Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Հայաստանում մինչեւ օրս դեռ կանգուն բաներ են մնացել, ապա միայն ու միայն դրանց տնօրենների, ղեկավարների եւ պարզապես սրտացավ մարդկանց շնորհիվ: Ու նաեւ այն երջանիկ պատահականությամբ, որ դրանց մինչ օրս չի հասել հայ չինովնիկի ամենակործան ձեռքը:
Անկախության տարիներին ամեն ինչ սեփական բոստանի վերածելու հայկական հին սովորությունը մոռանալու փոխարեն, մենք ավելի ամրապնդեցինք, եւ ահա, խնդրեմ, մի վիճակի մեջ ենք, որ այդ տգեղ սովորությունը այլեւս կենսաձեւ է դարձել ու չինովնիկի ամենահասությունը հենց դրանով է չափվում` կարողացա՞ր մի բան քեզանով անել, կարողացա՞ր իրեր տեղաշարժել քեզ վստահված ոլորտում, կարողացա՞ր ոլորտին հասկացնել, որ նա այլեւս քոնն է, ուրեմն` մալադեց: Իսկ որ ոլորտը մեռնում է կամ, լավագույն դեպքում, ապրում որպես չինովնիկի անուն-ազգանունից կախ ընկած մի ավելորդություն, ոչ մեկին, կարծես չի հետաքրքրում:
Ի՞նչ ենք հասկանում Հայաստանի կրթության եւ գիտության համակարգ ասելով: Իհարկե` Արմեն Աշոտյան: Առողջապահության ոլորտ ասելով` Հարություն Քուշկյան, էկոնոմիկա եւ ֆինանսներ ասելով` մշտապես բացակայող նախարարներ, գյուղատնտեսություն ասելով` Գերասիմ Ալավերդյան (ոչ վաղ անցյալում), մշակույթ ասելով` Հասմիկ Պողոսյան եւ վերջապես` ՀՀ կառավարություն ասելով` Տիգրան Սարգսյան:
Պատճառն այն է, որ մենք այդ մարդկանց ամեն օր տեսնում ենք, բայց նրանց վստահված ոլորտների գոյությունը չենք զգում արդեն քանի տարի: Եթե այս թվարկված ու չթվարկված չինովնիկները չհայտնվեն որեւէ սկանդալի կենտրոնում, երեւի մենք չհիշենք էլ, որ այսպիսի կամ այնպիսի ոլորտ ունենք:
Շշմելու բան եմ ասում, բայց եթե, օրինակ, չլիներ օտարալեզու կրթությունը օրենքով պաշտպանելու աշոտյանական մարտիրոսությունը, չլիներ աղքատավարձից լացուկոծ անող գիտնականների տրտունջը, ո՞վ էր հիշելու գիտության ու կրթության մասին: Ոչ ոք: Բոլորի համար պարզապես կա մի մարդ` Արմեն Աշոտյանը, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար է: Վերջ, այսքանով ամեն ինչ ասված է:
Այսուհանդերձ` ամենաթշվառ վիճակում մեր մշակույթի ոլորտն է, որ մեզ է ներկայանում իր կենսաբան ղեկավարով` Հասմիկ Պողոսյանով: Թարսի պես էլ հենց այս ոլորտում են շատ այն մարդիկ, որոնց մասին խոսեցինք վերեւում` նշելով, թե նրանց շնորհիվ է, որ մինչ օրս որոշ կանգուն բաներ են մնացել Հայաստանում: Այդ մարդկանց հետ ուս ուսի Հասմիկ Պողոսյանը գուցեեւ կարողանար շատ բան շտկել, աշխուժացնել մշակութային կյանքը, որ մենք կարողանայինք հպարտությամբ արձանագրել, ինչպես Խորենացին դա արեց ժամանակին, թեեւ մենք ածու ենք փոքր, բայց մեզանում էլ հիշատակության արժանի բաներ շատ կան:
Բայց քանի որ Հասմիկ Պողոսյանը առաջնորդվում է միմիայն` «այստեղ հարցերը ես եմ տալիս» նշանաբանոով, մենք ունենք շատ տխուր մի վիճակ` մշակույթ ասելով` հասկանում ենք կենսաբան Հասմիկ Պողոսյան: Մինչդեռ մշակույթը շատ ավելի լայն հասկացություն է:
Բրիտանացի ֆելդմարշալ լորդ Ռեգլանը մի առիթով նկատել է, որ մշակույթը մոտավորապես այն ամենն է, ինչ անում ենք մենք, բայց չեն անում կապիկները: Այս կարճ ու կոնկրետ սահմանման կողքին մեր ոտանավորները, թե մշակույթը ազգի հոգեմտավոր կյանքի հանրագումարն է եւ տը, տը, տը, տը… լոլո է թվում, այնպես չէ՞: Այսինքն` մարդը, եթե ցանկանում է տարբերվել կապիկից, պետք է մշակույթ ստեղծի:
Հասմիկ Պողոսյանն էլ, որքան հասկանում ենք, այն պաշտոնյան է, որ մեզ պետք է օգնի այդ հարցում: Բայց, զարմանալիորեն, նա բոլորովին այլ ընթացքի մեջ է: Սկանդալ սկանդալի հետեւից, պատմություն՝ պատմության, որոնք ամենեւին էլ չեն խոսում այն մասին, որ մենք մշակութային ազգ ենք եւ մինչ օրս մի բան ունեցել ենք, որով տարբերվել ենք բիոլոգիապես մեր ամենամերձավոր հարեւանից:
Իսկ ի՞նչ կլինի, եթե հակառակվենք լորդ Ռեգլանի տեսությանն ու մի պահ մտածենք, որ մշակույթ կոչվածն, առհասարակ, գոյություն ունի մարդու կամքից անկախ, գոյություն ունի որպես մատերիա կամ Աստծո արարած մի բան, ինչպես ցամաքը, ջուրը, երկինքը, լույսը: Այդ դեպքում, այո, մեզ մշակույթի նախարար պետք չէր լինի: Մշակույթն անսպառ մատերիայի պես սփռված կլիներ մեր շուրջը եւ ցանկության դեպքում ամենքս մի փոքր բան կվերցնեինք մեզ հետ, որպեսզի դրանից մեր տներում էլ լինի: Չգիտեմ` ցավո՞ք, թե՞ բարեբախտաբար դա այդպես չէ: Մենք ստիպված ենք ինքներս մշակույթ ստեղծել, որվհետեւ, դարձյալ վերադառնանք լորդի տեսությանը, ցանկանում ենք տարբերվել բիոլոգիական այլ միացություններից:
Մեր մտահոգությունը` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այս հարցում մեզ հե՞տ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա նա պետք է դադարեցնի իր անմշակույթ արշավանքը մշակույթի օջախների ու այն մարդկանց նկատմամբ, ում ջանքերի գնով կանգուն են մնացել գոնե այդ օջախները: Ասվածն ամփոփենք` մեր հասարակությանը հիշեցնելով լեհ հայտնի փիլիսոփա, բանաստեղծ եւ հումորիստ Ստանիսլավ Եժի Լեցի խոսքերը. «Մշակույթը շատերի համար առաջնահերթ պահանջմունք է, որը կարելի է եւ չբավարարել»: Մեր կարծիքով` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գոնե ի պաշտոնե, իրավունք չունի լինել այդ շատերից մեկը:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ