով․
     «Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը, Հայրապետական Մեր սերն ու աղոթքը և աշխարհասփյուռ ձեր եղբայրների ու քույրերի զորակցությունն ենք բերում ձեզ: Այսօր Մեր սիրելի հոգևոր եղբոր` Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ եկել ենք նվիրական այս եկեղեցու կամարների ներքո ձեզ հետ միասին աղոթքբարձրացնելու Արցախ աշխարհի խաղաղ կյանքի համար: Եկել ենք աղոթելու մեր զինվորների անվտանգ ու ապահով ծառայության համար: Եկել ենք զորակցություն բերելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, ողջ արցախահայ մեր ժողովրդին` Արցախի խաղաղ, լուսավոր կյանքը կերտելու իրենց ջանքերում: Եկել ենք` գոտեպնդելու Արցախի մեր ժողովրդին, գոտեպնդելով՝ նաև գոտեպնդվելու արցախահայության անկոտրում կամքով և քաջարի ոգով մեր զինվորների: Փառք քեզ, արցախահայություն, փառք քեզ, Հայոց բանակ: Հպարտ ենք ձեզանով, ձեր սխրանքներով, ձեր խիզախ պահվածքով:
     Գոհություն Աստծո, Հայոց բանակի արիասիրտ զինվորները հերոսաբար դիմակայեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին: Խափանեցին ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու նենգ ծրագիրը: Հակառակորդի մարտական զենքերը, որքան էլ ժամանակակից, անկարող եղան հաղթանակ ապահովելու: Ավետարանական պատումի նմանությամբ թշնամու զորքերը հողմերի պես բախվեցին ազատության և անկախության ապառաժի վրա հաստատված Արցախին: Հակառակորդի դեմ ելավ անկախության սերունդը, ելավ` հավատքով խրոխտ պաշտպանելու իր հայրերի քաջագործությամբ կերտված ազատությունն Արցախի: Նրանց մեջ ոգին էր իրենց հայրերի, նրանց մեջ ոգին էր Ավարայրի ու Սարդարապատի: Նրանք «կտրիճներ եղան պատերազմի մեջ, - ըստ առաքելական խոսքի, - և հաղթեցին …» (Եբր. 11.34), քանզի «ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին» (Ա Հովհ. 5.4): Քաջաբար կանգնած ընդդեմ մահու՝ նրանցից ոմանք ընկան մարտերում: Արյան վկայությունը Մեր զավակների, բարձրացավ առ Աստված: Եվ տեսավ Բարձրյալը, որ անմեղ է քաջերի արյունը, տեսավ, որ արդար է հայրենյաց մեր հերոս պաշտպանների գործը: Եվ Իր զորությունը հեղեց Աստված Արցախ աշխարհի վրա, Իր զորությունը պարգևեց՝ ետ շպրտելու թշնամում։ Հակառակորդը թողեց ավերված շինություններ, անմեղ զոհեր, այդ թվում՝ երեխա ու կանայք, սպանված ու վայրագորեն խոշտանգված ծերեր, անդամահատված հայ զինվորների մարմիններ: Այդ ոճրագործությունները ադրբեջանական կողմը հպարտությամբ ցուցադրում և տարածում էր համացանցով` ներկայացնելով որպես քաջագործություն` ցրելու վախը իր զինվորների, իր բնակչությանը պահելու ռազմատենչության ու հայատյացության մեջ՝ սքողելով իր պարտության իրողությունը: 
     Արցախի սահմաններից հայրենասիրությունն ու ազգանվիրումը ալիքվեց ու տարածվեց և համախմբեց ի սփյուռս աշխարհի Մեր զավակներին, որոնք դարձան բռունցք, որպեսզի ամուր պահեն սահմանները Արցախ աշխարհի։ Բազում հայորդիներ կամավոր մեկնեցին Արցախ և այսօր էլ նորեր համալրում են շարքերը հայոց բանակի` զորակցելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները ևս աղոթքով, խաչով ու Ավետարանով օրհնում ու քաջալերում են հայրենյաց պաշտպաններին, որպեսզի մեր մարտիկները հոգով զորանան, միշտ արիասիրտ մնան ընդդեմ հակառակորդի ռազմական արկածախնդրության: 
      Սիրելի ժողովուրդ հայոց, հայրենյաց սահմանին իրավիճակը դեռ մնում է լարված: Մշտապատրաստ լինենք զսպելու մեր դեմ ամեն ոտնձգություն և կանխելու ծրագրվող ամեն ոճրագործություն: Հայրենիքի սահմանների պաշտպանության պայքարի հետ մենք պիտի շարունակենք ավելիով ջանքեր բերել միջազգային տեղեկատվական և քաղաքական հարթակներում: Արցախյան իրադարձությունների մասին ի լուր աշխարհի բարձրաձայնումը կարևոր է ինչպես միջազգային հանրության կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այնպես և Ադրբեջանին հովանավորող ցեղասպան Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության զսպման և տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Հավատում ենք, սիրելիներ, առաջադեմ աշխարհը, որ ջատագովն է մարդու իրավունքների պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, մարդկության դեմ գործվող ոճիրների կանխարգելման, պիտի աջակից լինի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: 
Աղոթենք և հայցենք, սիրելի հայորդիներ, որ Բարձրյալն Աստված զորակից լինի և արդյունավորում շնորհի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման բոլոր բարի ջանքերին: Թող Տերը զորություն պարգևի մեր ժողովրդին՝ կյանքի կոչելու հզոր Հայրենիքի, անվտանգ ու բարօր կյանքի մեր տեսիլքները, որի համար նահատակվեցին մեր զավակները: Աղոթենք մեր նահատակների հոգիների հանգստության համար, որդեկորույս ու սգացյալ մեր մայրերի համար, որ հայրենասիրության զգացումով պարուրեցին իրենց սրտերի տրտմությունը: Հայցենք, որ խաղաղություն լինի հայրենի մեր երկրում և համայն մարդկության կյանքում: 
     Աստված Փրկիչ մեր, պահիր և պահպանիր Քեզ ապավինած և հուսացած Քո ժողովրդին, շնորհիր սեր, հաստատություն և ըղձալի խաղաղություն Քո սուրբ և պատվական Խաչի հովանու ներքո այսօր և հավիտյան. ամեն»։
Այս առիթով խոսք ասաց նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը՝ իր հերթին զորակցություն հայտնելով Արցախի ժողովրդին ու հայոց բանակին և կոչ ուղղելով հայությանը մեկտեղելու ուժերը՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ կյանքի։ Արամ Ա Հայրապետը նշեց, որ առաջին անգամ է այցելում Արցախ, սակայն Արցախը միշտ եղել է իր սրտում և հոգում։ «Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և երբեք ոտնձգություն չենք արել, սակայն երբեք չենք թողել, որ մեր թշնամիները մեր արդար իրավունքները ոտնահարեն։ Թշնամին պետք է գիտենա, որ Արցախի մեր ժողովուրդը առանձին չէ, այլ ունի զորակցությունը ողջ հայ ժողովրդի։ Պատմությունը մեզ սովորեցրել է, որ ճակատագրական պահերին միասնական ուժը մեր մեծագույն զենքն է, հետևաբար այսօր ևս ողջ հայ ժողովուրդը միասնական այս ուժը պիտի օգտագործի՝ զորակցելու Արցախի մեր ժողովրդին և պաշտպանելու մեր նահատակների արյունով սրբագործված հողը», - շեշտեց Նորին Սրբությունը։ 
     Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին վանքի տարածքում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ «Գանձասար» գիտամշակութային կենտրոն, ուր ծանոթացան Արցախի տարբեր գրչատներում ստեղծված ձեռագիր մատյանների, Արցախի, մասնավորապես Գանձասարի պատմությունն արտացոլող հազվագյուտ արխիվային փաստաթղթերի և հնատիպ գրքերի ցուցադրությանը։ 
     Շրջայցից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ունկնդրեցին Վանք գյուղի դպրոցի սաների և զինվորների կողմից կատարված հայրենասիրական երգերն ու ասմունքը, ապա օրհնելով ներկա երիտասարդներին՝ նրանց ընծայեցին խաչեր։