Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակին Թուրքիայում անհնար էր «ցեղասպանություն» բառն արտասանել, թեեւ հիմա էլ հեշտ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքընը, ով Հայաստան է ժամանել իր` Ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմով:
Աքընը նշեց, որ ծագումով թուրք է, ծնողներն էլ են թուրք, ովքեր 60-ականներին տեղափոխվել են Գերմանիա և հաստատվել այնտեղ: Նա առաջին անգամ Հայաստան է այցելել 2010-ին` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Ըստ ռեժիսորի` դեռ այն ժամանակ ինքն իրեն խոստացել է, որ կրկին կայցելի Հայաստան` արդեն Ցեղասպանությանը նվիրված ֆիլմով:
«Այն ժամանակ, երբ եկա Հայաստան, Հայկ Դեմոյանի հետ այցելեցի Ծիծեռնակաբերդ ու մտքումս խոստացա կրկին այցելել այստեղ` արդեն իսկ պատրաստ ֆիլմով: Ֆիլմ նկարելու գաղափարն ունեի, և Հայաստան այցը, կարծես, ֆիլմիս առաջին անկյունաքարը լիներ: Ֆիլմում մի քանի բանալիներ կան, ամենակարևորն այն է, որ ես, իմ ծնողները սերում ենք մի երկրից, որտեղ խոսքի ազատության հետ կապված խնդիրներ կան անգամ այսօր: Ցեղասպանության թեման այսօր էլ տաբու է Թուրքիայում շատերի համար»,- ասաց կինոռեժիսորը` հավելելով, որ իր նպատակն էր ցույց տալ, որ Թուրքիայում քաղաքացիական շարժում կա, և մարդիկ կամաց-կամաց իմանում են ճշմարտությունը: «Այդ շարժումն ակտիվացավ հատկապես Դինքի սպանությունից հետո: Գիտե՞ք` կարծում եմ, որ անցյալը ճանաչելը միակ ձևն է, որ այն այլևս չկրկնվի»,- ասաց Աքընը:
«Սպի» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915 թ.` Հայոց ցեղասպանության ժամանակ: Գլխավոր հերոսը` Նազարեթ Մանուկյանը, կորցնում է ընտանիքը, իսկ տարիներ անց պարզում, որ իր երկվորյակ դուստրերը փրկվել են: Հայրը մեկնում է` փնտրելու իր աղջիկներին և երկար ճանապարհ անցնելուց հետո գտնում նրանցից մեկին` միակին, ով ողջ էր մնացել իր ընտանիքից: