Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերիշխող դիրքի չարաշահման եւ անբարեխիղճ մրցակցային պայմաններ ստեղծելու համար «ԱրմենՏել» ընկերությունը տուգանվել է 600 հազար դրամով:
«Յուրքոմ» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) եւ դժգոհություն հայտնել, որ «ԱրմենՏել»-ն իր բջջային ցանցից դեպի «Յուքոմ» ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը սահմանել է 99 դրամ` բոլոր սակագնային պլանների դեպքում: Այնինչ` իր ֆիքսված ցանց զանգահարելու դեպքում 1 րոպեի արժեքը, կախված սակագնային պլանից, 29.99, 39 եւ 59 դրամ է:
«Յուքոմի» ներկայացուցիչները նշել են, որ նման գործելաոճն անառողջ մրցակցային պայմաններ է ստեղծում, առաջացնում է իրենց բաժանորդների դժգոհությունը` ստիպելով, որ նրանք հրաժարվեն «Յուքոմի» ծառայություններից:
Հանձնաժողովն այս հարցն ուսումնասիրելուց հետո եկել է այն եզրահանգմանը, որ «ԱրմենՏել»-ի նման քաղաքականությունն իսկապես անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում շուկայում, քանի որ այս ընկերությունն ունի որոշիչ դեր. շուկայի ընդհանուր հասույթի 98 տոկոսը պատկանում է նրան, իսկ բաժանորդների թիվը կազմում է 99 տոկոս:
«ԱրմենՏելը» միջնորդություն է ներկայացրել հանձնաժողովին` տեղեկացնելով, որ նախորդ որոշումներում նշված խախտումները ամբողջովին վերացվել են: Ավելին` ընկերությունը, որն այդ որոշումները վիճարկել էր դատական կարգով, հրաժարվել է դատական հայցերից եւ պատրաստվում է վճարել տուգանքները` 100 հազար դրամ` գերիշխող դիրքը չարաշահելու, 600 հազար դրամ` անբարեխիղճ մրցակցության համար:
Այսօր ՏՄՊՊՀ նիստի ժամանակ «ԱրմենՏել»-ի իրավաբան Դավիթ Սանդուխչյանը նշեց, որ վերոնշյալ սակագնային խախտումները վերացվել են 80 տոկոսով, իսկ մինչեւ ամսվա վերջը կփոփոխվեն նաեւ մյուս սակագնային պլանների գները: «ԱրմենՏել»-ի բջջային ցանցից դեպի «Յուքոմ» ֆիքսված ցանց զանգերի մեկ րոպեի գինը կլինի նույնքան, որքան «ԱրմենՏել»-ի ֆիքսված ցանց:
«Մենք մեր դիրքորոշումը գրավոր ներկայացրել ենք, սակայն հավելեմ միայն, որ «ԱրմենՏել»-ը չի հետապնդել մրցակցությունը խափանելու որեւէ նպատակ, եւ սակագների սահմանումը միայն տնտեսական նպատակներ է ունեցել»,- ասաց Դ. Սանդուխչյանը: Սրա վերաբերյալ հանձնաժողովի անդամներից մեկի այն հարցին, թե այս դեպքում արդյո՞ք «ԱրմենՏել»-ն ընդունում է, որ «Յուքոմի» բողոքն արդարացի է եղել, Դ. Սանդուխչյանն ասաց, թե դժվարանում է պատասխանել:
Իսկ «Յուքոմի» իրավաբան Գեւորգ Աթոյանը միայն շնորհակալություն հայտնեց հանձնաժողովին` պահանջը բավարարելու համար` նշելով, թե այդպիսով ոչ միայն համագործակցություն է սկսվում ընկերությունների միջեւ, այլեւ այդ որոշմամբ խթանվում է շուկայի զարգացումը:
Yerkir.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ է «ԱրմենՏել»-ը հրաժարվել դատական հայցերից, Դ. Սանդուխչյանը պատասխանեց, թե այս հարցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ չի ուզում: