Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել: Նա հիմա իր համախոհների հետ Ազատության հրապարակում է:
«Երկիր»-ը քիչ առաջ զրուցեց նրա հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե Հայաստանը եւ հայ ժողովուրդը արտակարգ իրավիճակում են, եւ այդ իրավիճակից դուրս գալու համար արտակարգ լուծումներ են անհրաժեշտ:
Հարցին, թե ինչո՞ւ որոշեց հացադուլ հայտարարել, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.
- Մենք գտնվում ենք այստեղ, որովհետեւ պետք է ահազանգ լինի, որ հայ ժողովուրդն իր պետականությունը կորցնելու վտանգի առջեւ է, պետությունում գլուխ է բարձրացրել կուսակցապետության վտանգը: Եվ այստեղ է, որ յուրաքանչյուր քաղաքացի անգամ զրկանքների գնով պետք է իր ահազանգը բարձրացնի եւ հույս հայտնի, որ գործող իշխանությունները կկարողանան արտահերթ լուծում տալ այս իրավիճակին: Բոլորս էլ գիտենք, որ մեծ սխալի մեջ ենք ապրում` սոցիալ-տնտեսական վիճակը, համաճարակ դարձող աղքատությունը, գնաճը: Սրա աղբյուրն այն է, որ արդեն քանիերորդ անգամ է 1995 թվականից այս կողմ` հայ ժողովուրդը զրկված է իր սեփական իշխանությունը ձեւավորելու հնարավորությունից:
- Որքանո՞վ է իրատեսական, որ այս խնդիրները կլուծվեն եւ ի՞նչ ժամկետներում:
- Ես կարծում եմ, որ այնքանով են իրատեսական, որ երիտասարդ սերունդը պետք է արժանավայել ու ազատ ապրի սեփական երկրում: Ես չեմ համարում, թե դա հեքիաթ է: Յուրաքանչյուրը պետք է իր պայքարը տանի, որպեսզի այդ փոփոխությունները կատարվեն: Եթե չէ, մենք կարող ենք մնալ ճակատագրապաշտ, մտածել, թե մեր երկրում ոչինչ չի փոխվի, թե սա է պետության կարգը, եւ այդպես էլ կմնա:
- Ի՞նչ կփոխվի այս հացադուլի արդյունքում:
- Ես ունեմ ակնկալիք, որ այդ փոփոխությունը մենք միասին կբերենք, դա կպահանջի ժողովուրդը:
- Ձեզ միանալո՞ւ են այլ մարդիկ կամ արդեն միացե՞լ են:
- Զորակցությունը շատ մեծ աշխարհագրություն ունի: Բայց եթե դուք հարցնում եք` հացադուլի մասին, ապա` ոչ, հացադուլը տարածվում է միայն ինձ վրա: Եվ ես չէի ցանկանա, որ որեւէ մեկը միանար:
- Հացադուլը կոչել եք «Ծոմ ազատության»: Ի՞նչ խորհուրդ ունի դա:
- Խորհուրդն այն է, որ պատկառելիությունը, արժանապատվությունը եւ ազատությունը պետք է վերադարձվի մեր ժողովրդին: Սա Ազատության հրապարակն է, որտեղ կերտվել է մեր երկրի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունը Արցախի հետ եւ հայրենիքի ազատագրումը, եւ այդ ազատությունը պետք է վերադարձվի մեր ժողովրդին: Մենք նաեւ Մեծ պահքի շրջանում ենք, եւ այս սուրբ շրջանում ես առաջարկեցի` հանուն ազատության մի մարդ ծոմ պահի:
Նշենք, որ հրապարակում ներկա են տարբեր քաղաքական կուսակցությունների անդամներ եւ տարբեր հայացքների տեր անձինք: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լուսանկարները` Անդրանիկ Լավչյանի