կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-29 04:46
Առանց Կատեգորիա

Որպեսզի չկրկնվի նախորդ որակումը

Որպեսզի չկրկնվի նախորդ որակումը

Հաշված ամիսներ են մնացել Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին, սակայն, ինչպես վերջին տարիներին է ընդունված, մի տեսակ խաղաղություն է մայրաքաղաքում. ոչ ոք չի խոսում ընտրությունների, քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին: Միայն ինչ-որ շրջանակներում խոսում են հնարավոր մի թեկնածուի մասին, ով, ինչպես ասում են, իշխանության մարդն է, քանի որ ներկա դրությամբ բավականին լուրջ պաշտոն է զբաղեցնում:

 

Եթե այդպիսի մտադրություն ունեն իշխանությունները, նշանակում է, որ իր թեկնածությունը չի առաջադրելու ներկայիս քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, ով, ի դեպ, նաեւ նախագահի բարեկամն է: Իսկ մյուս թեկնածուների մասին դեռ լուրեր չկան, ինչը նշանակում է, որ նախորդ ընտրությունների պես, այս մեկն էլ կլինի հերթական «ճապաղ»-ը:

 

Խնդիրն ամենեւին էլ այն չէ, թե ով է լինելու հաջորդ քաղաքապետը, քանի որ 2004-ի ընտրությունների հետագա տարիները ցույց տվեցին, որ «ժողովրդի ընտրած քաղաքապետը չի կարող լավը լինել», ու այդ պաշտոնը պետք է զբաղեցնի «իշխանության մարդը»: Այդ ամենը մի կողմ դնելով` պետք է խոստովանել, որ հենց այդ ընտրությունների արդյունքներն էին տարիներ շարունակ ժողովրդավարության դրոշակ սարքել նույն իշխանությունները՝ այն պետք եղած դեպքում պարզելով միջազգային հանրության առջեւ, երբ խոսքը գնում էր Արցախում ժողովրդավարության մասին: Նշված դրոշակը 2007-ից  չկա, քանի որ այդ տարվա քաղաքապետի ընտրություններն ամենաճապաղն էին շատերի որակմամբ:

 

Այդ եւ դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունները՝ առանց ընդդիմության, հասցրին նրան, որ ամերիկյան հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Ղարաբաղը որակեց որպես անազատ երկիր՝ հավասարեցնելով հարեւան Ադրբեջանին, որը միշտ էլ անազատ էր որակվում  նույն կազմակերպության կողմից: Ճիշտ է` Ղարաբաղում համաձայն չէին այդ գնահատականին, կազմակերպությանը մեղադրում էին ոչ օբյեկտիվ լինելու մեջ, բայց ոչ ոք չէր հիշում, որ նույն կազմակերպությունը մինչ այդ այլ գնահատական էր տվել, որից գոհ էին այն ժամանակ եւ միշտ պարծենում էին, որ Ղարաբաղը Ադրբեջանից ժողովրդավար է եւ այլն:

 

Այս ամենի ֆոնին ոչ ոք չփորձեց խոսել այն մասին, որ խնդիրն ամենեւին էլ այդ կազմակերպության մեջ չէ, այլ մեր ներսում: Հենց Ղարաբաղում պետք է փոխել այդ ամենը, հենց այստեղ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ երկիրն ավելի ժողովրդավարական դարձնելու համար, որպեսզի գոնե գոհ լինենք այս կամ այն կազմակերպության գնահատականներից, որոնցից ժամանակին ոգեւորվում էինք:

 

Իսկ հնարավորություններից մեկն էլ նորմալ ընտրությունների անցկացումն է՝ քաղաքական տարբեր ուժերի, այդ թվում՝ ընդդիմության մասնակցությամբ: Ճիշտ է մի քանի ամսվա ընթացքում ընդդիմություն չի կարող ձեւավորվել այն երկրում, որտեղ արդեն 4-րդ տարին է ընդդիմություն ասվածը չկա, բայց պետք է լուրջ մտածել ու օգտագործել այս եւ հաջորդ տարի նախատեսվող նախագահական ընտրությունները՝ դրանց հաջորդող խորհրդարանական ընտրությունների պատճառով նորից անազատ որակում չստանալու համար:  Պետք է վերականգնել գոնե Ադրբեջանից ավելի ժողովրդավարական Արցախի երբեմնի համբավը:

 

Անահիտ Դանիելյան