| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Սա երկար շղթայի առաջին օղակն է, մենք միասին դարձյալ պետք է վերադառնանք հրապարակ եւ բեմ` գնահատական տալով երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին: Մեր հետագա պայքարի մեջ չի լինելու առաջամարտիկ եւ հետնապահ, ընդգծված լիդեր եւ անտեսված քաղաքացի»,- Ազատության հրապարակում քիչ առաջ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հոգեւորական Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն օրհնել է հացը, այնուհետեւ Ր. Հովհաննիսյանը խորհրդանշական կերել է այդ հացից` այդպիսով վերջ դնելով երկշաբաթյա հացադուլին:
«Նախ` անտեսում են քեզ, հետո` արհամարհում, հետո հարձակվում են քեզ վրա, բայց դու հաղթում ես»,- այսպես է սկսել հացադուլն ավարտելու իր ճառը Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նշել, որ 360 ժամ առաջ ինքը հրապարակ մտավ որպես հպարտ, բայց իրավազուրկ քաղաքացի, նաեւ հավելել է, որ իր երկշաբաթյա ծոմը նվիրում է Հայաստանի ու Արցախի անկախության 21-ամյակին:
«Ժառանգության» առաջնորդը նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում փոփոխություն չի տեսել իշխանության վարքագծում, բայց ժողովրդի մոտ տեսել է:
Նա օրակարգային է համարել ներքին ժողովրդավարության հաստատումը, Արցախի ճանաչումն ու արձանագրությունների հետկանչը:
Ր. Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ հացադուլի ողջ ընթացքում իրեն այցելել են հազարավոր քաղաքացիներ` անկախ քաղաքական դիրքորոշումից եւ սոցիալական դիրքից:
«Իմ ցավն այն է, որ ուրիշներին եմ ցավ պատճառել, ես ցավ ու քաղց չեմ զգում, ես ունեմ իմ ներքին ժամանակացույցը եւ ողնաշարը: Ես չեմ սպասում, որ կգա ինչ-որ աշխարհիկ կամ հոգեւոր ղեկավար եւ կխնդրի դադարեցնել հացադուլը»,- հայտարարել է նա: