Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության շենքի առջեւ այսօր դարձյալ հավաքվել էին Փափազյան փողոցի ապամոնտաժված կրպակների տերերը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջոցով կրպակների վարձակալներն ու սեփականատերերը մտադիր են տեղ հասցնել իրենց նամակները` ուղղված Երեւան քաղաքի ավագանու անդամներին` պահանջելով դադարեցնել հիմքեր չունեցող այս գործընթացը, չապամոնտաժել իրենց կրպակները, հրավիրել Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստ եւ զեկուցման իրավունք տալ կրպակատերերի ներկայացուցիչներին:
Մեկ այլ դիմում էլ, որ «Ժառանգության» պատգամավորների միջոցով պետք է ներկայացվի Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջում է Սահմանադրական դատարանում վիճարկել Երեւանի քաղաքային իշխանությունների գործողությունների սահմանադրականությունը, խնդրի վերաբերյալ հանդես գալ արտահերթ զեկույցով կամ խնդիրն արտացոլել տարեկան զեկույցում, միջամտել գործողություններին եւ հանդես գալ գնահատականներով, թե ինչ հիմքերի վրա է կատարվում ապամոնտաժման գործընթացը Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում:
«Մենք մեր քայլերն արել ենք, երեկ դիմել ենք ԱԺ 6 մշտական հանձնաժողովներին` անհերքելի հիմնավորումներով, որ այս խնդիրն առնչվում է այդ բոլոր 6 հանձնաժողովներին միաժամանակ, եւ առաջարկել ենք հաջորդ շաբաթ հրավիրել համատեղ խորհրդարանական լսումներ, հրավիրել Երեւանի քաղաքային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին` քննարկելու գործողությունների իրանականությունը, հիմքերը, հետեւանքները եւ լուծումները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, այնքան էլ հավանական համարելով, որ այս հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի, նշեց, որ հերթական նստաշրջանն սկսվելուն պես, մտադիր են հանդես գալ համապատասխան նախաձեռնությամբ եւ խորհրդարանական լսումներ պահանջել:
«Այստեղ շատ մեծ զանգված կա, որոնց իրավունքները պիտի պաշտպանել, իսկ ԱԺ-ն պարտավոր է անդրադառնալ ցանկացած հարցի, որը վերաբերում է մեր քաղաքացիների իրավունքներին,- նշեց պատգամավորը:- Այս հարցը իշխանությունը շատ հանգիստ կարող էր լուծել, եթե իր ասածն ու արածը համապատասխանեին իրար: Ասում էին` չգործող կրպակներն ենք ապամոնտաժում, բայց, փաստորեն, ուր գնում ենք` գործող կրպակ ենք տեսնում: Փաստաթղթային ամբողջ հիմնավորումները` ապամոնտաժման մասին, օրինական չեն. բանավոր հայտարարությունների, բանավոր որոշումների հիման վրա են արվում: Մենք այդ օրինականությունն ենք պահանջում: Յուրաքանչյուր դեպքի համար կարելի է լուծել խնդիրն այնպես, որ այս սոցիալական հերթական բունտը, որ իշխանություններին ձեռնտու չէ, չհրահրվի: Մինչդեռ հակառակն է արվում»: