Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 28-ին Արցախի հոգևոր կենտրոն Գանձասար վանական համալիրի տարածքում տեղի կունենա արցախցի կոմպոզիտոր Միլաս Մանասյանի «Գանձասար» սիմֆոնիայի շնորհանդեսը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ (երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան):
Մանասյանի «Գանձասար» սիմֆոնիան ձայնագրվել է 2012-ին: Սիմֆոնիայի շնորհանդեսը նվիրվում է անկախությունից հետո Արցախի թեմի վերաբացման 25-ամյակին: Հոբելյանական հանդիսությունների շարքում Շուշի քաղաքի կերպարվեստի պետական թանգարանում նախատեսվում է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարների անսամբլի կամերային երաժշտության համերգը:
***
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Միլաս Մանասյանը ծնվել է 1942 թվականի օգոստոսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարինտակ գյուղում: Մասնագիտական կրթություն ստացել է Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Ռ. Աթայանի ստեղծագործական դասարան): Մ. Մանասյանն իր ստեղծագործական գործունեության ընթացքում թողել է երաժշտական և գրական մեծ ժառանգություն. «Անուրջներ» բալետը, «Կյանքի ռիթմեր» բալետ-պոեզիան, հինգ սիմֆոնիա, կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, լարային կվարտետ, դաշնամուրային տրիո, «Մտորումներ և Արևելյան մեղեդիներ» դաշնամուրային ցիկլը, մանրանվագներ, մշակումներ՝ տարբեր նվագարանների համար, հարյուրից ավելի երգերի և ռոմանսների հեղինակ է: Մ. Մանասյանը 1989 թվականից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, հեղինակ է երկու վեպի, դրամաների, պոեմների և պատմվածքների: Կոմպոզիտոր Մ. Մանասյանը մահացել է 2014 թվականի հուլիսի 3-ին: