Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը երեկ խորհրդարանում իսկական խաչակրաց արշավանք իրականացրին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ: Պատճառը, ըստ որոշ լուրերի, այն է, որ ՔՊ խմբակցության հետ անցած շաբաթ ունեցած փակ քննարկման բովանդակությունը հայտնվել է մամուլում, եւ թեկնածուն դժգոհել է ՔՊ-ական պատգամավորների՝ իր հանդեպ վերաբերմունքից։
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի լիազորությունները լրացել են նոյեմբերի 17-ին, տեւական ժամանակ լուրեր կային, որ այդ պաշտոնին հավակնում է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, նաեւ Ալեն Սիմոնյանն է իր խորհրդականին դիտարկում այդ պաշտոնի համար, սակայն Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ Հայկուհի Հարությունյանը պետք է շարունակի աշխատանքը: Գրել էինք, որ անգամ հանդիպում է եղել, եւ Փաշինյանը «դաբրո» է տվել Հարությունյանին, քանի որ գոհ է նրա քառամյա ծառայությունից` Հայկուհի Հարությունյանն առանձնապես աղմկոտ բացահայտումներ չի արել հեղափոխական իշխանության որեւէ պաշտոնյայի մասով, աչք է փակել մամուլում հայտնված եւ հրապարակայնացված տասնյակ փաստերի վրա, որտեղ կոռուպցիայի կասկածներ կան, եւ նրա ղեկավարած հանձնաժողովը պարտավոր էր դրանցով զբաղվել:
Մենք գրել էինք, որ 4 թեկնածու է ի սկզբանե առաջադրվել, սակայն երկուսը, հավանաբար իմանալով, որ իշխանության ֆավորիտը Հարությունյանն է, չեն մասնակցել մրցույթին, արդյունքում Հայկուհի Հարությունյանը ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ղեկավարած մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվել է որպես թեկնածու, եւ, ըստ օրենքի, պետք է խորհրդարանը փակ-գաղտնի քվեարկությամբ նրան ընտրի հանձնաժողովի անդամ, որից հետո հանձնաժողովականներն իրենք նախագահ կընտրեն։ Իշխանական պատգամավորներից երկրորդ «սռոկի» համար քվե ակնկալելու նպատակով էլ Հարությունյանը հանդիպել է ՔՊ-ականներին, որը, սակայն, ճակատագրական է լինելու նրա համար, քանի որ փակ հանդիպման արտահոսքն այնքան է նյարդայնացրել ուսապարկերին, որ նրանք բողոքել են Փաշինյանին՝ ասելով, որ չեն ընտրելու Հայկուհի Հարությունյանին: Սա նաեւ նշանակում է, որ անգամ ՔՊ թիմին կառավարելն է բարդացել, եւ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին ու չունի երբեմնի ազդեցությունը։ Նշենք, որ այդ հանդիպմանը հաջորդած մամուլի հրապարակումների համաձայն՝ խմբակցության մի քանի անդամներ Հարությունյանին հիշեցրել են իրենց, իրենց ընտանիքների անդամների եւ ընկերների առնչությամբ ձեռնարկած որոշ գործողությունները` դժգոհություն հայտնելով դրանց կապակցությամբ, եւ հասկացրել են, որ չեն պատրաստվում իրենց դեմ վարույթներ հարուցած թեկնածուին վերընտրել նախկին պաշտոնում։
Երեկ խորհրդարանում մոտ երկու տասնյակ ՔՊ-ական էր գրանցվել Հայկուհի Հարությունյանին բմբլելու համար, ոմանք՝ հաշիվ պահանջելու նպատակով։
Հարցուպատասխանի ընթացքում Հարությունյանը հայտարարեց, թե ՔՊ-ական պատգամավորների վերաբերյալ շուրջ 25 վարույթ է հարուցվել։
«Վարույթները հարուցվել են շահերի բախման՝ բիզնես գործունեության, անհամատեղելիության եւ հայտարարագրերի սխալ ներկայացման հիմքով։ Շահերի բախման հիմքով հարուցված վարույթը եղել է 1-ը, անհամատեղելիության հիմքով՝ 5-ը։ Եթե չեմ սխալվում, մինչեւ 25 պատգամավորի նկատմամբ վարույթներ են հարուցվել՝ տարբեր հիմքերով։ Կարծում եմ՝ նույն չափով կամ ավելին եղել են նաեւ հայտարարագրման ենթակա տվյալների սխալների մասով։ ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների անհամատեղելիության հարցը մանրամասն ուսումնասիրվել է, եւ գործունեության պարբերական վերահսկումը դարձել է հանձնաժողովի գործունեության անմիջական առարկա»,- մանրամասնեց Հայկուհի Հարությունյանը:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը որոշեց Հարությունյանի ներկայացրած վիճակագրության մի թվից կառչել եւ նրան ստախոս հանել՝ ասելով․ չնայած Դուք ամբիոնից 25 վարույթի մասին եք հայտարարում, բայց հանձնաժողովի կայքում հինգի մասին է նշված։ «Մենք ո՞նց Ձեզ ընտրենք»,- ասաց Կոնջորյանը, ասես դարի հանցանքն էր բացահայտել։ Արման Եղոյանն էլ հետաքրքրվեց. «Կարո՞ղ են արդյոք ձեր հարուցած այդ վարույթներն ազդեցություն ունենալ այսօրվա մեր քվեարկության վրա»։ Հայկուհի Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ քվեարկության արդյունքներն արդեն ուղիղ հարցի պատասխանը կտրամադրեն»։ Սա էլ չհանդուրժեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ով նիստը վարողի իրավունքով միջամտեց. «Տիկին Հարությունյան, այսինքն՝ Դուք այս պահին ԱԺ ամբիոնից հարցականի տա՞կ եք դնում ԱԺ պատգամավորների քվեարկության բարեխղճությունը եւ դա կապում եք ԱԺ պատգամավորի՝ իր նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս կամ այն վարույթի հե՞տ»։ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ իր պատասխանը կարող է ձեւակերպել քվեարկության արդյունքների հիման վրա։
Իսկ ամենաէպիկը Արուսյակ Ջուլհակյանն էր` իր հարցապնդմամբ․ լինելով հանձնաժողովի մրցութային հանձնաժողովի անդամ եւ Հարությունյանին ընտրելով որպես թեկնածու, նա հարց տվեց, որով մատնեց, որ աչք են փակել Հայկուհի Հարությունյանի՝ իբրեւ հանձնաժողովի նախագահ թույլ տված թերացումների վրա, մասնավորապես սեփական հայտարարագրի հետ կապված անճշտությունների։ Հարությունյանը պատասխանեց, որ ընդամենը տեխնիկական վրիպակ է եղել, սակայն թեման շարունակեցին այլ ՔՊ-ականներ, թե` որ Դուք լինեիք մեր տեղը, թերի հայտարարագիր լրացնեինք, կընտրեի՞ք մեզ։
Իսկ քննարկման ավարտին պատգամավոր Լուսինե Բադալյանն ուղիղ տեքստով ասաց, թե ինչը չի ներվելու Հայկուհի Հարությունյանին, եւ ինչու են դեմ տրամադրվել, այն է՝ փակ քննարկման բովանդակությունը մամուլին արտահոսք անելը։ Նկատենք, որ Հայկուհի Հարությունյանը շոկի մեջ էր իր նկատմամբ նման խմբակային հարձակումից, նիստերի ընդմիջման ժամանակ նա միայնակ դեսուդեն էր անում խորհրդարանի միջանցքներում եւ ոմանց մոտ անկեղծացել էր՝ եթե իմանար, որ չեն ընտրելու, չէր առաջադրվի, որ հարվածի տակ չդներ թե՛ իր, թե՛ կառույցի հեղինակությունը։ Նա այնքան էր նեղսրտել, որ լրագրողների հետ զրույցում չթաքցրեց` իշխանության ներկայացուցիչներից նախկինում իր նկատմամբ ճնշումներ են գործադրել` զանգեր է ստացել, սակայն տեղեկացրել է գործադիրի ղեկավարին, եւ այլեւս նման զանգեր չեն եղել։ Նրա քվեարկությունը կկայանա այսօր, սակայն ՔՊ-ում որոշել են չընտրել Հարությունյանին»։