Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել` ՀՀ ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
Մայրաքաղաքի և մարզերի ավելի քան երկու տասնյակ վերամշակող ընկերությունների ղեկավարների հետ «Երևան գարեջուր» ՓԲԸ-ում անցկացված խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության և ֆինանսների նախարարները, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ովքեր ներկայացրել են ագրովերամշակող արդյունաբերության և մթերումների կազմակերպման ընթացիկ խնդիրները, հարկային, մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են տարբեր ոլորտների, այդ թվում` ագրովերամշակման ոլորտի մասնավոր տնտեսությունների համար զարգացման նպաստավոր պայմանների ապահովմանը:
Հանդիպման սկզբում նախագահը նշել է, որ հանրապետության խոշոր տնտեսվարողների և հարկատուների հետ իր նախաձեռնած հանդիպումները նպատակ ունեն անմիջականորեն տնտեսվարողների հետ քննարկել իրենց խնդիրները, խոսել տարբեր ոլորտների ընկերությունների ներկայի և ապագայի, զարգացման ծրագրերի, նաև կառավարության հետ համագործակցության մասին: Երկրի ղեկավարի խոսքով` հանդիպումների ընթացքում իր կողմից կարևորվել և այսուհետ էլ կարևորվելու են պետական եկամուտների կոմիտեի հետ աշխատանքներն ու ընդհանրապես, հարկային մուտքերի հետ կապված ամբողջ գործընթացը:
«Գործընթաց ասելով` նկատի չունեմ զուտ միջոցների ներգրավում պետական բյուջե, այլ այդ գործընթացի պարզեցում, տնտեսվարողների համար ավելորդ հոգսերից ձերբազատում` ակնկալելով, որ տնտեսվարողներն իրենք գիտակցաբար կանեն առավելագույնը, որպեսզի իրենց հարկային պարտավորությունները կատարեն, քանի որ մենք եկամուտների, թոշակներ, աշխատավարձեր վճարելու, պաշտպանության ծախսեր կատարելու այլ աղբյուրներ չունենք: Դրա համար էլ այս գործընթացում մենք կարևորում ենք նշված ծախսերի կատարման առումով որևէ ռիսկ չստեղծելը:
Հանքարդյունաբերողների և բանկիրների հետ հանդիպումներից հետո ես ցանկացա, որպեսզի հերթական հանդիպումը լինի վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների, սեփականատերերի հետ, որովհետև մենք, իրոք, ամեն տարի հանդիպում ենք, խոսում գյուղմթերքի իրացման, գյուղացիական տնտեսությունների հետ աշխատանքների մասին: Բայց կարծում եմ, որ այդպիսի հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեն, եթե տեղի ունենան ոչ թե արդեն ամռան վերջին, աշնան սկզբներին, երբ անհրաժեշտ է մթերումները կազմակերպել, երբ կան ժամանակային ճնշումներ, և հնարավոր չի լինում որոշակի խնդիրներ լուծել, այլ հիմա, երբ իսկական ժամանակն է, որպեսզի մենք փորձենք քննարկել նաև այն խնդիրները, որոնք ծառացած են ձեր ընկերությունների առջև:
Շատ լավ տեղյակ եմ, որ պարբերաբար հանդիպում եք գյուղնախարարի հետ: Գյուղնախարարը նախկինում լինելով ձեր ոլորտից, կարծում եմ, լավագույնս տիրապետում է այն խնդիրներին, որոնք գոյություն ունեն ոլորտում: Վստահ եմ, որ հիմա հատկապես վերամշակողների համագործակցությունը կառավարության, կոնկրետ՝ գյուղնախարարության հետ, լինելու է ավելի արդյունավետ:
Մեր պայմանավորվածությունները չեն փոխվել, և այս ընթացքում կառավարությունը և, իհարկե, առաջին հերթին գյուղնախարարությունը լինելու են ձեր աջակիցը: Բոլոր խնդիրների առումով, գյուղնախարարությունը հանդես է գալու որպես պատրաստակամ գործընկեր, իսկ աշնանը, ինչպես նախորդ անգամ ենք խոսել, պետությունը կանգնելու է գյուղացու կողքին:
Մենք մշտապես կարևորել ենք մի քանի դրույթներ, և այսօր ցանկանում եմ այդ դրույթները մեկ անգամ ևս բարձրաձայնել, որպեսզի մեզնից որևէ մեկը չմոռանա դրանց մասին: Սկսենք նրանից, որ անընդունելի է, երբ դուք պայմանագրեր եք կնքում գյուղացիների հետ, այնուհետև, կապված իրավիճակից՝ բերքի քանակից և այլն, սկսվում են որոշակի քննարկումներ գների վերաբերյալ: Եվ մի տեսակ տարօրինակ պատկեր է ստացվում, երբ երկու հարևան մարզերում, որոնք իրարից էապես չեն տարբերվում, մենք գրանցում ենք գյուղմթերքի տարբեր գներ:
Կարծում եմ՝ սա ճիշտ չէ: Կարծում եմ, որ ամենաճիշտ մոտեցումն այն է, երբ հենց սկզբից սկսեք պայմանագրերի կնքումը, որպեսզի մարդկանց համար պարզ լինի, թե իրենց արտադրանքն ի՞նչ գնով են վաճառելու, նաև ձեզ համար պարզ կլինի ձեր ապագայի ծրագրերը կազմելու համար: Հասկանում եմ, որ յուրաքանչյուր ապրանք, այսպես ասած, երկու գին ունի` մեկը՝ վաճառողի, մյուսը՝ գնողի համար: Գնողը ցանկանում է ավելի էժան գնել, վաճառողը ցանկանում է ավելի թանկ վաճառել: Բայց երկու պարագայում էլ և՛ գյուղացիները, և՛ տնտեսվարողները պետք է կարողանան օպտիմալ գին ամրագրել, որպեսզի մի կողմից՝ հաջորդ տարի ևս գյուղացին շահագրգռված լինի, մթերք աճեցնելու հնարավորություն ունենա, մյուս կողմից էլ` դուք հնարավորություն ունենաք հաջորդ տարվա բերքը մթերելու և շահույթով աշխատելու: Այսինքն, այս գործընթացն անպայման պետք է լինի երկկողմանի:
Կարծում եմ, որ մենք, գոնե եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի պետք է հասնենք նրան, որ բոլոր տնտեսվարողները, վերամշակողները կարողանան ունենալ իրենց նախնական գնահատականները մթերվող բերքի քանակի վերաբերյալ և, ըստ այդմ, ունենան պայմանագրեր: Պայմանագրերն անհրաժեշտություն են: Վստահեցնում եմ ձեզ, եթե մի տարի մեզ հաջողվի գյուղացիների հետ մթերվող արտադրանքի ծավալի չափով պայմանագիր կնքել, ապա հաջորդ տարի գյուղատնտեսական արտադրանքն անպայման ավելանալու է: Իսկ գնալով վերամշակող ձեռնարկությունների քանակն է ավելանում, հզորություններն են մեծանում, փառք Աստծո, պահանջարկն էլ շատ է:
Երևի, մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ շրջանառու միջոցների որոշակի հարցեր լուծել, որպեսզի այս անիվն սկսի մեծ թափով պտտվել: Որքան վերամշակողի հետ խոսել եմ, միշտ ասում են՝ իրացման խնդիր չկա, եթե իհարկե, կատակլիզմները չհաշվենք և մի կողմ թողնենք, որ ճգնաժամի արդյունքում կոնյակի իրացման ծավալները քչացան, բայց այսօր, կարծես, հասնում ենք 2008թ. մակարդակին, երբ ամենամեծ ծավալներն էին: Այսինքն, ուզում եմ ասել, որ դուք նաև առաքելություն ունեք` խթանելու գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը և ոչ միայն նրա համար, որպեսզի կարողանանք ավելի մեծ քանակով մթերք վերամշակել, արտահանել, շահույթ ստանալ, այլ նաև այն պատճառով, որ մթերքի արտադրությունը կտրականապես կազդի գնաճի մակարդակի վրա: Սա էական հանգամանք է:
Ես պայմանավորվել եմ վարչապետի հետ, որպեսզի ինքն անձամբ զբաղվի ձեր խնդիրներով մինչև աշուն: Աշնանը վարչապետի և, իհարկե, գյուղնախարարի հետ միասին կհավաքվեք և արդյունքներն ի մի կբերեք: Կարծում եմ, որ այն ժամանակ մենք ավելի հստակ կարող ենք խոսել մեր կատարած աշխատանքի և արդեն տարվա կտրվածքով որոշակի արդյունքների մասին:
Մեր այսօրվա խորհրդակցությանը, մյուս խորհրդակցությունների նման, մասնակցում է նաև պետական եկամուտների կոմիտեի նախագահը: Կարծում եմ, որ պարոն Խաչատրյանն իր ելույթի ընթացքում կանդրադառնա նաև այն բարեփոխումներին, որոնք այսօր իրականացվում են համակարգում և այն խնդիրներին, որ կան կոնկրետ ոլորտում, որի ներկայացուցիչներն եք դուք: Ինչպես նշեցի, այդ փոփոխությունները միտված են կանոնակարգելու դաշտը, միտված են նրան, որպեսզի ավելորդ քաշքշուկներից ձեզ ձերբազատենք, որպեսզի ավելի քիչ ժամանակ ծախսեք պետեկամուտների հետ հարաբերությունների կարգավորման վրա և ձեր թանկագին ժամանակն ուղղեք ավելի շատ արտադրանք թողարկելու վրա»,- ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է նախագահը:
Այնուհետև հանդիպման մասնակիցները երկրի ղեկավարի հետ քննարկել են ոլորտի խնդիրներն ու զարգացման խոչընդոտները, նաև` դրանց լուծմանն ուղղված առաջարկները. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: