կարևոր
2110 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-05 16:42
Քաղաքական

Գյուղացու խորացող իրական խնդիրների ֆոնին, ասում են, որ ամեն ինչ լավ է և կա զարգացում․ Արման Ղազարյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի ելույթը՝

«Գյուղատնտեսությամբ զբաղվող բազմաթիվ քաղաքացիներից շարունակաբար ստանում ենք բողոքներ՝ չլուծվող օբյեկտիվ և առաջնային խնդիրների մասին։

Մասնավորապես, վերջին հանդիպումների ընթացքում հիմնականում բարձրաձայնվում են գյուղմթերքի իրացման ոչ բավարար ծավալները, պահեստավորված գյուղմթերքի փչանալու տեսանելի ռիսկերը, ինքնարժեքից ցածր վաճառքի գները և, որ ամենակարևորն է այս խնդիրների նկատմամբ պետական պատկան մարմինների բացահայտ անտարբերությունը։

Հետևանքը ևս չի ուշանում․ գյուղաբնակ մեր հայրենակիցների սոցիալական վիճակը գնալով ծանրանում է, հատկապես՝ ձմռան ամիսներին եկամուտների նվազման և ծախսերի ավելացման ֆոնին։

Փաստորեն, գյուղացին մենակ է մնացել՝ իր սոցիալական և տնտեսական խնդիրների առջև։

 Փոխարենը՝ իշխանությունները անընդհատ խոսում են ինչ-որ վերացական աջակցության ծրագրերի մասին, բերում են վիճակագրական նկարված ցուցանիշներ։ Այլ կերպ ասած՝ գյուղացու խորացող իրական խնդիրների ֆոնին, ասում են, որ ամեն ինչ լավ է և կա զարգացում։

Իսկ իրականում, մեր տնտեսության ողնաշարը կազմող գյուղատնտեսության ճյուղը մատնված է անտարբերության և գտնվում է ազատ անկման մեջ՝ իր բոլոր բացասական երկարաժամկետ հետևանքներով։

Ընդ որում՝ գյուղատնտեսության ամկում ապրող ոլորտը կազմում է մեր երկրի ՀՆԱ-ի շուրջ 12 տոկոսը և ապահովում է բնակչության եկամտաբեր զբաղվածության շուրջ 35 տոկոսը։

Որպես ամփոփում․ գյուղատնտեսությամբ ապրող մեր բազմաթիվ հայրենակիցների արդարացի դժգոհությունները հաշվի առնելով՝ ևս մեկ անգամ արձանագրում եմ․

գործող իշխանության կողմից բազմիցս բարձրաձայնվող գյուղատնտեսական աջակցությունը համարժեք չէ ավելացող խնդիրների լուծմանը, ծախսվող պետական միջոցները չեն հասնում նպատակին և փոշիանում են, գյուղացու սոցիալական խնդիրներն ու գյուղական աղքատությունը խորանում են, իսկ ոլորտը գտնվում է կայուն անկման մեջ։»