կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-07 02:35
Առանց Կատեգորիա

Լալա Մնացականյանը մեղադրեց լրագրողներին

Լալա Մնացականյանը մեղադրեց լրագրողներին

«Տաշիր 2010» «բնակարանային» մրցանակաբաշխությունը դեռ քննում եւ քննարկում են տարբեր ամբիոններում, սակայն ինչ-որ ժամանակ անց խոսակցությունները կդադարեն` ինչպես միշտ:

Այս անգամ էլ ասուլիսի էին հրավիրված դերասանուհի Լալա Մնացականյանը, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը եւ գրող Հովհաննես Գրիգորյանը: Նրանք հայտնեցին իրենց կարծիքը` վիճելով ե'ւ լրագրողների, ե'ւ ասուլիսը վարողի, ե'ւ միմյանց հետ:

Ծատուրյանը ընտրեց ճիշտ մարտավարություն` գրեթե շրջանցեց թեման` ցույց տալով, որ կան ավելի հրատապ խնդիրներ:

«Ես միշտ ասել եմ, որ պետք է տալ բողկի մեդալ` ամենավատ գործունեության համար: Բացի այդ, ժողովո'ւրդ, արվեստի անկումը եւ ճաշակի անկումը ավելի կարեւոր հարց է, քան` նվիրատվության այս տեսակը քննարկելը»,- ասաց Ծատուրյանը:

Հովհաննես Գրիգորյանը մի պարզ ճշմարտություն ասաց. «Միշտ էլ այսպես է եղել, ու եկեք քննադատելու փոխարեն` հարցի լուծման տարբերակները գտնենք»: Ինքն ասաց, ինքը լսեց:

Բայց ինչ տարբերակների մասին է խոսքը, չէ՞ որ ավելի հեշտ է մեղադրել ինչ-որ մեկին, քան` ելք առաջարկել: Բանը հասավ նրան, որ երկրում ստեղծված իրավիճակի, այն, որ անճաշակությունն ամենուր է, մի խոսքով` ստեղծված քաոսի համար Լալա Մնացականյանը մեղադրեց լրագրողներին:

«Լրագրողները միայն գրում են, սա ինչ ասաց, նա ինչ ասաց ու չեն ասում, թե ով է ճիշտ»,- ասաց տիկին Մնացականյանը` մոռանալով, որ առանց իր ասելու էլ` թերթերին հերթով դատում են: Կամ ինչ ասել է` «չեն ասում` ով է ճիշտ», այսինքն` ես` անփորձ լրագրողս, կամ` քիչ, թե շատ փորձ ունեցողս ընթերցողների «վզի՞ն փաթաթեմ» կարծիքս: Շնորհակալ լինենք Լալա Մնացականյանին, որ լրագրողների մասին այդքան մեծ կարծիք ունի:

Ի դեպ, լրագրողի` բանախոսի այս կամ այն հատվածն ընտրելն ու մեջբերելը, եւ նյութը կառուցելու ձեւն արդեն իսկ գնահատական է: