կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-15 05:40
Տնտեսական

Ի պաշտպանություն գյուղացու շահերի

Ի պաշտպանություն գյուղացու շահերի

Այսօր կառավարության նիստում փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ, երբ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացնում էր գարնան ինքնահոս ջրերը գյուղացիական տնտեսություններին անվճար հիմունքներով մատակարարելու հարցը:

Երբ նա նշեց, որ ոռոգման կազմակերպությունների հետ պայմանագրեր են կնքել շուրջ 200 հազար գյուղացիական տնտեսություններ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վրդովվեց: Նա նշեց, որ մի գյուղում հարեւաններից մեկն օգտվում է այդ արտոնությունից, մյուսը` ոչ: «Նույն գյուղում դժվար թե այդպես լինի»,- ասաց Անդրեասյանը:

Ի պատասխան, նախարարը նշեց, որ եթե ջուրը տալիս են, բոլորին պետք է տան, եթե ոչ` ոչ մեկին. «Խոստումներ են տվել, որ աշխատանքները պիտի ավարտեն մինչեւ ապրիլի 10-ը, բայց այսօր ապրիլի 14-ն է, եւ ոչ մի փոփոխություն չի կատարվել: Սածիլման աշխատանքներն արդեն սկսվել են, գյուղացիները մասսայաբար բողոքում են, եւ մենք չենք կարողանում այդ խնդիրները լուծել»:

«Բոլոր հավաստիացումներն այնպիսին են, որ պիտի հասցնեն»,- իր հերթին նկատեց Անդրեասյանը:

Գյուղնախարարն առաջարկեց որոշման մեջ փոփոխություն մտցնել եւ առաջին ջուրը բոլորին ձրի տալ:

«Ի՞նչ գումարի մասին է խոսքը, պարոն Կարապետյան, առաջարկության գինն ինչքա՞ն է»,- հարցրեց վարչապետը:

«Առաջարկության գինը պարոն Անդրեասյանը ներկայացրեց 800 միլիոն: Իհարկե, ես չեմ կարող ասել` այդ գումարը ճիշտ է, թե ոչ, բայց եթե ճշմարիտ հաշվարկներ կատարենք, այդքան մեծ գումարներ չի կազմի»,- նկատեց Ս. Կարապետյանը:

Ի պատասխան, Ա. Անդրեասյանը նշեց. «Պատրաստ ենք ճշմարիտ հաշվարկներ կատարել պարոն նախարարի հետ»:

«Աշխատեք պարոն Կարապետյանի հետ, թող պարոն Կարապետյանը լինի այդ ֆինանսական հաշվարկների սեփականատերը»,- առաջարկեց վարչապետը:

Նիստից հետո լրագրողները Սերգո Կարապետյանից հետաքրքրվեցին Անդրանիկ Անդրեասյանի հետ ունեցած հակասության մասին: Գյուղնախարարը պատասխանեց, որ նրա հետ հակասություն չունի. «Սրանք աշխատանքային քննարկումներ են: Երկուսս էլ պաշտպանում ենք գյուղացու շահերը»: