Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մերձավոր Արևելքի յուրօրինակ երկրներից Իրանը համարվում է ամենագրավիչ տուրիստական ուղղություններից մեկն ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով Իրանը երրորդ տեղն է զբաղեցնում իր պատմական հուշարձաններով: Այն եզակի երկրներից է, որն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ գտնվում է միաժամանակ մի քանի եղանակային գոտիներում: Մինչ լեռնագնացության սիրահարները Իրանի հյուսիսում Էլբուրսի լեռնաշղթայում արշավներ են վայելում, պատմաշակությային տուրիզմի սիրահարները բացահայտում են Աքեմենյան Պարսկաստանի ծիսական մայրաքաղաք Պերսեպոլիսը, «Անապատի հարս» կոչվող պատմական Յազդ քաղաքը, որն ամբողջությամբ կառուցված է դարչնագույն գեղեցիկ աղյուսով և իր սահմանափակ ջրային ռեսուրսներով կարողացել է գոյատևել անապատի սրտում վերածվելով օազիս դրախտավայրի, իսկ ծովային հանգիստ նախընտրողները տարին 12 ամիս կարող են արևայրուք ընդունել Պարսից ծոցի լողափներում ու տասնյակ կղզիներում: Ձևավորված թյուր կարծիք կա, թե Իրանը կրոնական տուրիզմի տեսանկյունից համարվում է բացառապես մուսուլմանական, այնինչ երկիրն իր մեջ ներառում է բազմաթիվ հայկական և համաքրիստոնեական հուշակոթողներ (Սբ.Թադևոս առաքյալի դամաբարան, Սբ.Ստեփանոս եկեղեցի, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանք), հրեական աստվածաշնչյան սրբավայրեր (Եսթեր թագուհու և Դանիել մարգարեի դամբարաններ …), զրադաշտական կրոնի մշակութային արժեք ներկայացնող տեսարժան վայրեր (ԼՌՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ, ԲԱՀՐԱՄ ԿՐԱԿԻ ՏԱՃԱՐ):
Ու թեև ամենատարբեր ազգության քաղաքացիների համար այն ցանկալի ու հետաքրքիր ճամփորդական ուղղություններից է, Հայաստանում դեպի Իրան տուրերը դեռևս այդքան էլ տարածված չեն: Ի տարբերության եվրոպացիների, մենք` ՀՀ քաղաքացիներս ունենք առանց վիզայի երկիր մուտք գործելու առավելություն, ուստի կարող ենք առիթը բաց չթողնել ու բացահայտել մեր հարևան երկիրն իր տարբեր և բազմապրոֆիլ ուղղություններով: «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Թեհրան կա շաբաթական 4 ուղիղ չվերթ, իսկ Թեհրանից մինչև Իրանի ցանկացած այլ շրջան, նույնիսկ ամենահեռավոր, կարելի է մատչելի պայմաններով հասնել մի շարք տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, ինքնաթիռ, գնացք): Իրանի մայրաքաղաքից ընդամենը 1 ժամ 40 րոպե տևող թռիչքով կհայտնվեք Պարսից ծոցի մարգարիտ Քիշ կղզում։
Կղզին իր օվալաձև մակերեսի և 91.5 կմ² տարածքի շնորհիվ 60-ական թվականներից էլ ավելի է զարգացել ու դարձել զբոսաշրջության հայտնի կենտրոններից մեկը: 1979թ. հեղափոխությունից հետո կղզու զարգացումը մոտ 10 տարով կանգ է առնում: 1990-ականների սկզբում Քիշ կզղին ստանում է հատուկ կարգավիճակ և դառնում է տնտեսական ազատ առևտրի գոտի: Կառուցվում են երկնաքերեր, հանգստի ու ժամանցի բազմաթիվ համալիրներ: Ունի մոտ 20.000 բնակչություն, որի միայն 15%-ն են կազմում արաբախոս տեղաբնակները:
Բազմազան հյուրանոցների միջև կա ճկուն ընտրության հնարավորություն` պայմանավորված ինչպես բյուջետային, այնպես էլ որակական ցուցիչներով: 1 գիշերվա համար կացության նվազգայույն վարձը կազմում է 10$ 2 աստղանի հյուրանոցի համարում, իսկ եթե ցանկանում եք գիշերել անմիջապես ջրի վրա կառուցված Toranj Hotel-ի ապակեպատ հատակով լյուքս դասի համարներում 1 գիշերվա համար պիտի վճարեք մոտ 160$: Քիշը համարվում է էկոկղզի, քանի որ կենցաղային ջրերը ֆիլտրացվում են և օգտագործվում բուսականության ոռոգման համար: Դրա շնորհիվ ծովի ջուրը և ավազեպատ լողափը մշտապես գտնվում են մաքուր վիճակում: Ջրային ատրակցիոնների սիրահարների համար բավականին մատչելի գներով նախատեսված են բոլոր հնարավոր զվարճանքները (diving, parasailing, underwater scooter, glass roof ship): Էքստրիմի սիրահարներին այստեղ անմոռանալի զգացողություններ կպարգևեն բանջի ջամփինգը և փոքր ուղղաթիռներով թռիչքները: Կղզին հետաքրքիր է նաև նրանով, որ այստեղ ժամանցի ու հանգստի հետ շատ նուրբ համադրված է նաև պատմական էքսկուրսը: Դրա վառ օրինակներից են 2500 ամյա Քարիզ ստորգետնյա քաղաքը, որը նախատեսված է ջուր հավաքելու համար և 9-րդ դարի Հարիրե քաղաքի ավերակները: Ազատ ժամանակ կարող եք այցելել կղզում գտնվող կենդանաբանական այգի, դելֆինարիում, թռչունների այգի ու ջրաշխարհ, մասնակցել սաֆարի տուրերի: Կղզու ողջ տարածքում կառուցված է հատուկ հեծանվային ճանապարհ: Ի դեպ ոչ թանկ գներով կարող եք վարձակալել թե հեծանիվ, թե մոտոցիկլետ:
Կղզու ներսում տեղաշարժը կազմակերպվում է բարձրակարգ տաքսիներով, որոնց գինը սկսվում է 300 դրամին համարժեք իրանական ռիալից: Եթե գտնվում եք Քիշում անպայման այցելեք «Koohe Nour» քարանձավային ռեստորան, որտեղ կարող եք համտեսել իրանական խոհանոցի բազմազան ուտեստներ, իսկ եթե ծովային սննդի սիրահար եք, խորհուրդ ենք տալիս այցելել «Havari» ռեստորան, որտեղ կվայելեք թարմ ծովամթերքի տեսականի: Երեկոյան գեղեցիկ ու համեղ ընթրիք կարող եք կազմակերպել ծովի ափին գտնվող «Hooklounge» ռեստորանում:
Քանի որ կղզին համարվում է ազատ տնտեսական գոտի, այստեղ հաստատ կգտնեք տարաբնույթ ոճերի հագուստներ, աքսեսուարներ, կոստմետիկ պարագաներ և այս ամենը մատչելի գներով (Mika Mall, Paradise Mall, Damon Mall, Kish Trade Center և այլն):
Իրանի հարուստ մշակույթի մասին կարելի է անվերջ խոսել, բայց ավելի լավ է մեկ անգամ տեսնել: Եթե այն որպես զբոսաշրջային ուղղություն ձեզ գրավեց, խորհուրդ ենք տալիս դիմել հայկական տուրիզմի շուկայում առաջատար Angels Armenia (https://www.facebook.com/AngelsTourArmenia) կազմակերպությանը, որոնց պրոֆեսիոնալ մասնագետները հագեցած ծրագրով խմբային ու անհատական տուրեր են կազմակերպում հենց այս ուղղությամբ: