Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը շարունակում է հանդիսատեսին ներկայացնել բացառիկ ու բարձրակարգ երաժշտական երեկոներ։ Հոկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում կայացավ ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։ Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին՝ օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Սիմֆոնիայում նկարագրված է մարդկային լավ ու վատ կողմերի պայքարը, դժվարին փորձությունները, ինքնավերլուծությունը և ի վերջո` լույսի հաղթանակը։
Թանկյանի ստեղծագործությունը բուռն ծափահարություններով ընդունվեց հանդիսատեսի կողմից, այդ ջերմ ծափողջույնների ներքո էլ բեմ բարձրացավ հեղինակը։
«Հայաստանում իմ սիմֆոնիան Երիտասարդական նվագախմբի կողմից ներկայացնելն ինձ համար հիանալի մի բան է։ Ճիշտն ասած, շատ տպավորված, հիացած և հուզված եմ։ Շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին ֆանտաստիկ աշխատանքի համար։ Այսօր մտածում էի, որ մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են՝ այս բեմում, մեր մշակույթը մեր երաժիշտներն են, որոնց պետք է միշտ քաջալերենք»,- ասաց Սերժ Թանկյանը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեծ ձեռքբերում անվանեց այն փաստը, որ համաշխարհային մասշտաբի ռոք երաժիշտը կարևորում է նաև սիմֆոնիկ ժանրը և գրում սիմֆոնիկ գործեր։ «Սերժ Թանկյանն այն կոմպոզիտորն է, ում երաժշտությունը պետք է շատ հնչի, ում փիլիսոփայության հետ շատերը պետք է հաղորդակցվեն։ Եվ մենք ուրախ ենք Թանկյանի արվեստն ու գաղափարախոսությունը մարդկանց փոխանցելու համար»,- ասաց Սմբատյանը։
Խաչատրյանական փառատոնի շրջանակներում կայացած երեկոյի ընթացքում հնչեց նաև Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ ունեցավ դաշնակահար Լևոն Կարապետյանը։ Դաշնակահարը նշեց, որ ոգևորությամբ էր սպասում խաչատրյանական փառատոնի համերգին. արդեն մեկ տարի սովորել և փորձում է Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը հենց հայաստանյան լսարանին ներկայացնելու համար։ Լևոն Կարապետյանը հայաստանյան ունկնդրի առջև հանդես եկավ չորսամյա ընդմիջումից հետո։ Հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց երիտասարդ և տաղանդաշատ երաժշտի կատարումը՝ իր հիացմունքն արտահայտելով երկարատև ծափողջույններով։ Ի պատասխան չդադարող ծափահարությունների՝ Լևոն Կարապետյանը ներկաների համար կատարեց նաև Առնո Բաբաջանյանի «Էլեգիան»։