Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատության ծոմի» ողջ ընթացքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզվել է, որ մեր «ընտրանու» մի պատկառելի հատված ո'չ խիղճ ունի, ո'չ առողջ դատողություն:
«Նրանք անկեղծորեն համարում են, որ կարելի է տարիներով չարաշահել ժողովրդի վստահությունը, փորձարկել նրա համբերությունը, քամահրել իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը»,- ասվում է քաղաքական գործչի` այսօր տարածած հայտարարության մեջ, որում, խոսելով իրեն զորակցողների անունից, նա նաեւ իր քաղաքական պահանջներն է ներկայացնում գործող իշխանություններին:
«Քաղաքական անդաստանի իմ հարգարժան գործընկերներ` կառավարող կոալիցիա, ՀՀ գործող նախագահ, իշխող եւ ընդդիմացող դասակարգեր, դուք ցանկանում էիք իմանալ իմ քաղաքական առաջնահերթ պահանջները` ահա դրանք:
Առաջին` ես պահանջում եմ գումարել Սահմանադիր ժողով` Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության հեղինակման եւ ընդունման համար: Երկրի Մայր օրենքը պետք է մշակվի եւ հաստատվի ժողովրդի կողմից, այլ ոչ թե իր որակներով հայտնի Ազգային ժողովում, ինչպես կարծում է հավերժ թագավորել պատրաստվող կուսակցապետական վերնախավը: Ժողովրդի այս պահանջի մերժումը նշանակում է անձնական իշխանությունը վեր դասել ազգային շահերից:
Երկրորդ` ես պահանջում եմ, որ Հայաստանը ճանաչի միջազգային քրեական դատարանի իրավասությունը: Ի՞նչը կարող է ձեզ եւ մեզ սթափեցնել, ո~վ հայ քաղաքական գործիչներ: Մի՞թե լոկ անձնական քրեական պատասխանատվությունը: Եթե մեր ազգային արդարադատությունն անզոր է երկրում ապահովել օրենքների պահպանումն ու մարդու իրավունքների հարգումը, ուրեմն Հայաստանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա դիմելու միջազգային արդարադատությանը: Սույն առաջարկը մերժելու դեպքում ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվություն կրելու հավաստիացումներն ուղղակի դատարկ խոսքեր են:
Երրորդ` ես պահանջում եմ, որ Հայաստանի նախագահը ստորագրության հետկանչով չեղյալ հայտարարի հայ-թուրքական արձանագրությունները եւ պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` սահմանադրորեն ամրակայված նրա սահմաններով: Կարիք չկա ինչ-որ մեկին ապացուցել, որ Հայաստանի կողմից Արցախի միջանկյալ կարգավիճակի «մադրիդյան» ճանաչումն Ադրբեջանի կազմում` մինչեւ նոր հանրաքվեի անցկացումը, հակասում է ԼՂՀ Սահմանադրության տառին ու ոգուն: Ժողովրդի այս պահանջի մերժումը համազոր է արցախցիների կամքի անտեսման»,- հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ժողովրդին կոչ անում միանալ «օտար տերություններից կախյալ ավտորիտար, պլուտոկրատիկ եւ կոռուպցիոն իշխանակարգի դեմ բողոքին» եւ պաշտպանել իր «պարզ ու շիտակ» պահանջները:
Նա նաեւ տեղեկացնում է, որ այդ ամենի մասին ավելի մանրամասն կխոսվի «Ժառանգության» բաց ժողովում, որը տեղի կունենա մայիսի 21-ի կեսօրին կառավարության նիստերի դահլիճում: