Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարզային այցելությունների ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ զրույցներից, համայնքներում քննարկումներից հետո եկել եմ եզրահանգման, որ այս պահին մարդկանց հուզող առաջնային խնդիրներից մեկը գյուղատնտեսական տեխնիկայի և մեքենաների շահագործման թույլտվության հարցն է։
Նոր պարեկային ծառայության ի հայտ գալուց հետո գյուղացիները չեն կարողանում շահագործել իրենց տրանսպորտային միջոցները՝ տուգանքներից խուսափելու նպատակով։
Խնդիրը վերաբերում է թղթաբանությանը, փաստաթղթերի բացակայությանը։ Սակայն, պետք է նկատի ունենալ, որ գյուղտեխնիկան և տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել դեռևս խորհրդային միության ժամանակաշրջանից, նրանցից որոշները մարդկանց փոխանցվել են պապից, հորից՝ առանց սեփականության փաստաթղթերի։
Խոսքը վերաբերում է նաև մի շարք տրանսպորտային միջոցների, որոնք խորհրդային միության արտադրանք են և չունեն համապատասխան փաստաթղթեր։
Նոր տեխնիկա ձեռք բերելը, ինչպես գիտենք, թանկ հաճույք է համայնքների բնակիչների համար։
Իսկ լիզինգային վարկավորման միջոցով գյուղտեխնիկայի ձեռքբերումը, մեղմ ասած, ձեռնտու չէ և կարող է ահռելի ֆինանսական բեռ դառնալ։
Խնդիրը հրատապ է, և այն չլուծելու դեպքում գյուղատնտեսական աշխատանքները կաթվածահար կլինեն։
Ունենք համայնքներ, որտեղ ընդամենը մեկ տրակտոր կամ կոմբայն է առկա, և եթե թույլ չտրվի դրանց շահագործումը, կտուժի ողջ համայնքը, հետևաբար՝ գյուղատնտեսությունը։
Հատկապես սահմանամերձ համայնքներում, որոնք թշնամու նշանառության տակ են և առանց այդ էլ բարդ է գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը, չպետք է ստեղծվեն հավելյալ խոչընդոտներ։
Գյուղատնտեսական աշխատանքներն արդեն մեկնարկել են, հարկավոր է իրականացնել հրատապ միջոցառումներ այս ուղղությամբ։
Ամեն օրը և ժամը թանկ է։ Հապաղելու ժամանակ չունենք։
Անհրաժեշտ է համայնք առ համայնք հաշվառել առկա գյուղատնտեսական տեխնիկան և տրանսպորտային միջոցները։
Վերջերս, համայնքներից մեկում հաշվեցի մոտավորապես 50-60 այսպիսի միջոց։ Ողջ ՀՀ տարածքում հաշվառում իրականացնելու դեպքում կունենանք հազարավոր տրանսպորտային միջոցներ, որոնք շահագործվում են գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։
Հաշվառումից հետո հնարավոր կլինի իրականացնել նաև տեխզննում։
Ինչն էլ, կնպաստի գյուղտեխնիկայի անխափան և հնարավորինս երկար շահագործմանը։
Բազմիցս նշել եմ, որ գյուղատնտեսությունը ռազմավարական նշանակության ոլորտ է։
Այն պահանջում է ամենօրյա աշխատանք և հոգատարություն։
Պետությունը, պատկան մարմինները պետք է ամեն կերպ խրախուսեն գյուղացուն և հնարավորություն տան զբաղվելու իր աշխատանքով, ոչ թե խոչընդոտեն՝ բյուրոկրատական քաշքշուկների մեջ գցելով, տույժ ու տուգանքների ենթարկելով։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ