կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-31 15:50
Հասարակություն

400 հազար տուգանք` այգու պարիսպները քանդելուն խոչընդոտողներին. Արաբկիրի բնակիչներն ահաբեկված են

400 հազար տուգանք` այգու  պարիսպները քանդելուն խոչընդոտողներին. Արաբկիրի բնակիչներն ահաբեկված են

Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 90 հասցեում առավոտից լարված իրավիճակ է: Թաղապետ Հրայր Անտոնյանն, իր աշխատակիցների և տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ, առավոտյան եկել էր այստեղ` հետևելու թաղապետարանի աշխատակիցների կողմից այս հասցեում գտնվող այգու ցանկապատները հանելու գործողություններին: Ցանկապատները քանդելու նմանատիպ փորձ կատարվել էր երեկ, սակայն բնակիչները կանխել էին:

 

Երեկ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հարցը բարձրացրել է ավագանու նիստում, սակայն պարզվել է, որ կա տարածքը պուրակի վերածելու նախագիծ, որն արդեն հաստատված է: Նախագծի մասին տեղյակ չէին նաև տարածքի բնակիչները: Նրանք yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին իրենց մտահոգությունները: Բանն այն է, որ տարածքը նախկինում ցանկապատված չի եղել և վերածվել է թմրամոլների, կասկածելի վարքի տեր մարդկանց հավաքատեղիի: Դա կանխելու համար բնակիչներն իրենց միջոցներով ցանկապատ են կառուցել:

 

Թաղապետարանի նախագծով այգում նախատեսված է տեղադրել 16 նստարան, ցայտաղբյուր, ցանկապատ: Բնակիչների խոսքով` թաղապետը նախ իրենց խոստացել էր, որ ցանկապատը մեկուկես մետր բարձրություն կունենա, սակայն հետո պարզվել է, որ այն ընդամենը 90 սմ է լինելու:

 

Իսկ ինչ վերաբերում է նստարաններին, ապա մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը պատմեց. «Այդ նստարանների «քաղցրությունը» մենք տեսել ենք, ճաշակել ենք, հիմա չենք ուզում` մեր երեխաները դա տեսնեն: Այն ժամանակ գիշերներն ով ասես չէր գալիս այգի, ինչ ասես, որ չէին անում: Հետո կանայք այդտեղից պահպանակներ էին հավաքում, որ երեխաները չգնան-վերցնեն»:

 

Բնակիչը նշեց, որ դեմ չէ պուրակի կառուցմանը, պարզապես ցանկանում է, որ իրենց մտահոգություններն էլ հաշվի առնեն: Բնակիչների խոսքով` այսօր թաղապետը եկել և ահաբեկել է իրենց` նշելով, որ 400 հազար դրամով կտուգանի նրան, ով կխոչընդոտի թաղապետարանի աշխատակիցների աշխատանքներին:

 

Ցանկապատների հանման աշխատանքներին հետևող` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Միսկարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այգին վերածվելու է գեղեցիկ պուրակի, և որ բնակիչների մտահոգություններն անտեղի են:

 

Սակայն Ստյոպա Սաֆարյանը հակված չէ հավատալ այդ խոստումներին: «Ես չեմ հավատում, որովհետև իմ հավատալու համար պետք է տեսնեմ, որ նման բան չի արվում քաղաքի ոչ մի հատվածում: Այն փութաջանությունը, որով Արաբկիրի ղեկավարությունը փորձում է ցանկապատը հանել-տեղադրել, ավելի շատ մտահոգությունների տեղիք է տալիս»,- ասաց նա:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: