կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-14 12:19
Հասարակություն

Հնարավոր է` հավելյալ բնակարաններ լինեն կարիքավոր գյումրեցիների համար

Հնարավոր է` հավելյալ բնակարաններ լինեն կարիքավոր գյումրեցիների համար

Գյումրեցի 13 անօթևան ընտանիքներին բնակարան գնելու` SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանի նախաձեռնության շնորհիվ արդեն 11 բնակարան է ձեռք բերվել, ևս երկու բնակարան այս պահին խոստման տեսքով կա. այսօր լրագրողներին հայտնեց «Երևանը Գյումրիի կողքին» դրամահավաքի կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ բրիտանական Crowdfunder կայքում հավաքվել է 26 000 ֆունտ, ևս 1000 ֆունտ հավաքվելու դեպքում իրենք կարող են գումարը ձեռք բերել:

«Բացի այդ` մարտի 19-ին տեղի կունենա բարեգործական աճուրդ, որտեղ կվաճառվեն բավականին արժեքավոր իրեր: Աճուրդի հետ կապված մանրամասները դեռ հայտնի չեն, բայց եթե այն դրսում տեղի ունենա, ավելի լավ կլինի, քանի որ ավելի թանկ գնով հնարավոր կլինի վաճառել մեր լոտերը: 11 807 000 դրամ էլ բարեգործական միջոցառումներից է հավաքվել, ինչը նշանակում է` մենք հավելյալ բնակարաններ գնելու հնարավորություն կունենանք»,- ասաց Սարգսյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ մարտի 20-ին Երևանում` Հյուսիսային պողոտայի  ցայտաղբյուրների մոտ, տեղի կունենա բարեգործական համերգ, որից ստացված հասույթը դարձյալ կփոխանցվի կարիքավոր ընտանիքներին բնակարան գնելուն:

«Համերգին կմասնակցեն Լիլիթ Կարապետյանը, Օլգա Այվազյանը, Մհերը, Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Հասմիկ Կարապետյանը, Սոնա Ռուբենյանը, «Ռեինկարնացիա»-ն… Ում դիմել ենք, բոլորը սիրով համաձայնել են: Եղել են դեպքեր, երբ իրենք են դիմել մեզ»,- ասաց Սարգսյանը: