Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անապահով խավերի համար ապրիլի 1-ից գազի սակագնի 30% նվազեցումն իրականացվելու է էներգետիկ համակարգի խնայողությունների հաշվին, ոչ թե «Հայռուսգազարդի»։ Գազի գնի նվազում կլինի 49,5 հազ. ընտանիքի համար։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ անապահով խավերի համար ապրիլի 1-ից գազի գինը կնվազի 30%-ով։
Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունում, պատասխանելով «Կապիտալի» հարցին, թե անապահով խավի համար գազի գնի նվազեցման հարցում ի՞նչ է կատարվել, ասացին, որ էներգահամակարգին ուղղված ծրագրեր են տարվում, որոնք այս պահին բյուջետային արտացոլում չունեն։
Իր հերթին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը «Կապիտալի» հարցին, թե անապահով խավերի համար գազի գնի նվազեցումը 30%-ով իրականացվելու է կառավարության սուբսիդավորմա՞ն միջոցով, թե՞ այլ եղանակով, պատասխանեց, որ սակագնի նվազեցումը չի ենթադրում կառավարության կողմից սուբսիդավորման որևէ որոշման ընդունում։
«Մենք ունենք ընտանեկան նպաստներ ստացողների տեղեկատվական բազա, որը տրամադրել ենք «Հայռուսգազարդ» ընկերությանը։ Համատեղ աշխատել ենք այդ բազայի հետ, և տարանջատվել են բնական գազից օգտվող ընտանիքները։ «ՀայՌուսգազարդն» ինքն է կիրառելու գազի գնի իջեցում այդ ընտանիքների համար»,- ասաց նախարարը՝ հավելելով, թե խոսքը միայն անապահով ընտանիքների մասին է, որոնց թիվը մոտ 60 հազ. է։
«Կապիտալին» «Գազպրոմի» մամուլի ծառայությունում հայտնեցին, որ այս տարվա ապրիլի 1-ից գազի նոր գնի շուրջ անցած տարի սկսված բանակցությունները շարունակվում են, և «Գազպրոմը» չի մեկնաբանում բանակցությունների ընթացքը։ Հարցին, թե «Հայռուսգազարդը» համաձայնեցրե՞լ է «Գազպրոմի» հետ անապահով խավի համար ապրիլի 1-ից գազի գնի 30%-ով նվազեցման ծրագիրը, «Գազպրոմում» պատասխանեցին, որ որևէ տեղեկություն չունեն սոցիալապես անապահով սպառողների համար գազն էժանացնելու՝ «Հայռուսգազարդի» ցանկության մասին։
«Բիզնեսի օպերատիվ կառավարումը գտնվում է «Հայռուսգազարդի» իրավասությունների ներքո, և այդ հարցը բաժնետերերի հետ նախապես համաձայնեցնելու կարիք չկա»,- ասացին ընկերության մամուլի ծառայությունում։ «ՀայՌուսգազարդում», սակայն, նշեցին, որ գազի գների նվազեցումը տեղի է ունենալու ոչ իրենց ռեսուրսների հաշվին։
«Էներգետիկ համակարգում կատարված վերազինումների և վերակառուցումների արդյունքում, մասնավորապես՝ Երևանի ջէկի արդիականացման աշխատանքների շնորհիվ առաջացել են խնայված միջոցներ, որոնք կուղղվեն գազի սակագնի աճի մեղմմանը»- ասացին ընկերությունում՝ հավելելով, թե նպաստներ ստացողների տեղեկատվական բազայի ուսումնասիրությունից պարզվել է, որ գազասպառողներ են հանդիսանում 49,5 հազ. սոցիալապես անապահով ընտանիքներ։
Նշենք, որ 2011թ. մարտի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 614,3 հազ. բաժանորդ։ Ստացվում է, որ անապահով խավի ընտանիքների տեսակարար կշիռը ընտանիքների ընդհանուրի թվի մեջ կազմում է 8%։ Եթե հիմք ընդունենք կառավարության հաշվարկները, որոնց համաձայն՝ 2010թ. ապրիլի 1-ից բնակչության համար գազի 37,5% թանկացման արդյունքում սոցիալապես անապահով խավերի համար ամսական լրացուցիչ ծախսերը կազմել են 2,5 հազ. դրամ, ապա սույն կատեգորիայի 49,5 հազ. ընտանիքների հաշվով նրանց էներգետիկ ծախսերի թեթևացման համար կպահանջվի շուրջ 1,2 մլրդ դրամ, իսկ եթե սուբսիդավորումը լինի մինչև 2012թ. ապրիլի 1-ը, ապա կպահանջվի 1,5 մլրդ դրամ։