Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Մեդիամաքս»-ին տված երեկվա հարցազրույցը նախորդներից առանձնանում է ներկայիս իշխանության նկատմամբ շատ ավելի լոյալ տրամադրվածությամբ: Նշելով միայն, որ «վերջին տարիներին մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել», նա, այնուամենայնիվ, խուսափում է դրանց օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մասին խոսելուց:
Եվ պատճառը ոչ թե այն է, որ դա հարցազրույցի թեմատիկայից դուրս է, այլ` որ այդպիսով Քոչարյանը ձգտում է շատ նրբորեն հասկացնել, թե ներկայիս իշխանությունը նախորդի ժառանգորդն է, և օտարման խնդիր չի կարող լինել: Սա կարելի է ընկալել որպես պատասխան ՀԱԿ-ից հնչող այն մոտեցումների, թե Սերժ Սարգսյանը որդեգրել է քոչարյանական ժառանգությունից ձերբազատվելու, նրանից անջատվելու քաղաքական կուրս: Այս անուղղակի «ուղերձի» մյուս հասցեատերը նաև գործող նախագահն է:
«Արտակարգ իրավիճակը Երեւանում մտցվել է ՀՀ Սահմանադրության համաձայն եւ ճիշտ ըստ նախատեսված ընթացակարգի` այն է` ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո եւ, այնուհետ, հաստատվելով խորհրդարանում»,- մարտիմեկյան անցքերին անդրադառնալիս հիշեցնում է Քոչարյանը` առավել քան թափանցիկ կերպով հասկացնելով, որ ընդունված այդ որոշման պատասխանատուն որքան ինքն է, նույնքան էլ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը և քաղաքական մեծամասնությունը` ի դեմս հանրապետական կուսակցության:
Այսպիսով Քոչարյանը հասկացնում է, որ ինքը պետական իշխանության մյուս թևերի ղեկավարների հետ հավասարաչափ պատասխանատվություն է կրում միայն արտակարգ իրավիճակ հայտարարելու համար և ոչ մի կապ չունի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Բացի դրանից, Քոչարյանը նաև փորձում է սահմանազատվել արտակարգ դրություն մտցնելուց առաջ և հետո Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություններից ու հատկապես 10 զոհերի մահվանից:
«Նախագահն անձամբ չի ղեկավարում փողոցներում կարգուկանոնի վերականգնման գործընթացը, չի կանոնակարգում հատուկ միջոցների օգտագործումը: Դա անում են համապատասխան գործադիր մարմինները` գործող օրենքների շրջանակներում»,- ասում է Քոչարյանը:
Ուշագրավ է, որ նա խոսում է ոչ թե ուղղակի ոստիկանության, այլ «գործադիր մարմնի» մասին: Խնդիրն այն է, որ, չնայած հասարակական կարգի պահպանության և ներքին անվտանգության ապահովման խնդիրը ոստիկանությանն է, սակայն վերջինս գործում է որպես կառավարության առընթեր մարմին: Հետևաբար, 4 անձի սպանության հանգեցրած «հատուկ միջոցների» կիրառության իրավաչափության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ դա ոչ թե իր, այլ գործադիր իշխանության խնդիրն է: Այս ամենը Քոչարյանը դիտարկում է իշխանություն-ՀԱԿ սկսված երկխոսության համատեքստում և փաստացի հասկացնում է, որ երբեք չի համակերպվելու որպես այդ քաղաքական մերձեցման գին՝ քավության նոխազ դառնալու մտքի հետ:
«Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին (համապատասխան պարգեւատրման դիմաց), ապա դա, թերեւս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է»,- նշում է Ռոբերտ Քոչարյանը: Նա չի բացահայտում, թե ինչ նկատի ունի` «համապատասխան պարգեւատրման դիմաց» ասելով: Չի կարելի բացառել, որ պարգևատրում ասելով՝ նա հասկանում է մարտի մեկի գործի վերանայման հաշվին կայացող իշխանություն-ՀԱԿ գործարքում իրեն «զոհաբերելու» հնարավորությունը: Թեև փորձելով սկսված երկխոսության կապակցությամբ արտաքուստ չեզոքություն պահպանել` Քոչարյանը, սակայն, ակնհայտորեն դեմ է նման զարգացումներին: «Փառք Աստծո», որ այդ գործընթացին չեմ մասնակցում»,- ասում է նա:
Բոլոր դեպքերում այս արձագանքն ի հայտ է բերում երեք իրողություն: Նախ` որ Քոչարյանը սկսված երկխոսության ներքո անմիջական վտանգ է տեսնում իր նկատմամբ և փորձում է կանխել իրեն «մանրադրամի» վերածելու հնարավոր ցանկացած փորձ:
Երկրորդ` գործող իշխանության նկատմամբ Քոչարյանի վստահությունն այլևս սասանվել է, և նա երաշխիքներ չունի, որ իրադարձությունները չեն զարգանալու թե իր, թե այսօրվա իշխանության համար ամենավատ սցենարով: Պատահական չէ, որ նա ձեռնպահ է մնում տեղի ունեցող երկխոսության արդյունավետությունն ու նպատակայնությունը գնահատելուց` նշելով, թե մեր իրականության մեջ երկու տարբերակներն էլ` իրական երկխոսությունն ու դրա իմիտացիան, հնարավոր են:
Եվ երրորդ, քաղաքական գործընթացների, զարգացման միտումների վրա նրա ներգործության ռեսուրսները նկատելիորեն նվազել են, այսինքն՝ Քոչարյանի քաղաքական գործոնը փոքրանում է: Դա նկատելի է նաև պատասխանի պաշտպանողական ոճից և տոնայնությունից. այլևս չկա Քոչարյանին բնորոշ կոշտությունը, ուժի դիրքերից խոսելու հակումը: Սա կարևոր ազդանշան է նաև իշխանության և ՀԱԿ-ի համար, որոնք իրենց հետագա հաշվարկներում այն անպայման հաշվի կառնեն:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ