Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 18-ից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր երկրորդ անգամ այցելել է Տավուշի մարզ, հանդիպել սահմանամերձ Ոսկեպարի, Բերքաբերի, Կիրանցի բնակիչների հետ։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ոչ բոլորին են ներս թողել, նրա հետ հանդիպման գնացած բնակիչներից էլ, նախորդ անգամվա պես, նախապես հավաքել են հեռախոսները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն այս պահին գտնվում է Ոսկեպարում և 168.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ փոխանցեց Փաշինյանի այցի ու հայտարարությունների վերաբերյալ, դրանց մասին իրեն հայտել են տեղի բնակիչները։
«Գիտեք, մի քանի շաբաթ առաջ Փաշինյանը Տավուշում ինչ էր ասել, որ իբր եթե զիջումների չգնան՝ թշնամին կհարձակվի։ Այս հանդիպմանը, ըստ բնակիչների, տարբեր է եղել, նա ասել է, որ որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ զիջում են ոչ թե ամբողջը, այլ գետի հատվածով։ Այսինքն՝ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ կա, եկեղեցու կողքով, գետի հատվածով են տալու։ Ասել է, իբր ադրբեջանցիների հետ պայմանավորվել են, որ նրանք առաջ չեն գալու, այսինքն՝ մի մասն է զիջելու։ Փոխարենը՝ Ադրբեջանը հայկական կողմին ոչինչ չի տալու։ Ասել է նաև, որ ճանապարհները Հայաստանի վերահսկողության տակ են լինելու, բայց նոր ճանապարհ են կառուցելու։
Իհարկե, այս ամենը «փափուկ բարձ է»»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա, եթե տավուշցիները համաձայն լինեին այդ զիջողականությանը, ապա մեկ շաբաթ առաջ ադրբեջանցի զինվորները կանգնած կլինեին Ոսկեպարում։
«Այդ մարդը տեսել է, որ Տավուշում կրքերը բորբոքված են, գնացել է հանգստացնելու, որովհետև զգացել է, որ ընդվզում կա, ժողովուրդը դեմ է։ Կարծում եմ՝ հանձնումը փուլային տարբերակով է անելու, որ շատ ընդվզում չլինի։
Այս ամենը փոխզիջում չէ, այլ միակողմանի զիջում։ Ճիշտ է, նրա դիրքորոշումը որոշ չափով փոխվել է, բայց նոր ասածներն էլ անորոշ են, կրկին բազմաթիվ խնդիրներ են առաջացնում։ Այս պահին սա կարող ենք գնահատել՝ որպես լարվածությունը թոթափելու փորձ»,- շեշտեց Գ. Դանիելյանը։
Մեր զրուցակիցը միաժամանակ ասաց, որ այս պահին էլ որևէ երաշխիք չկա, որ այդ զիջումներից հետո Ադրբեջանը չի գնա էսկալացիայի կամ այլ տարածք չի ուզի։
«Նա որևէ երաշխիք չի տալիս։ Կրկնում եմ՝ իր ասածներն այնքան իրարամերժ են, հակասական, որ խնդիրներն ավելի են մեծանում, շատ հնարավոր է՝ այդ մարդը կես ժամ հետո լրիվ ուրիշ հայտարարություն անի։ Բերքաբերում մի բան է ասել, Ոսկեպարում՝ մեկ այլ բան, Ոսկեպարում ասել է՝ Բերքաբերի հողերի հետ ինչ-որ փոխանակման հարց կա, իսկ Բերքաբերում բոլորովին այլ բան է ասել։ Մեզ համար առնվազն ամեն ինչ պարզ է, բայց բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է հստակ հարցադրումների միջոցով վեր հանվեն։ Մենք անընդհատ զբաղված ենք իր ստերը վեր հանելով, որովհետև անընդհատ մանիպուլյացիաներ է անում։
Բնակիչների կողմից հակադարձումներ, իհարկե, եղել են, բայց այսօր ինքը պատկեր կստանա, որ իր առաջ դրված խնդիրը կատարել է, պատկեր ստանալու համար է նա եկել Տավուշ»,- եզրափակեց Գառնիկ Դանիելյանը։
Աղբյուրը՝ 168.am