Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցյալ տարի ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղում հայտնաբերված` հելլենիստական շրջանի ոսկե, արծաթե եւ բրոնզե` 100-ից ավելի իրերի պահպանման վայրի եւ ցուցադրման վերաբերյալ դեռեւս բանակցություններ են ընթանում են ՀՀ մշակույթի նախարարության հետ. «Երկիր»-ի թղթակցին տեղեկացրեց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։
Գանձերը գտնվում են Հայաստանի պատմության ազգային թանգարանում, քանի որ դրանք գտնողը՝ Անդրանիկ Կյուրեղյանը, որոշել է այդ հարստությունը Հայաստան տանել։ Ներկայումս գտածոներն ուսումնասիրվում են փորձագետների կողմից:
«Երկու կարծիք կա գտածոների պահպանման վերաբերյալ. առաջին` դրանք հայտնաբերվել են ԼՂՀ տարածքում եւ պետք է պահվեն Արցախի երկրագիտական թանգարանում, երկրորդ՝ նկատի ունենալով դրանց կարեւորությունը եւ պատմական նշանակությունը` պետք է գտնվեն Հայաստանի ազգային պատմական թանգարանում: Հենց այդ տարբերակներն էլ քննարկվում են բանակցություններըի ընթացքում»,- հայտնեց Սերգեյ Շահվերդյանը, որի կարծիքով` գանձերը պետք է պահպանվեն հայտնաբերման վայրից առավելագույնս մոտիկ` Արցախի երկրագիտական թանգարանում. «Դա ունիվերսալ սկզբունք է, որը վերաբերում է բոլոր պատմամշակութային արժեքներին»:
Հելլենիստական շրջանի (մ.թ.ա. 2-1 դարեր) իրեր` կարասներ, վերջերս հայտնաբերվել են նաեւ Ստեփանակերտ քաղաքի Մարիետա Շահինյան փողոցում` ավտոտնակ կառուցելու ժամանակ։ Սերգեյ Շահվերդյանի խոսքերով` նշված թաղամասում, որը հայտնի է իր կարասային թաղումներով, պեղումներն առայժմ չեն շարունակվելու, քանի որ այն խիտ բնակեցված է։ Տարածքը սակայն վերահսկողության տակ է, եւ ցանկացած պատմական արժեքի հայտնաբերման դեպքում կկատարվեն համապատասխան աշխատանքներ։
Հայտնաբերված կարասներն ու իրերը պահվում են պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունում։
Ս. Շահվերդյանը կարեւորում է ոչ միայն նյութերի հայտնաբերումը, այլ նաեւ այն, որ բնակիչներն ավելի ուշադիր են դարձել այդ հարցում. ցանկացած իր հայտնաբերելու դեպքում իսկույն տեղեկացնում են պատկան մարմիններին։