Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչի՞ համար է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Կազմակերպության կայքի համաձայն` նպատակը «խաղաղությանը նպաստող երկխոսության ծավալումն է հանուն «մարդկանց մտքերի խաղաղեցման», որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գլխավոր թեմաներից մեկն է»: Հենց այդ հաստատության ներսում, մեր վերջին դիտարկման համաձայն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն «ինչ-որ բան» է, որը ծառայում է սոսկ այն նպատակին, որ տեղավորի ուրիշ պաշտոններից զրկված մի քանի տնակյացների:
Ի դեպ, 2005-ի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրեթե ոչինչ չարեց, երբ ադրբեջանցիները ոչնչացրին Ջուղայի (Նախիջեւան) հարյուրավոր խաչքարեր: 2011-ի հունիսի 15-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Միրո» ցուցասրահում հայտարարված էր «Հայկական խաչքարերի արվեստը» ցուցահանդեսի բացումը Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարարի եւ դեսպանի ներկայությամբ: Բացումից ընդամենը մի քանի ժամ առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը կազմակերպիչներից պահանջեց խաչքարերի լուսանկարների մակագրություններից հանել վայրերի նշումները, թողնելով միայն տարեթվերը:
Պատկերացրեք խաչքարերի հարյուրավոր լուսանկարներ լոկ տարեթվերի նշումներով: Չբավարարվելով հայկական մշակութային հիշողությունը մասամբ ջնջող այս մտավոր ահաբեկչությամբ (ինչպես որ 80 տարի շարունակ թուրքերն են պատմությունը խեղաթյուրում դասագրքերում), կազմակերպության անարգ ղեկավարները հանեցին նաեւ պատմական մեծ քարտեզը, որը ստույգ ցուցադրում էր տարբեր խաչքարերի գտնվելու վայրերը:
Վիրավորանքին ստորություն ավելացնելով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության ներկայացուցիչները հրաժարվեցին ներկա գտնվել բացման արարողությանը եւ ելույթներին: Մի՞թե նրանք կկարողանային փարատել հարյուրավոր հրավիրյալների զայրույթը եւ այդ անբացատրելի իրավիճակի արդարացման պատճառներ գտնել:
Ըստ ՄԱԿ-ի բնորոշման` խաղաղության մշակույթը այն արժեքների, դիրքորոշումների, վարքագծերի եւ կենսակերպերի ամբողջությունն է, որոնք մերժում են բռնությունը եւ կանխում հակամարտությունները, դրանք արմատախիլ անելով անհատների, խմբերի եւ պետությունների երկխոսության ու բանակցության միջոցով:
Սրանք ուրիշներին քարոզելուց առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունն ինքը պետք է կիրառի այդ արժեքները, դիրքորոշումներն ու վարքագծերը, ինչպես նաեւ խորհրդածի Ժ. Ֆեռոնի հետեւյալ ասույթի մասին. «Ստրկամտությամբ է, որ դառնում են անիծյալ հոգի»:
Ֆրանսահայության անունից հրապարակված այս հաղորդագրության վերջում կոչ է արվում հայերին իրենց զայրույթն արտահայտելու համար գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը. էլ. փոստով` [email protected], նամակով` UNESCO-7, place de Fontenoy 75352 Paris 07 SP France: