Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, փաստորեն, գիտեր, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ է ուզում, սակայն նրա համար «ուղղակի անհասկանալի էր այդ ուզելու հանկարծակիությունը»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա «Ժառանգության» ղեկավարի քայլը որակեց որպես ակցիա, որն ուղղված էր ոչ թե իշխանությունների, այլ հասարակության ուշադրությունը հրավիրելու առկա խնդիրներին, որոնք, պատգամավորի կարծիքով, այնքան էլ օրհասական չեն, որ նման հուսահատ քայլի հանգեցնեին: Այդ առումով, Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը նրա համար ընկալելի չէ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ խոստովանեց, որ «հոգու խորքում գուցե կցանկանային, որ շատ ավելի մեծ ցնցում լիներ, եւ իշխանությունն ուղղակի սկսեր այդ խնդիրները լուծել»:
«Ես սպասում էի ոչ այնքան իշխանությունների մոտենալուն, այլ ակնկալում էի, որ նրանք այդ խնդիրները լուծեին»,- ասաց Ս. Սաֆարյանը` հավելելով, որ այդ հարցերը «Ժառանգությունը» 4 տարի շարունակ բարձրացրել է, դրանց լուծումների վերաբերյալ ներկայացրել սեփական պատկերացումները, սակայն ոչ միայն այդ խնդիրների լուծումները չի ստացել, այլեւ դրանցից շատերը չեն մտել ԱԺ օրակարգ, եւ խորհրդարանն օպերատիվ չի արձագանքել հասարակության ներսում առկա օրախնդիր հարցերին:
Ահա այդ պատճառով «բոլորս գնացել ենք հրապարակ, որովհետեւ իսկապես հասարակության ահազանգը հնչեցնելու խնդիր կար եւ ակնկալիք, որ իշխանությունը վերջապես քաղաքացու խնդիրը կդնի սեփական օրակարգում»:
Սաֆարյանը նաեւ արձագանքեց ՀԱԿ-ի եւ նրան սպասարկող մամուլի կողմից հնչած քննադատություններին: «Քահանան օրհնել է նրա պայքարը` որպես քաղաքացի»,- ասաց նա` շեշտելով, որ քահանայի ներկայությունը ամենեւին կրոնական ծես չի ենթադրում. «Տեր Գրիգորն այնտեղ է եղել 15 օրերի ընթացքում, աղոթել է նրա համար` առավոտյան եւ երեկոյան»:
Ինչ վերաբերում է հացադուլի պատվիրված լինելուն, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ այս օրերն իսկապես ցույց տվեցին` «ում մտքում, ում սրտի մեջ եւ ում հոգու խորքում ինչ կա»:
Պատգամավորը խոսքն ավարտեց ՀԱԿ-ին ուղղված մաղթանքով. «Ի տարբերություն իրենց, մենք սատանայի կործանում չենք մաղթում իրենց, այլ ուղղակի ասում ենք` Աստված ձեզ հետ, շարունակեք ձեր ճանապարհը»: