կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-15 00:16
Մշակույթ

Մեղքը գյումրեցիների վրա գցելը հեշտ է

Մեղքը գյումրեցիների վրա գցելը հեշտ է

Դեռեւս շարունակվում է հրատապ մնալ հանրահռչակ հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնման եւ «Արմավիա» օդանավակայանի տարածքում տեղադրվելու հետ կապված` գյումրեցիների պայքարի թեման:

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը նշեց, որ նրանք, ովքեր բողոքում են Ավետիսյանի որմնանկարները Երեւան տեղափոխելու դեմ, գյումրեցիներ չեն` «մի խումբ մարդիկ են»:

Ինչ ասել է` «մի խումբ մարդիկ են», եւ հետաքրքիր է, թե քանի գյումրեցիների դեպքում է Ս. Հարությունյանը նրանց գյումրեցի համարում: Նույն տրամաբանությամբ` կարելի է ասել, որ տիկին Հարությունյանը մշակույթի նախարարության աշխատակից չէ` մի մարդ է...

Նա նաեւ նշեց, որ այսքան տարիների ընթացքում գյումրեցիները երբեւէ հանդես չեն եկել Մ. Ավետիսյանի որմնանկարների հետ կապված կառուցողական առաջարկով, ասենք` պահակ կարգեին, ծածկոցի տակ առնեին որմնանկարները: ԵՐԿԻՐ-ի հարցին, թե արդյո՞ք մշակույթի նախարարությունն «այսքան տարիների ընթացքում» տեղյակ չի եղել, որ պահակ կամ ծածկոց է անհրաժեշտ, Ս.Հարությունյանը պատասխանեց. «Գիտեք, դրանք գտնվել են մասնավոր սեփականության տարածքում, եւ սեփականության տարածքի տնօրենը կասեր` ես` իմ տարածքը»:

Հարց է առաջանում` գյումրեցիներին մեղադրելու դեպքում արդյո՞ք չի գործում նույն` մասնավոր սեփականության տիրոջ ենթադրելի պատճառաբանությունը:

Ի դեպ, տիկին Հարությունյանը գյումրեցիների բարձրացրած բողոքի կապակցությամբ շեշտեց, որ Մինասի որմնանկարները ոչ մեկի սեփականությունը չեն, դրանք պատկանում են ՀՀ կառավարությանը: Կրկին հարց է առաջանում, եթե որմնանկարները ոչ մեկի սեփականությունը չեն, ապա ինչո՞ւ մշակույթի նախարարությունն «այսքան տարիների ընթացքում» մի պահակ եւ ծածկոց չի դրել...

«Գյումրին հնարավորություն ունի փրկելու մյուս որմնանկարները»,- իր խոսքը եզրափակեց Ս. Հարությունյանը: