կարևոր
841 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-07 21:38
Քաղաքական

Պատերազմի դադարեցում ու Թել Ավիվի շահերի պաշտպանություն. ինչպես է Թրամփը փորձելու այս 2-ը զուգակցել

Պատերազմի դադարեցում ու Թել Ավիվի շահերի պաշտպանություն. ինչպես է Թրամփը փորձելու այս 2-ը զուգակցել

Լիբանանում հրադադարը դեռ տեսանելի չէ. Արվարձանների նկատմամբ երբեմն սաստկանում են հարձակումները, երբեմն՝ մեղմանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Լիբանանում հրապարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նրա փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփն ընտրվելը հարցում հակասական մոտեցումներ կան։

«Թրամփն ասել է, որ պատերազմներին վերջ կտա, մյուս կողմից նաև հայտնի է, որ նա գերադասում է Իսրայելի շահերը, Նեթանյահուի հետ ունի մոտ հարաբերություններ, հայտնի է նախապես Երուսաղեմը հայտարարել է Իսրայելի մայրաքաղաք համարելու, ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու հայտարարություններով։ Մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է համատեղվի պատերազմի դադարեցումն ու Թել Ավիվի շահերի պաշտպան լինելը»,- նշել է Գանտահարյանն ու միաժամանակ ուշագրավ գնահատելով նրա հայտարարությունները Արցախում իրականացված էթնիկ զտումների մասին։

«Ըստ էության՝ այստեղ էլ էթնիկ զտումներ են իրականացվում։ Գազայում և Հարավային Լիբանանում ժողովրդագրական պատկեր է փոխվում։Սրանք հարցականներ են ու չեմ կարծում, որ միանշանակ կարող ենք խոսել առնվազն Միջին արևելյան տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմաքաղաքականության կտրուկ փոփոխության մասին», - ասաց Գանտահարյանը։

Նրա դիտարկմամբ՝ չպետք է մոռանալ, որ ԱՄՆ ռազմաքաղաքականությունը կամ աշխարհաքաղաքականությունը միշտ չէ, որ պայմանավորված է այս կամ այն քաղաքական ուժով կամ այս կամ այն նախագահով։ Պետք է հիշել որ Միացյալ Նահանգների պաշտպանական համակարգը, անվտանգային համակարգը հայեցակարգեր են հրապարակում քսանամյա կտրվածքով, որտեղ ընդհանուր միտումների գործընթացների մասին հրապարակային հայտնում են։

«Այդ առումով չեմ կարծում, որ կտրուկ շրջադարձային միանգամայն փոփոխությունների ականատես կլինենք», - ասաց պարբերականի խմբագիրը՝ նշելով, որ հնարավոր են ոճային, դեկլարատիվ փոփոխություններ, գուցե նաեւ ակտիվանան բանակցությունները, բայց կարճաժամկետ կտրվածքով կտրուկ շրջադարձային փոփոխություն, ըստ նրա, դժվար թե լինի։

Աղբյուր` Փաստինֆո