Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախը հանդես է եկել որպես այն ազգակենտրոն գաղափարը, որի շուրջ ձևավորվել է նաև ազգային ազատագրական պայքարի հերթական փուլը 20-րդ դարի երկրորդ կեսին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով «Առանց Արցախի չկա Հայաստան» թեզի շուրջ ծավալված քննարկումը։
«Ըստ էության դա հանդես էր գալիս նաև որպես պետականակենտրոն գաղափար, որի շուրջ առկա է եղել ազգային համախմբում։ Ազգային ասելով՝ ոչ միայն Հայաստանի հայության, այլ նաև վերամիասնության մասին է խոսքը»,-ասաց Ալեքսանդր Մարկարովը։
Արցախը, նրա համոզմամբ, ունի, իհարկե, նաև ռազմավարական նշանակություն, որպես մի վայր, որտեղ ունենք հայություն, որը պայքարում է անկախության համար, և որը կարողացել է ձեռք բերել այն, պաշտպանել երկար ժամանակ անկախությունը և ձևավորել ազգային ինքնագիտակցություն, որտեղ «անկախությունը» հանդես է գալիս որպես բարձրագույն արժեք։
Մենք կարող ենք շարունակել, նշեց նա, բայց անգամ այսքանը բավարար է՝ հասկանալու համար Արցախի դերն ու նշանակությունը ազգային մտածողության, պետական մտածողության կերտումի համար։
Քաղաքագետը հավելեց ազգային անվտանգության խնդիրները․ Արցախը Հայաստանը դարձնում էր ավելի ուժեղ՝ երբ քո ռեսուրսն ավելի մեծ է, քո հնարավորություններն ավելի ընդարձակ են դառնում, քան ավելի փոքր ռեսուրսատարության պայմաններում։ Սա վերաբերում է ոչ միայն անվտանգությանը, այլև երկրի տնտեսությանը։
«Երբ անդրադառնում ենք հարցին, որ «Առանց Արցախ չկա Հայաստան»՝ մենք Արցախը դիտարկում ենք որպես անկախ պետական չճանաչված միավոր, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն էր երկար ժամանակ հանդիսանում՝ այն հանգամանքը, որ Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը պետք է ճանաչվեն։ Հայաստանը կար, կա և շարունակում է հանդես գալ որպես անկախ երկիր, բայց փոքր ռեսուրսներով երկրի ազդեցությունը և երկրի ազդեցությունը, որն ունի ավելի մեծ ռեսուրսային հնարավորություններ և՛ բնակչության, և՛ տարածքի, և՛ բնական պաշարների առումով, բնականաբար, ավելի է մեծանում»,-ասաց Ալեքսանդր Մարկարովը։
Արցախը հանդիսանում է որպես էլեմենտ, որն ուժեղացնում էր Հայաստանի դիրքերը նաև բանակցային ասպարեզում՝ վստահ է քաղաքագետը։ Միևնույն ժամանակ ստեղծել էր երկարատև բանակցային գործընթաց, որը հայտնի էր որպես «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ», որն ավարտվեց անցյալ տարի ռազմական գործողություններով։
«Բայց, բոլոր դեպքերում, առանց Արցախի կարող է տարբերվել Հայաստանի դերակատարությունը, դերը, նշանակությունը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում․ ես չեմ ասում ավելի լավ կամ ավելի վատ կարող է լինել, բայց, միանշանակորեն, տարբերվելու է այն կարգավիճակից, որը Հայաստանն ունեցել է, երբ վերահսկում էր այն տարածքները, որոնք այսօր մասամբ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ»,-վստահ է Ալեքսանդր Մարկարովը։
«Արցախն ուրացողը դավաճան է» արտահայտության համար ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորին նիստերի դահլիճից դուրս քարշ տալուն քաղաքագետը նայում է պատգամավորի կարգավիճակի դիտանկյունից․ «Կան հարցեր՝ կապված պատգամավորի կարգավիճակի հետ, որոնք, բնականաբար, պետք է ստանան համապատասխան կարգավորում և պետք է ստանան համապատասխան գնահատական այդ թվում ավելի շատ իրավական, այլ ոչ միայն քաղաքական»։
Աննա Բալյան