կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-09 13:25
Հասարակություն

Թանկյանի ու Տարոնի ստորագրությամբ շապիկը նույնպես աճուրդի կհանվի անօթևան գյումրեցիների համար

Թանկյանի ու Տարոնի ստորագրությամբ շապիկը նույնպես աճուրդի կհանվի անօթևան գյումրեցիների համար

Գյումրեցի 13 անօթևան ընտանիքներին բնակարան գնելու` SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանի նախաձեռնությանն աջակցող մարդկանց թիվն օրեցօր ավելանում է:

Yerkir.am-ի հետ զրույցում «SOS Գյումրի» թիմի անդամ Արեն Մկրտչյանը հայտնեց, որ «Ռեալ»-ի մարզաշապիկներից մեկը երեկ մարզաբազա են տարել, որ փորձից հետո ֆուտբոլիստները ստորագրեն ու ուղարկեն Հայաստան: Նա նշեց, որ անհրաժեշտ 13 բնակարաններից փաստացի ունեն 9-ը, 4 բնակարանը դեռևս խոստման տեսքով է:

«Բացի այդ` բրիտանական Crowdfunder կայքում հավաքվել է 25 000 ֆունտ, սակայն կայքն ունի իր կանոնները` գումարը կարող է կորչել, եթե մինչև մարտի 22-ը 120 000 ֆունտ չհավաքվի: Մենք համաձայնության եկանք կայքի հետ, և գումարի շեմը հասցրինք 27 000 ֆունտի, ինչը նշանակում է, որ այդքան գումարն առաջիկայում կարող ենք հանել: Ունենք 13 օր` ևս երկու հազար ֆունտ հավաքելու: Անգամ` եթե չհավաքվի այդ գումարը, մենք 9 մլն կանխիկ գումար ունենք մեր հաշվեհամարների վրա, այնտեղից կհանենք դա, կսարքենք ֆունտ ու կփոխանցենք կայքին»,- ասաց Արենը:

Ըստ նրա` կայքում հավաքված գումարով կարող են գնել ևս 3 բնակարան, այսինքն` եթե խոստացված բնակարանները փոխանցվեն անօթևաններին, 3 «ավելի» բնակարան կմնա:

Ըստ Արենի` օրերս իրենց են նվիրել շապիկ` Սերժ Թանկյանի ու Տարոն Մալաքյանի ստորագրությամբ, որը նույնպես աճուրդի կհանվի մարտի 19-ին կայանալիք բարեգործական միջոցառման ժամանակ: Նա տեղեկացրեց նաև, որ աճուրդը վարելու պատրաստակամություն է հայտնել դերասան Հայկ Մարությանը /Կարգին Հայկոն/: 

Հիշեցնենք, որ նախաձեռնությանը միացել են «Ռեալ»-ը, Հենրիխ Մխիթարյանը, Ջուլֆալակյանները, իսկ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների հետ բանակցություններ են գնում, որպեսզի տեսաուղերձ նկարեն, որում կոչ անեն օգնել Գյումրու անօթևաններին: